ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍ ՓՈՐՁԱՐԿՈՂ-ՕԴԱՉՈՒՆ
♦ Նա թռել է 39 տեսակի ուղղաթիռով և ինքնաթիռով, մասնակցել է ավելի քան 100 ուղղաթիռների և ինքնաթիռների ձևափոխման ու կատարելագործման աշխատանքներին:
♦ Օդում անցկացրել է ավելի քան 5500 ժամ, թռել է Մ.Միլի ստեղծած բոլոր ուղղաթիռներով:
♦ 1978 և 1982 թվականներին Մի-24 ուղղաթիռով անձամբ հեղինակել է 368,4 կմ/ժ արագության և 10 տոննա բեռով` 6400 մ թռիչքային բարձրության 2 համաշխարհային ռեկորդ:
♦ 1962-1982 թթ. Մի-6, Մի-10 Կ, Մի-24 և Մի-26 ուղղաթիռներով սահմանել է արագության և բեռնամբարձության ավիացիայի 10 համաշխարհային ռեկորդ, որից 8-ը` երկրորդ օդաչուի կարգավիճակում:
ԳՈՒՐԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ծնվել է 1936 թվականին Եկատերինբուրգ քաղաքում:
1960 թ. ԽՍՀՄ չեմպիոն է դարձել ուղղաթիռային սպորտից:
1961 թ. ավարտել է Մոսկվայի ավիացիայի ինստիտուտի ՄԱԻ ինքնաթիռաշինության ֆակուլտետը:
1961 թ. որպես առաջատար ինժեներ աշխատել է Մ.Միլի անվան միացյալ կոնստրուկտորական բյուրոյում:
1962 թ. ավարտել է փորձարկող օդաչուների դպրոցի ուղղաթիռային բաժինը:
1974թ. որպես փորձարկող օդաչու աշխատել է Մոսկվայի ուղղաթիռաշինական գործարանում (ՄՈՒԳ), երկինք է բարձրացրել ու փորձարկել Մի-26 և Մի-28 ուղղաթիռները, կատարել է Մի-14, Մի-24, Մի-26 և Մի-28 ուղղաթիռների փորձարկումն ու հաջող վայրէջքը` շարժիչը անջատած վիճակում, մասնակցել է Մի-2, Մի-6, Մի-10, Մի-14 ուղղաթիռների փորձարկման ու կատարելագործման աշխատանքներին:
1980թ. գործուղվել է Աֆղանստան:
1986 թ. մայիս ամսին ԳՈՒՐԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ու Մ.Մ.Գրոմովի անվան թռիչքա-հետազոտական ինստիտուտի աշխատակից Անատոլի Գրիշչենկոն, մասնակցելով Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին, Մի-26 ուղղաթիռով կատարել են անչափ բարդ ու դժվարին առաջադրանք: Օգտագործելով ուղղաթիռի արտաքին կախվածքը՝ երեք րոպեում փակել են ատոմային ռեակտորը` կանխելով ռադիացիայի հետագա տարածումը:
1986 թ. նրան շնորհվել է Խորհրդային Միության վաստակավոր փորձարկող-օդաչուի կոչում:
1989 թ. հունվարի 8-ին Փարիզի մոտակայքում կազմակերպվող ամենամյա Լե Բուրժեի ավիացուցադրության ժամանակ փորձարկող-օդաչու ԳՈՒՐԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ու փորձարկող-ղեկապետ (շտուրման) Վիկտոր Ցիգանովը առաջին անգամ ներկայացրել են Մի-28 խորհրդային մարտական ուղղաթիռը, որը դարձավ ոչ միայն ավիասրահի այլեւ ամբողջ ցուցադրության գլխավոր սենսացիան:
1991 թ. հունվարի 24-ին ԽՍՀՄ ԳԽՆ հրամանագրով ԳՈՒՐԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նոր ավիացիոն տեխնիկայի փորձարկման ժամանակ ցուցաբերած արիության ու հերոսության համար շնորհվում է Խորհրդային Միության Հերոսի կոչում:
Նա Խորհրդային Միության հերոսի կոչում ստացած վերջին փորձարկող-օդաչուն է:
1991 թ. մայիսի 6-ին ԳՈՒՐԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ու ղեկապետ Սերգեյ Սերեգինը առաջին անգամ Ռուսաստանում Մի-28Ա մարտական ուղղաթիռով կատարեցին Նեստերովի հայտնի «օղակը», «տակառ», «շրջադարձեր» և բարձր պիլոտաժի այլ հնարքներ:
1974-1994թթ. Մ.Միլի անվան ՄՈՒԳ-ի փորձարկող-օդաչուների համալիրի մեթոդական խորհրդի նախագահն էր: Այս պաշտոնում անուրանալի է նրա ավանդը թռիչքների որակի, անվտանգության և թռչող անձնակազմի որակավորման բարձրացման ուղղությամբ:
«Ժուկովսկու» անվան Հերոսների ակումբի անդամ է:
ԳՈՒՐԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ապրում է Մոսկվայում: Աշխատում է Մ.Միլի անվան ՄՈՒԳ-ում՝ որպես ռազմավարական զարգացման գծով փոխտնօրեն:
Պատրաստեց Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Խորագիր՝ #49 (1118) 17.12.2015 - 23.12.2015, Հոգևոր-մշակութային, Ճակատագրեր