Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ



Սպիտակում դեկտեմբերի 7-ին բացվեց հուշարձան՝ նվիրված 1988թ. երկրաշարժի հետեւանքների վերացման աշխատանքներին մասնակցած զինվորականներին: Հուշարձանը ստեղծվել է Մոսկվայում՝ Ռուսական ռազմապատմական միության նախաձեռնությամբ, ճարտարապետն է Վ. Ֆրոլովը, քանդակագործը` Ա. Միրոնովան:

27 տարի առաջ՝ 1988թ. դեկտեմբերի 7-ին, ժամը 11-ն անց 41 րոպեին Հայաստանը ցնցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից:

Երկրաշարժի առաջին իսկ րոպեներից յուրաքանչյուր ողջ մնացած մարդ փնտրում էր իր հարազատին՝ մանկապարտեզում, դպրոցում, ինստիտուտում, աշխատանքի վայրում: Ոմանք շփոթված այս ու այն կողմ էին վազում, մյուսները հասել էին փուլ եկած շենքերին և փորձում էին փրկել իրենց որդուն, հորը, դստերն ու մորը, սակայն չգիտեին` ինչ անել, շնչակտուր վազում էին ավերակների շուրջը, ձայն տալիս ու լսելով հարազատների ձայնը՝ անզորությունից ոչինչ չէին կարողանում ձեռնարկել:

Քանի մարդ էր նետվել աղերսող ձայների կողմը, փորձել օգնել, սակայն միայնակ, առանց տեխնիկայի անզոր էին եղել: Բազմահարկ շենքի վիթխարի սալակույտերը ծածկել էին հազարավոր մարդկանց:

Դեռ չէր հանդարտվել հողը, երբ ավերակույտերի տակից լսվող աղերսական ձայների կողմը վազեցին խորհրդային բանակի մարտիկները:

Առաջինը օգնության հասան Ա. Վոստրիկալովի և Գ. Շամիրալովի ղեկավարած խմբերն ու փոխգնդապետ Վ. Մեդվեդևի դեսանտայինները, զինվորական այլ խմբեր: Չնայած ահավոր աղետը խլել էր 332 զինվորի ու սպայի կյանք, շատերը կորցրել էին իրենց հարազատներին, բայց, հաղթահարելով կորստի վիշտն ու ցավը, զինվորականները օր ու գիշեր փլատակների տակից հանում էին, փրկում մարդկանց:

Հոգեկան ինչ վիճակում կարող էր լինել Մ. Գոլուբևը, երբ դիակների կողքին տեսավ կնոջն ու որդուն, կամ մայոր Ս. Սուրտաևը, երբ երկրաշարժի առաջին իսկ վայրկյաններին իմացավ կնոջ ու երեխաների զոհվելու լուրը: Սակայն նրանք ուժ գտան իրենց մեջ ու մասնակցեցին մարդկանց փրկության կազմակերպմանը: Փոխգնդապետ Վ. Ստեպանովը, ողնաշարը վնասելով, փրկեց երրորդ հարկից ընկնող երեխային: Կապիտան Ն. Սուրոտինի ջոկատը փրկեց 20, իսկ ավագ լեյտենանտ Ռ. Իշմատովի և սերժանտ Օ. Թորոսյանի խումբը ավերակված դպրոցի փլատակներից ազատեց 30 երեխայի:

Ինչպես որակել մայոր Ս. Շապարնի վարմունքը. նրա մայրն ու կինը զոհվել էին, իսկ որդին փլատակների տակ էր մնացել, այնուհանդերձ բժշկական ծառայության մայորը կարճ ժամանակում կահավորեց դաշտային հոսպիտալը և հազարավոր վիրավորների անհապաղ, անհետաձգելի օգնություն ցուցաբերեց:

Անշուշտ հնարավոր չէ թվարկել այն 23 հազար զինծառայողների անունները, ովքեր մասնակցել են փրկարարական աշխատանքներին: Երևանի ու Թբիլիսիի պահեստային ռազմիկները միայն Լենինականում փրկեցին 139 մարդու կյանք: Աֆղանստանում իրենց ինտերնացիոնալ պարտքը կատարած վրացի մարտիկները, որոնք առաջիններից էին, որ ժամանել էին աղետի գոտի, տեքստիլ ֆաբրիկայի փլատակներից հանեցին 37, իսկ Դոնեցկից եկած պահեստայինները՝ Գերցենի փողոցի փլատակներից 15 տուժածների:

Ավերակների տակից փրկվածներին հարազատները ստիպված էին լինում հասցնել Լենինականի կանգուն մնացած զինվորական հոսպիտալ, որը նախատեսված էր փոքր կայազորի համար: Բժիշկները հարկադրված օգնություն էին ցույց տալիս բակում: Իսկ երբ մութը վրա էր հասնում, աշխատում էին ճրագի լույսի տակ, գործիքները վարակազերծում անմիջապես կրակի վրա: Այդպիսի պայմաններում նրանք 9 ժամում 38 վիրահատություն կատարեցին և բուժօգնություն ցույց տվեցին շուրջ երկու հազար մարդու:

Զինվորականները փրկարարական աշխատանքների ընթացքում ու դրանից հետո ի սպաս դրեցին նաև իրենց ամբողջ մեխանիզացիան` ընդհուպ տանկերը, որոնց կարիքը խիստ զգացվում էր հատկապես աղետի առաջին օրերին: Նրանց սխրանքը այսքանով չի սահմանափակվում, քանի որ օրուգիշեր աղետի գոտում կարգ ու կանոն էին հաստատում, հատկապես պարեկային ժամերին:

Աղետի գոտու տարբեր հատվածներում որոնողափրկարարական եւ այլ անհետաձգելի աշխատանքներին մասնակցել են շուրջ հինգ տասնյակ ազգության պատկանող սպաներ եւ զինվորներ:

ԱՂՎԱՆ ՉԱՏԻՆՅԱՆ
Փրկարարական աշխատանքների մասնակից
Լեռնափրկարար, պրոֆեսոր

Խորագիր՝ #48 (1117) 10.12.2015 - 16.12.2015, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


10/12/2015