ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՄԱՅՐԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ…
Լինելով ինչպես մարտական հենակետերում, այնպես էլ զորամասի ճաշարանում, տեսնելով զինվորների սննդակարգի բազմազանությունը, որակը, ճաշարանի մաքրությունը` հանդիպեցի ճաշարանի պետ, ավագ ենթասպա Հովհաննես Մանուչարյանին, խոհարարներ՝ շարքային Հայկ Հակոբյանին, Արման Խաչատրյանին, Սարգիս Առաքելյանին, Դավիթ Հովհաննիսյանին, Արթուր Եղիազարյանին, Արմենակ Ղահրամանյանին, Արտյոմ Փաշայանին, ինչպես նաև պայմանագրային խոհարարուհիներ Նուշիկ Խաչատրյանին, Օֆելյա Գրիգորյանին, Անահիտ Ջավալյանին։ Ինչպես ճաշարանի պետը, այնպես էլ զինվոր խոհարարները եղել են մարտական հենակետերում, հսկել դիրքերը և լավ գիտեն, թե որքան անհրաժեշտ է համեղ, հարուստ կալորիականությամբ սնունդը հերթապահող զինվորի համար։
Այնուհետև զորամասի պարենային ծառայության պետ, մայոր Աշոտ Վարդանյանն ասաց.
-Այս ծառայության ոլորտում հաջողություններ ունենալու համար ամենից առաջ հարկավոր է տիրապետել սննդի պատրաստման տեխնոլոգիային և հետևել վերակարգի աշխատանքներին, ինչպես նաև ներկա լինել նախաճաշին, ճաշին և ընթրիքին։ Շաբաթը մեկ անգամ մեր ծառայության աշխատակիցների հետ պարապմունք ենք անցկացնում` ուշադրություն դարձնելով պահեստների սանիտարահիգիենիկ վիճակի, հագուստի մաքրության, սպասքի դասավորման, ինչպես նաև հավաքման, լվացման խնդիրներին։
Զինվորը ճաշարան մտնելիս պետք է զգա հարմարավետություն, ճաշատեսակները պետք է լինեն բազմազան, ճաշերի համն ու հոտը պիտի ախորժելի լինեն։ Ինչպես զորամասի հրամանատարը, այնպես էլ մենք հաճախ ենք զրուցում զինվորների հետ, հաշվի առնում նրանց կարծիքը։ (Ծառայության նշանակվելով այս պաշտոնում՝ իմ առաջին գործը եղավ ճաշարանի հիմնովին վերանորոգումը)։ Որպես ուղեցույց փաստաթուղթ՝ օգտվում ենք «Սննդի պլանավորումը ճաշարանում» և «Զինվորական ճաշարանի խոհարար» ձեռնարկներից` հաշվի առնելով իհարկե վերադասի հրամանները։
Զորամասի հրամանատար, գնդապետ Կ. Սեդրակյանի ուշադրության կենտրոնում է զինվորների սննդակարգի հետ կապված ամեն մի մանրուք։ Զորամասի զինծառայողները մարտական հերթապահություն են իրականացնում սահմանային բարդ և դժվարին տեղանքում, որտեղ ծառայությունը պահանջում է ֆիզիկական և հոգեբանական մեծ լարվածություն։ Եվ որպեսզի զինծառայողների ծախսած էներգիան ամբողջովին վերականգնվի, հարկ է, որ սնունդը լինի լիարժեք։
Հերթափոխի բարձրանալիս պարապմունքներ ենք անցկացնում հենակետերի խոհարարների հետ։ Ըստ մեր ներկայացրած հայտերի` խոհարարները ծառայության են գալիս ուսումնական կենտրոնից և մեր հսկողությամբ որոշակի փորձ ձեռք բերելով՝ դառնում են հմուտ խոհարարներ։ Գոհ ենք նրանց ծառայությունից։ Մարտական հենակետերում դիրքի ավագները հսկում են նրանց ծառայությունը։ Տոնական օրերին, ինչպես նաև երդման արարողությունների ժամանակ տրվում է լրացուցիչ սննդակարգ։
Դաշտային պայմաններում (զորավարժություն, հավաքներ) հստակ գործում են թիկունքի ղեկավարման, պարենային կետերը, սանիտարահիգիենիկ պայմանների խիստ հսկողությամբ` օրը 3 անգամ տաք սնունդ մատակարարելով։
Անչափ կարևորում եմ զինվորների ծնողների գնահատականը։ Նրանք բազմիցս են եղել զորամասում, տեսել-համտեսել ճաշարանում տրվող սնունդը, զրուցել ինչպես իրենց զինվոր որդիների, այնպես էլ հրամանատարության հետ։ Եվ ուզում եմ գոհունակությամբ ասել, որ նրանք` հատկապես մայրերը, միշտ մեկնել են գոհ ու բավարարված, ինչը ոգևորիչ է և միևնույն ժամանակ` պարտավորեցնող։
Մայոր Աշոտ Վարդանյանը միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ 2002 թվականին նշանակվել է ծառայության գնդապետ Կ. Սեդրակյանի հրամանատարությամբ գործող զորամասում` որպես դասակի հրամանատար։ Այնուհետև եղել է վաշտի հրամանատար, գումարտակի թիկունքի պետ։ 12 տարի ծառայել է մարտական հենակետերում։ Իր մասնակցությունն է ունեցել նոր հենակետի կառուցման, ինժեներական շինությունների կատարելագործման, ամրաշինական բոլոր աշխատանքներին։ Պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ», «Ծովակալ Իսակով», «Բանակի 20 տարի», «Անբասիր ծառայության» I, II աստիճանի մեդալներով, ինչպես նաև արժանացել է զորամիավորման, զորամասի հրամանատարության պատվոգրին ու խրախուսանքին։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր` Մերի։ 2014 թվականին նշանակվել է զորամասի պարենային ծառայության պետ։
Հ.Գ. Մեր զրույցի ընթացքում պարենային ծառայության պետը քայլում էր կորացած մեջքով։ Երբ այդ մասին հարցրի, նա ասաց. «Հին հիվանդություն է, որը մնացել է մարտական դիրքերից»։ Վերջերս, երբ պաշտպանության նախարար պարոն Ս. Օհանյանը զորամաս էր եկել, մեր զորամասի հրամանատար, գնդապետ Կ. Սեդրակյանն ինձ ներկայացնելով՝ բնութագրեց իմ հիվանդությունը, նախարարը հանձնարարեց, որ զբաղվեն և իրեն զեկուցեն։ Ես հավատով սպասում եմ մեր նախարարի հանձնարարականին»։
Գ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Լուսանկարները` հեղինակի