Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԵՐ ՀԵՆՄԱՆ ԿԵՏՆ Է



Մկրտիչ Գեւորգյանը ծառայում է գնդապետ Ա. Պետրոսյանի հրամանատարությամբ գործող ուսումնական զորամասում։ Զորամասի լավագույն զինվորներից է։ Բարեխիղճ եւ նվիրված ծառայության համար բազմիցս հրամանատարության կողմից խրախուսվել է։ «Մկրտիչը մարտկոցի հասարակական ակտիվների խմբի մեջ է ընդգրկված։ Բոլոր բնագավառներում օրինակելի, բազմակողմանի զարգացած երիտասարդ է»,- այսպես է բնութագրում իր ենթակային կապիտան Հմայակ Աշոտյանը։

-Երբ փոքր էի, շատ էի ուզում զինվորական դառնալ,- ասում է Մկրտիչը,- հայրս սահմանապահ զորքերում էր ծառայում, կապի հանգույցի պետն էր։ Նրա հետ միշտ հաճույքով գնում էի զորամաս. զինվորական գործի հետ կապված ամեն ինչ ինձ հետաքրքրում էր։ Սակայն հետո ինձ ձգեց, գրավեց մի այլ աշխարհ` թատրոնը։ Ընդունվեցի թատերական ինստիտուտ, թատրոնի և կինոյի նահապետ Սոս Սարգսյանի ուսանողն եմ եղել։ Խաղացել եմ Համազգային թատրոնում, նկարահանվել եմ «Գարեգին Նժդեհ» ֆիլմում։ Բացի թատրոնից, ունեմ նաև երկրորդ մասնագիտությունը` հայրենասիրական, ազգագրական երգեր եմ երգում։

-Արվեստի մարդու համար դժվար չէ՞ զինվորական կյանքը։

-Դժվարությունը տղամարդու համար է։ Երբեք չեմ մտածել չծառայելու մասին։ Բանակը ֆիզիկապես և հոգեպես կոփում է քեզ, ավելի ինքնուրույն ես դառնում, ավելի արագ ես կողմնորոշվում։ Այնպես որ, այսօրվա դժվարությունների` բանակի դասերի պտուղները վաղն ես քաղելու։ Ուզում եմ նշել նաև, որ նախքան ծառայության մեկնելը համագործակցել եմ «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի հետ։ Նրանց հետ եղել եմ սահմանային զորամասերում, հայրենասիրական, ազգագրական երգերով ոգևորել սահմանին կանգնած զինվորին, բարձրացրել մարտական ոգին։

-Ձեր զորամասում ինչպիսի՞ն է կրթամշակութային կյանքը։

-Հաճախակի են կազմակերպվում միջոցառումներ, այցելություններ պատմամշակութային վայրեր։ Այցելել ենք Էջմիածին, Սարդարապատ, Մուսա լեռ: Այս այցերն ինքնանպատակ չեն. հայրենասիրությունն սկսվում է հայրենաճանաչությունից, քո պատմության կարևոր էջերի իմացությունից։ Զինվորը զգում է անցյալի հերոսական շունչն ու ոգին, ոգեշնչվում, քաջալերվում։

-Մկրտի՛չ, կցանկանայի, որ խոսեիր զորամասում տիրող փոխհարաբերությունների մասին։

-Սպաներին ընդունում ենք հարազատի պես, ծնողի, ավագ ընկերոջ, եղբոր նման, որովհետև տեսնում ես, զգում ես նրանց սրտացավ վերաբերմունքը, նվիրումը։ Մեզ մոտ փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտ է։ Կարող եմ հպարտանալ` լավն է իմ զորամասը։ Մեր սպաներն իրենց գիտելիքներն անմնացորդ փոխանցում են մեզ, անում են հնարավորը, որ պատրաստված, մասնագիտական գիտելիքներին քաջատեղյակ գնաս նոր ծառայավայր։

-Եվս մի քանի օր` դու արդեն որպես ջոկի հրամանատար կմեկնես այլ զորամաս։

-Ծառայությանս այս փուլը` մասնագիտական գիտելիքների յուրացման, իսկապես շուտով կավարտվի։ Առջևում ավելի պատասխանատու փուլ է։ Նոր զորամասում ականանետի հրամանատար եմ լինելու։ Ջանք ու եռանդ չեմ խնայի, որպեսզի իմ զինվորներին փոխանցեմ փորձս ու գիտելիքներս։ Եվ իհարկե` նույն նվիրումով ու պատասխանատվությամբ, ինչպես իմ ավագ զինակից ընկերներն են ինձ փոխանցել։

-Բարի ծառայություն եմ մաղթում քեզ նոր ծառայավայրում։ Հայոց հողում զորակոչ է։ Ի՞նչ կմաղթես, ի՞նչ խորհուրդ կտաս բանակ գնացող զինվորներին։

-Սկզբում մի քիչ դժվար կլինի, բայց մի երկու շաբաթից կհարմարվեք։ Բանակում ամենադժվարը կարոտը հաղթահարելն է, բայց պետք է հասկանաս, գիտակցես, որ հենց դու ես պաշտպանում նրա խաղաղությունը, ում որ կարոտում ես։

Հայրենիքի պաշտպան լինելը և՛ պարտականություն է, և՛ պատասխանատվություն, և՛ հպարտություն։ Ծառայեք արժանապատիվ և գիտակցաբար` հայրենիքը մեր հենման կետն է…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր

Հ.Գ. Ծառայությունից հետո Մկրտիչ Գևորգյանը ուսումը կշարունակի մագիստրատուրայում։ Շատ դերեր կկատարի Մկրտիչը, բայց, կարծում եմ, ամենալավը, ամենահամոզիչը հայ զինվորի դերը կխաղա, որովհետև կխաղա ինքն իրեն։

Խորագիր՝ #49 (1118) 17.12.2015 - 23.12.2015, Ազգային բանակ


17/12/2015