ՀՐԵՏԱՆԱՎՈՐ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գնդապետ Ա. Պետրոսյանի հրամանատարությամբ գործող ուսումնական զորամասում ամփոփիչ և ավարտական քննությունները մեկնարկեցին դեկտեմբերի 2-ին: Դիվիզիոնների անձնակազմերը ավարտական քննություններ են հանձնում ութ առարկաներից` ՀՊ ԳԴ, կրակային, շարային, ֆիզիկական ու տեխնիկական ու մարտավարական-մարտավարամասնագիտական պատրաստությունից, ինչպես նաև համազորային կանոնադրությունից և մարտական մեքենաների վարումից: Հարկ է նշել, որ կրակային պատրաստությունից ստորաբաժանումները քննությունները հանձնում են զորամիավորման զորավարժարանում, որտեղ մեր այցի օրը կրակային պատրաստությունից քննություն էր հանձնում փոխգնդապետ Տիգրան Հովհաննիսյանի հրամանատարությամբ գործող հրետանային դիվիզիոնի հետախուզական ջոկի հրամանատարների պատրաստման մարտկոցը՝ հրամանատար, մայոր Հայկ Մուրադյանի գլխավորությամբ: Նախ, մինչև բուն գործողություններին անցնելը, մեր խնդրանքով մարտկոցի հրամանատարը ստուգեց կուրսանտներից մի քանիսի տեսական գիտելիքները: «Զորատեսակների համար ստուգողական վարժության կատարման պայմանները» հարցին շարքային Արթուր Բարսեղյանը պատասխանեց արագ ու վարժ. «Խոցել երեք թիրախ, ընդ որում՝ առաջին թիրախը` 10ա գնդացրային հաշվարկ` 20 վայրկյանը մեկ հայտնվող, երկրորդը` 8ա հասակավոր թիրախ` հեռակա, 15 վայրկյանը մեկ, և երրորդ` 10 վայրկյանը մեկ հայտնվող մոտակա թիրախ: Կուրսանտ Օնիկ Հակոբյանը «Զորատեսակների համար ստուգողական վարժության գնահատման կարգը» հարցին նույնպես իր նախորդի պես տվեց ճիշտ պատասխան.
– «Գերազանց»` խոցել երեք թիրախ, «լավ»` խոցել երկու թիրախ, ընդ որում՝ մեկը` գնդացրային, և «բավարար»` խոցել մեկ թիրախ:
Կուրսանտ Դավիթ Սարգսյանն էլ դիվիզիոնի հրամանատարի «Տալ հազարականի բանաձևը» հարցին, վերցրեց թուղթ ու գրիչ ու գրեց` D= 1000.n/Լ – 5 %:
-Այս բանաձևով որոշում են թիրախի հեռավորությունը, պարոն փոխգնդապետ,- պատասխանեց կուրսանտը:
Մինչև քննական կրակը սկսելը փոխգնդապետ Տ. Հովհաննիսյանը ևս մեկ անգամ իր ենթականերին հիշեցրեց.
– Հարգելի՛ կուրսանտներ, ձեզնից յուրաքանչյուրը կրակելուց առաջ նախ պետք է մտովի տրամադրվի, չլարվի, ուժ չգործածի, և գիտակցի, որ պակաս կարևոր չէ նաև մտովի գնդակը դեպի թիրախ ուղեկցելու հանգամանքը:
Գաղտնիք չէ, թե որքան մեծ է հրետանային հետախույզի դերը հրետանային ստորաբաժանման կրակը ճիշտ ու դիպուկ կազմակերպելու գործում: Հրետանային հետախույզն է հայտնաբերում նշանակետերը, կարողանում ճշտել կրակային դիրքերից վարվող հրաձգության նշանափորձության արդյունքը:
-Ինչպես գիտենք, հրետանին կրակում է և՛ բաց, և՛ փակ կրակային դիրքից, որտեղից հրետանավորը չի տեսնում նշանակետը: Ինչ-որ մեկը պետք է նրան ուղղորդի, ուղղություն ցույց տա: Ահա հենց այդ ուղղումը, այդ անչափ կարևոր գործառույթն էլ կատարում են հրետանային հետախույզները, ինչի արդյունքում հրետանային ստորաբաժանումների գործողությունները լինում են ճիշտ և դիպուկ,- մեզ հետ զրույցում ասաց դիվիզիոնի հրամանատարը:
Հրետանային հետախույզի խնդիրն է՝ որոշել նաև պայթած արկի շեղումը նշանակետից, ինչպես՝ ըստ հեռավորության ու ուղղության, այնպես էլ՝ ըստ բարձրության: Եվ համապատասխան ճշտումներ անելուց հետո է, որ ճշգրտված տվյալները նա հաղորդում է կրակային դիրք, որտեղից էլ արդեն հաջորդ արկը խոցում է նշանակետը: Հրետանավորը գիտի նշանակետի բևեռային կամ հարթող անկյան կոորդինատները: Բայց քանի որ գոյություն ունեն ձգաբանական, օդերևութաբանական, տեխնիկական պատճառներ, ամեն անգամ չէ, որ մեր ուզած կետից հրետանու արձակած արկը կարող է հասնել նշանակետին: Դրա համար կատարում ենք նշանափորձում. այսինքն՝ կրակում ենք, և արկը կարող է ունենալ, ինչպես գերաթռիչք, այնպես էլ թերաթռիչք, ընկնի կա՛մ ձախ, կա՛մ աջ: Եվ եթե առաջին կրակից հետո չունենք մեր ակնկալած արդյունքը, ապա հրետանային հետախույզի հաղորդած ճշգրիտ տվյալներով առաջնորդվելով` ունենում ենք գերազանց արդյունք:
Կրակայինի քննությունը առաջին ուսումնական հրետանային դիվիզիոնի հետախուզական ջոկի կուրսանտները հանձնեցին բավարար: Անհատապես եղան գերազանց, լավ ու բավարար գնահատականներ ստացողներ, սակայն ոչ մի կուրսանտ չստացավ «անբավարար» գնահատական:
-Հրետանային դիվիզիոնում մասնագիտությունները տարբեր են, և ըստ դասակների են հանձնում քննությունները: Հիմնականում արդյունքները գոհացուցիչ են: Առաջին և երկրորդ օրերին քննությունները հիմնականում լավ ենք հանձնել: Յուրաքանչյուր դասակ օրը երկու քննություն է հանձնում` մինչև ճաշը և ճաշից հետո: Ճիշտ է՝ ստորաբաժանման կազմով դեռևս վաղ է գերազանց գնահատականի մասին խոսելը, բայց անհատապես կուրսանտների մոտ երեսուն տոկոսը ստացել է «գերազանց» գնահատական: Հուսադրող է նաեւ այն, որ ստույգ որևէ առարկայից մեր դիվիզիոնը չի ստացել «անբավարար» գնահատական:
Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Խորագիր՝ #48 (1117) 10.12.2015 - 16.12.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում