ԿԱՆԱՑԻ ՍԵՌԱԿԱՆ ՀՈՐՄՈՆԸ՝ ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ ՓՐԿԵԼՈՒ ՄԻՋՈՑ
Վերքի կամ վնասվածքի հետեւանքով արյան կորուստը զինվորների եւ վթարի զոհերի մահացության հիմնական պատճառներից է: Սովորաբար նման վնասվածքների առկայության պարագայում ժամանակը սահմանափակ է. եթե տուժածին չեն կարողանում հիվանդանոց հասցնել «ոսկե» ժամանակի ընթացքում, նա կարող է արյունահոսության հետեւանքով մեռնել: Ալաբամայի համալսարանի գիտնականները 19 տարի աշխատել են՝ պարզելու, թե ինչ է պետք անել, որպեսզի տուժածները դիմանան մինչեւ հիվանդանոց հասնելը, նույնիսկ, եթե դա մի քանի ժամ տևի:
Երեւում է՝ նրանց հաջողվել է նման մեթոդ գտնել: Վիրավորների կյանքի փրկության բանալին, պարզվել է, էստրոգենն է՝ կանացի սեռական հորմոնը, իսկ ավելի շուտ՝ դրա սինթետիկ տարբերակը:
Գիտնականները նման բացահայտում են արել դեռեւս 1997 թվականին, ընդ որում՝ պատահաբար: Պատվիրված արու առնետների փոխարեն նրանց էգ առնետներ էին բերել: Դժվար էր էգերին օգտագործել, որովհետեւ կանացի սեռական հորմոնները անընդհատ տատանվում են, ինչը չի կարող իր ազդեցությունը չթողնել փորձարկման ճշգրտության վրա: Սակայն հենց այդ հորմոններն են նպաստել բացահայտմանը. գիտնականները նկատել են, որ էգերը հեշտությամբ են դիմակայում արյան վարակմանը, նույնիսկ առանց հատուկ բուժման: Մեկ այլ հետազոտություն հաստատել է գիտնականների ենթադրությունն առ այն, որ դա պայմանավորված է էգերի էստրոգենի մակարդակով:
Հետագայում գիտնականներին հաջողվել է պարզել, որ սինթետիկ էստրոգենը նաեւ բարելավում է սրտի եւ լյարդի գործառույթները նույնիսկ արյան 60 տոկոսի կորստից հետո՝ Էստրոգեններն ընդլայնում են անոթները, բարելավում են արյան հոսքը եւ այն ավելի «արդյունավետ» են դարձնում: Այդ ամենն օգնում է ավելի երկար պահպանել հիվանդի կյանքը:
EE-3-SO4-ը գիտնականների մշակած սինթետիկ էստրոգենի վերջին տարբերակն է, դա հիվանդին ողջ է պահում վնասվածք ստանալուց հետո 6 ժամվա ընթացքում. այդ ժամանակը բավարար է՝ նրան հիվանդանոց հասցնելու եւ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար:
Գիտնականներն ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունից արդեն 10 միլիոն դոլար են ստացել՝ այդ ոլորտում իրենց հետազոտությունները շարունակելու եւ ստացված սինթետիկ հորմոնը մարդկանց վրա փորձարկելու համար:
Խորագիր՝ #49 (1118) 17.12.2015 - 23.12.2015, Ռազմական