ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում տեսական ու գործնական պարապմունքներին զուգընթաց, ընթանում են ուսումնական տարվա մարտական պատրաստության պլանով նախատեսված լայնամասշտաբ միջոցառումներ, որոնց նպատակը զորամիավորման մարտունակության ամրապնդումն է: Ամփոփվեցին զինծառայողների մարտական պատրաստականության, մարտական պատրաստության ու զինվորական կարգապահության եռամսյա արդյունքները, տեղի ունեցան մարտավարական և հրամանատարաշտաբային զորավարժություններ:
Հրամանատարաշտաբային զորավարժությունում ընդգրկված էին զորամիավորման և ենթակա զորամասերի շտաբներն ու ստորաբաժանումները: Զորամասերը համապատասխան ազդանշանով բերվեցին մարտական պատրաստականության «Բարձր» աստիճանի: Կազմակերպվեց երթ դեպի կենտրոնացման շրջան: Բացազատվեցին վրանային ավաններ, ուր յուրաքանչյուր ստորաբաժանում հստակորեն կատարեց իր առջև դրված մարտական խնդիրը: Ստացվեց խնդիր` անցնել պաշտպանության, որը զորամիավորումը հաջողությամբ իրականացրեց: Քարտեզների վրա հետագա միջոցառումների ճշգրտումից հետո զորամիավորումը լիովին կատարեց իր առջև դրված հաջորդ մարտական խնդիրը` կազմակերպել հակահարված, հետ շպրտել մեր առաջնագծի ուղղությամբ մխրճված պայմանական հակառակորդին:
Զորավարժության ընթացքին հետևում էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Նա ընդհանուր առմամբ բարձր գնահատեց պլանավորված գործողությունների կատարումը, իր հարցադրումներով ու դիտարկումներով օգնեց զորավարժության մասնակից սպաներին մարտական խնդիրներն իրագործելուց առաջ մեկ անգամ ևս կատարել ճշտումներ, համակողմանիորեն վերլուծել ստեղծված իրադրությունը, անել անհրաժեշտ հետևություններ:
Հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքները ցույց տվեցին, որ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումը կարող է ամբողջությամբ կատարել իր առջև դրված մարտական խնդիրը:
ՏԱՆԿԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մարտական պատրաստության պլանով նախատեսված մարտական հրաձգությամբ վաշտային մարտավարական զորավարժության ժամանակ տանկային վաշտը «Տագնապ» ազդանշանով բերվեց մարտական պատրաստականության «Բարձր» աստիճանի: Սահմանված ժամանակամիջոցում ձևավորվեց շարասյուն, և կազմակերպվեց երթ դեպի կենտրոնացման շրջան: Այստեղ վաշտը նախապատրաստվեց զորավարժության:
Պաշտպանական մարտի կազմակերպման ժամանակ ընդունվեց որոշում, ըստ որի` ստորաբաժանումներին առաջադրվեցին մարտական խնդիրներ:
Անցկացվեց տեղազննում, կազմակերպվեց կրակի համակարգի փոխգործակցություն: Մարտի համակողմանի ապահովման նպատակով մշակվեց վաշտի հենակետերի ուրվագիծ, որից հետո վաշտը նախապատրաստվեց մարտական խնդրի կատարմանը: Գումարտակի հրամանատարը վաշտի հրամանատարին տվեց մարտական խնդիր, ծավալվեցին մարտին նախապատրաստվելու աշխատանքներ:
Պաշտպանական մարտի վարումն անցավ կազմակերպված և բարձր մակարդակով:
Զորքը պաշտպանության անցավ ըստ մարտակարգի, ստեղծվեց կրակային համակարգ: Հերթապահ միջոցների կրակով կանխարգելվեցին հակառակորդի առաջխաղացումն ու բացազատումը: Տանկային վաշտը հաջողությամբ ետ մղեց հակառակորդի գրոհը, ապա հետապնդեց նահանջող հակառակորդին: Թիրախների ստուգման ժամանակ պարզվեց, որ տանկային վաշտն արձանագրել է խոցման բարձր արդյունքներ: Տանկային վաշտի հրամանատար կապիտան Կարապետյանը նշեց, որ ծխաքողարկումը, պարտադրված նահանջն ու հակագրոհը լավ էին կազմակերպված:
Զորամասի հրամանատար փոխգնդապետ Ժ. Խոյլունցը զորավարժության «լավ» գնահատականը բնական է համարում, քանի որ դրան նախորդած տանկի վարման ու կրակային պատրաստության պարապմունքներում զորամասի անձնակազմը ցուցաբերել էր գոհացուցիչ արդյունքներ:
ԵՌԱՄՍՅԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ
Եռամսյա արդյունքների ամփոփմանը զորամիավորման հրամանատարի տեղակալներն իրենց զեկույցներում նշեցին ձեռք բերված հաջողություններն ու առկա խնդիրները: Զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը մանրակրկիտ անդրադարձավ հարցերի այն շրջանակին, որոնց շուտափույթ լուծմամբ էականորեն կբարձրանա զորքերի ծառայության, զինվորական կարգապահության, մարտական պատրաստության ու մարտական պատրաստականության վիճակը: Նրա դիտողություններն ու հրահանգներն ուղղված էին «Ամեն ինչ` սպայի խնդիրները բարելավելու, նրանից ավելի բարձր ծառայողական որակ պահանջելու, զինվորի ծառայությունը արդյունավետ ու նպատակային դարձնելու, արժանավորներին խրախուսելու համար» սկզբունքի իրագործմանը: Ըստ արժանվույն գնահատվեց ենթակա զորամասերի ուժերով բարձր մակարդակով իրականացված մարտական հերթապահությունը: Պաշտպանության նախարարի, ինչպես նաև զորամիավորման հրամանատարի հրամաններով մի շարք զինծառայողներ պարգևատրվեցին «Արիության», «Մարտական ծառայության համար» և այլ մեդալներով, պատվոգրերով ու թանկարժեք նվերներով:
ՄԻԱՅՆ «ԼԱՎ» ԵՎ «ԳԵՐԱԶԱՆՑ»
ՀՀ ԶՈՒ զորամիավորումներում մշտապես ընթացող զորավարժություններում իրենց մարտական բարձր պատրաստվածությամբ, ռազմական հարուստ գիտելիքներով օժտված, Արցախյան ազատամարտի մասնակից հմուտ ու փորձառու զինծառայողների կողքին կոփվում ու թրծվում են երիտասարդ սպաներն ու զինվորները: Բանակային զորամիավորումում պարբերաբար անցկացվող ցուցադրական զորավարժությունների ժամանակ կիրառվող թեմաներից շատերը նորամուծություն են. «գիշերային հրաձգության առավել արդյունավետ անցկացումը», «շրջանցող ջոկատի անձնակազմի յուրահատկությունները», «հակառակորդի դիրքերում թշնամու կենդանի ուժերին նվազագույն կորուստներով առավելագույն վնաս հասցնելու ռազմավարությունը», «պայքար հակառակորդի գիշերային տեսանելիության օպտիկական սարքերի և նշանոցների դեմ», «թշնամու դիվերսիոն-հետախուզական խմբերի հանկարծակի ներթափանցման կանխումն ու նրանց ոչնչացումը» և այլն:
Զորավարժությունների ղեկավարները մասնակիցներին բացատրեցին զորավարժությունների թեմաներն ու նպատակները, կրակային փուլերի ընթացքում զինծառայողներից պահանջելով թիրախային խոցման բարձր արդյունքներ:
ՈՒսուցանող սպաներ` կապիտաններ Ա.Հարությունյանը, Ա.Սարգսյանը, Ա.Վարդանյանը, Գ.Վանեսյանը և Է.Աշուղյանը, ենթասպա Ա.Այվազյանը, մանրակրկիտ անդրադարձան զորավարժության ընթացքում օգտագործվող խոշոր տրամաչափի զենքի տեսակներին, դրանց մարտավարատեխնիկական բնութագրերին, ցույց տվեցին ճիշտ օգտագործման ձևերը: Նրանք նաև անդրադարձան գիշերային պայմաններում անձնակազմի հանդերձավորմանն ու ցուցադրեցին զինվորի ճիշտ պահվածքն ու տրամաբանված գործողությունները մարտական տարբեր իրավիճակներում:
Մարտական հրաձգությամբ ցուցադրական վաշտային զորավարժության ժամանակ, ըստ մարտական պատրաստության պլանի, մոտոհրաձգային վաշտը սահմանված ժամանակամիջոցում դուրս եկավ կենտրոնացման շրջանից, բացազատվելով դասակների շարասյուների, լեռնային բարդ տեղանքում ծածուկ մոտեցավ գրոհի անցման բնագծին:
Հուժկու հարվածով սկսվեց ընթացքից գրոհը պաշտպանվող հակառակորդի վրա:
Մարտական խնդիրը հաջողությամբ կատարելուց հետո խաղարկվեց մարտի մեջ մտցված վաշտի ռեզերվը, որը կատարեց զորաշարժ, ոչնչացնելով նահանջող հակառակորդի մնացորդները:
Մարտական հրաձգությամբ գիշերային ցուցադրական զորավարժության ժամանակ կապիտան Գ.Գևորգյանի հրամանատարությամբ գործող հրաձգային վաշտը բերվեց մարտական պատրաստության «Բարձր» աստիճանի: Կատարվեց ռազմերթ դեպի կենտրոնացման շրջան: Վատ տեսանելիության պայմաններում անցումը պաշտպանության ու պաշտպանողական մարտի վարումն իրականացվեցին բարձր մակարդակով: Վաշտի հենակետերի դիմաց շրջանցող դասակի թևային կրակով ջախջախվեց մխրճված հակառակորդը:
Զորավարժությունների արդյունքներով՝ ՀՄՄ-ներից ու հրաձգային զենքի բոլոր տեսակներից կրակային խոցման արդյունքները գնահատվեցին «լավ», ինչը համահունչ է զորամիավորման նշանաբանին` «ստանալ միայն «լավ» և «գերազանց» գնահատական»:
ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Խորագիր՝ #19 (884) 18.05.2011 – 25.05.2011, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում