Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՋՆԱԳԻԾ. ՄԵՐ ՏՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԻՆ Է



Հայ-ադրբեջանական սահմանագոտու առավել վտանգավոր տեղամասերն արդեն քանի տարի է՝ հսկում են պայմանագրային զինծառայողները: Նրանք դեռ ժամկետային ծառայության տարիներից որոշակի փորձ, հմտություններ ունեն: Եվ ընդունված է ասել, որ պայմանագրայինները առավել զգոն եւ վստահ են իրականացնում իրենց ծառայությունը, առավել հասուն որոշումներ ընդունում: Հանրապետության հյուսիսարեւելյան շրջանի հենակետերից մեկում դիրքի ավագն է ավագ սերժանտ Արտաշես Բայրամյանը: Երիտասարդ զինվորականը հասցրել է աչքի ընկնել իր մասնագիտական որակներով, իսկական մարտիկի համարում ձեռք բերել: Հակառակ դեպքում, նրան չէր վստահվի մարտական պայմաններում անձնակազմ ղեկավարելու պատվաբեր եւ պատասխանատու գործը:

-Հրադադարի ռեժիմի խախտումներ լինում են, հակառակորդը հաճախ անթաքույց սադրանքի է դիմում,- նշում է Բայրամյանը:- Անընդհատ հրահրում են, որ մենք էլ պատասխան տանք: Զինամթերքի անհրաժեշտ պաշար ունենք, հարկ եղած դեպքում նաև կրակում ենք: Իհարկե, ամեն կրակոցի պատասխան չենք տալիս, սակայն մեր կրակը լինում է հստակ և հուժկու: Հենց այնպես մենք երբեք չենք կրակում: Օրինակ՝ լինում են դեպքեր, երբ հեռվից ինքնաձիգով կրակահերթ են արձակում: Մեր դիտորդները հետևում են, զեկուցում, որ մեզ ոչ մի վնաս չի կարող հասցվել: Այդ դեպքում ինչո՞ւ ավելորդ փամփուշտ վատնենք: Կարելի է ասել, որ դիրքերում նաև հոգեբանական, նյարդերի պայքար է, և մենք թուլանալու իրավունք չունենք: Ա՜յ, երբ մեր ուղղությամբ նպատակային կրակ է բացվում, մենք պատասխանում ենք: Այն էլ ինչպե՜ս:

Դիրքում բոլորն էլ արդեն մի քանի տարվա պայմանագրային ծառայության փորձ ունեն: Կան նաև երիտասարդներ, որոնք իրենց ավագ ընկերներից որոշակի հմտություններ ձեռք բերելուց հետո ստանձնել են կարևոր տեղամասերից մեկի պաշտպանությունը: Հատկանշական է, որ շատերի բնակավայրը սահմանագծի տվյալ հատվածից այնքան էլ հեռու չէ: Այնպես որ, տղաները կրկնակի պատասխանատվությամբ են մոտենում իրենց պարտականությունների կատարմանը: Բոլորի հետ զրուցեցի, հետաքրքրվեցի ծառայական անցուդարձով. դիրքի տղաներին կարող եմ ներկայացնել առանձին-առանձին, կարող եմ պատմել յուրաքանչյուրի նվիրվածության, համարձակ, վստահ ծառայության մասին: Բայց դրա փոխարեն կգրեմ տվյալ պահին դիտակետում հերթափոխ իրականացնող տղաներից մեկի՝ շարքային Մարտուն Բադալյանի խոսքը, որ բնորոշում է բոլորին՝ դիրքի ավագին, Կարապետ Առաքելյանին, Արման Կյուրեղյանին, Արման Խաչատրյանին և մյուսներին:

-Պարտադիր ժամկետային ծառայությանս ընթացքում ինձ գերազանց եմ դրսևորել, միշտ խրախուսանքների եմ արժանացել: Ծառայությանս ավարտին ինձ առաջարկեցին անցնել պայմանագրային ծառայության՝ քաղաքում: Սակայն ես հրաժարվեցի և տեղափոխվեցի սահման: Միգուցե այստեղ պայմանները տարբերվում են քաղաքային հարմարավետությանը սովոր շատ մարդկանց պատկերացումներից, բայց այլ կերպ ես ուղղակի չէի կարող: Սահմանին բոլորովին այլ կյանք է, այլ հոգեվիճակ:

Սահմանին մենք մեզ զգում ենք՝ ինչպես տանը:

Արսեն ԱՂԵԿՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #48 (1117) 10.12.2015 - 16.12.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


10/12/2015