Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՁՆԱԿԱՆ ՕՐԻՆԱԿԻ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ



Բանակ-հասարակություն գործուն և ամուր կապերը ոչ միայն հզորացրել են այս տարվա նորակոչիկների ռազմահայրենասիրական ոգին, այլ նաև բարձրացրել անձնակազմի կարգապահությունը: Այս համոզմունքին է Ա. Պետրոսյանի հրամանատարությամբ գործող զորամասի ուսումնական հրետանային դիվիզիոնի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Վրեժ Հովհաննիսյանը:

-Զորամասը նախապատրաստում է հրետանային մասնագիտությամբ կրտսեր հրամանատարական անձնակազմ և տարին երկու անգամ համալրվում է նորակոչիկներով: Ըստ մայոր Վրեժ Հովհաննիսյանի՝ բնական է, որ զորամասի հրամանատարությունը խիստ կարևորում է ոչ միայն համապատասխան մասնագիտական մակարդակի ապահովումը, այլ նաև՝ ռազմահայրենասիրական բարձր ոգին և կարգապահությունը, ինչի համար կիրառվում են ներքին ծառայության կանոնագրքով հաստատված խրախուսանքի և պատժի մեթոդները, ինչպես նաև՝ համապատասխան դաստիարակչական, ճանաչողական, ուսումնական և այլ աշխատանքներ: «Այցելությունները պատմամշակութային հուշարձաններ ևս շատ կարևոր են, քանի որ հայրենասիրությունն սկսվում է հայրենիքը ճանաչելուց,- շեշտում է նա:

Կարելի է փաստել, որ վերջին տարիներին դրական տեղաշարժ է նկատվում ծառայության հանդեպ նորակոչիկների վերաբերմունքում: Այսօրվա նորակոչիկների համար օրինակելի հեղինակություններ են դառնում հայկական բանակում ծառայող կամ արդեն ծառայած իրենց ավագ եղբայրները կամ ընկերները:

-Նորակոչիկները գալիս են զորամաս արդեն իսկ գիտակցելով, թե որտեղ են և ինչի համար են ծառայում: Նրանց այդ գիտակցությունն ամրապնդվում է նաև զորամասի անձնակազմի ներքին առողջ մթնոլորտում: Խիստ կարևոր է, որ նորակոչիկների հարմարվելու փուլում սպայական անձնակազմը, անմիջական հրամանատարները կարողանան աջակցել նրանց, ավելի սահուն դարձնեն մտերմացման գործընթացը,- նշում է ուսումնական դիվիզիոնի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալը:

Ըստ նրա՝ ապագա կրտսեր հրամանատարի կերտման գործում խիստ կարևոր է նաև նրա հետ աշխատող սպաների անձնական օրինակը, նրանց մասնագիտական և դաստիարակչական պատրաստվածությունը:

– Երբ հրամանատարը հետևողական է, երբ նվիրված է իր ծառայությանը, նա դառնում է օրինակելի նորակոչիկի համար, սիրված և հարգված իր ենթակաների կողմից: Անձնական օրինակը խիստ կարևոր է և մեր զորամասում ամուր հիմքերի վրա է:

Ըստ ԱՀՏԱ գծով տեղակալի՝ նորակոչիկները հիմնականում գիտեն իրենց իրավունքները, բայց ոչ բավարար:

– Մենք աշխատում ենք, որ նորակոչիկները լավ իմանան իրենց իրավունքներն ու պարտականությունները, քանի որ, եթե չգիտես քո պարտականությունները, չես կարող պաշտպանել նաև իրավունքներդ: Յուրաքանչյուր զինվոր պետք է զգա, որ ինքը հավասար է, չի տարբերվում մյուսներից: Նորակոչիկը, գալով մեր զորամաս, արդեն գիտի, որ այստեղ չկա «լավ տղա» հասկացությունը: «Լավ տղեն» այստեղ լավ ծառայողն է, որի ծնողին ուղարկում են շնորհակալագրեր կամ շնորհակալական նամակներ: Իսկ զորամասի ավանդույթներին տեղյակ լինելը իրենց ստիպում է դառնալ այնպիսին, ինչպիսին «տանտերն» է պահանջում, քանի որ ստորաբաժանումները մեր տունն են, մեր ամրոցը,- նշում է մայոր Հովհաննիսյանը:

Ըստ ԱՀՏԱ տեղակալի՝ իրենք համագործակցում են կրթական հաստատությունների հետ՝ իրականացնելով ու կազմակերպելով փոխայցելություններ, համատեղ միջոցառումներ: Արդյունավետ ազդեցություն ունի նաև զորամաս ծնողների այցելությունը՝ հատկապես «բաց դռների» օրը: Երբ ծնողը տեսնում է զորամասի կարգուկանոնը, մաքրությունը, նրա վերաբերմունքն ու տրամադրվածությունն էապես փոխվում են բանակի նկատմամբ: Նա հպարտանում է, որ իր որդին ծառայում է օրեցօր հզորացող հայոց բանակում,- նշում է մայոր Հովհաննիսյանը:

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ
լեյտենանտ

Խորագիր՝ #48 (1117) 10.12.2015 - 16.12.2015, Ազգային բանակ


10/12/2015