Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ԱՐՎԵՍՏԸ ՊԵԿԻՆԻ 2015 թ. ԲԻԵՆԱԼԵՈՒՄ



Անհնար է սահմանել հիշողության վայրը. այն ապրում է որպես անվերջ զարգացող մի երևույթ, որը նույնքան կարևոր է, ինչքան պատմությունը:
ՊԻԵՌ ՆՈՐԱ

2015թ.-ին՝ Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի տարում, Հայաստանում և արտասահմանում տեղի ունեցած բազում մշակութային նշանակալի միջոցառումներից մեկն էլ անշուշտ Չինաստանի մայրաքաղաք Պեկինի արվեստի միջազգային 6-րդ բիենալեում հայ ժամանակակից արվեստի ցուցադրությունն էր (սեպտեմբեր-հոկտեմբեր): Հայկական արվեստի ցուցադրությունը, որ կրում էր «Երազավայր» խորագիրը, ժամանակակից արվեստի լեզվով ներկայացնում էր հայ մշակույթն ու պատմությունը, պատմություն, որի մեջ առանցքային է դառնում Հայոց ցեղասպանությունը:

«Հայ արվեստագետներն իրենց ցուցադրությամբ ևս մեկ անգամ փաստում են, որ հիշողությունը կենդանի է, անցյալը չի լռում, որովհետև արդարությունը չի հաստատվել, սակայն ներկան կամուրջներ է գցում դեպի երազանքներով լի ապագան»,- բիենալեի համար պատրաստված կատալոգի նախաբանում գրել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Պեկինյան միջազգային ցուցահանդեսին ներկայացվել են հայազգի՝ Հայաստանի Հանրապետությունից, Արցախից ու Սփյուռքից մի շարք արվեստագետներ, որոնց ստեղծագործությունները առանձնացվել են իրենց որակով և ինքնատիպությամբ: Բիենալեում արդի հայ արվեստը ներկայացնելու պատվին են արժանացել ինչպես արդեն միջազգային ճանաչում վաստակած արվեստագետները՝ Հրայր Սարկիսյանը (Լոնդոն, Մեծ Բրիտանիա), Ալեն Սայեղը (Քեմբրիջ, ԱՄՆ), Միքայել Օհանջանյանը (Ֆլորենցիա, Իտալիա), Կարեն Միրզոյանը (Երևան, Հայաստան), այնպես էլ նոր ի հայտ եկող տաղանդները՝ Հրաչյա Վարդանյանը (Գյումրի, Հայաստան), Դավիթ Գալստյանը (Երևան, Հայաստան), Լիաննա Մկրտչյանը (Ֆլորենցիա, Իտալիա), Արարատ Մինասյանը (Երևան, Հայաստան) և այլք:

2015 թ. արվեստի 6-րդ միջազգային բիենալեի հայաստանյան կատալոգում, որը կազմել է Աննա Գարգարյանը, որպես արդի հայ գրականության նմուշ անգլերեն և հայերեն ներկայացվել է մի հատված իրանահայ անվանի գրող Զոյա Փիրզադի «Լույսերը ես կհանգցնեմ» վեպից, որը միջազգային ճանաչում է բերել հեղինակին և թարգմանվել է աշխարհի երկու տասնյակից ավելի լեզուներով: Վեպի նյութը անցած դարի 60-ական թվականների Իրանի Աբադան քաղաքի հայ համայնքի կյանքն է: Անգլերեն թարգմանությունն իրականացրել է Oneworld Publications հրատարակչությունը, թարգմանիչն է Ֆրենկլին Լյուիսը: Հայերեն թարգմանությունը կատարել է Գևորգ Ասատրյանը: Գրքի տպագրությունը ընդգրկված է Երևանի «Էդիթ պրինտ» հրատարակչության 2016 թվականի ծրագրում:

…1960-ականների սկիզբն է. Աբադանի հայ համայնքը ոգեկոչում է Հայոց եղեռնի հերթական տարելիցը: Գրողը ռեալիստական գույներով է ներկայացնում միջավայրը. ներկաները միայն մասնակի ուշադրությամբ են հետևում հայրենասիրական ելույթներին, ճառերին ու հիշատակի խոսքերին, մինչև բեմ է բարձրանում Խաթուն Երեմյանը՝ 1915 թվականի եղեռնը վերապրած ամենատարեց կինը…

ԶՈՅԱ ՓԻՐԶԱԴ

«Լույսերը ես կհանգցնեմ»

Հատված վեպից

…Գառնիկը եկավ կանգնեց բարձրախոսի մոտ և սպասեց մինչև դահլիճը հանդարտվի: Հետո մեկ այլ՝ ոչ իր սովորական աշխույժ ձայնով ներկայացրեց Խաթուն Երեմյանին, որը Վանում էր ծնվել և հիմա Թեհրանում էր ապրում: Այն դառը օրերի ականատեսներից էր և մի քանի օրով մեր թանկագին հյուրն էր Աբադանում: Գառնիկը ձեռքը կուլիսների ուղղությամբ բարձրացրեց: Բոլորս այդ կողմ նայեցինք: Հսկիչ տղաներից մեկը բազկաթոռ բերեց դրեց խոսափողի մոտ: Մի տարեց կին, տղաներից մեկի թևին կռթնած, մանր քայլերով բեմ բարձրացավ: Փոքրամարմին էր ու վտիտ: Երկար, մինչև ոտքի կոճերը հասնող սև գույնի շրջազգեստ էր հագել և ճերմակ մազերը ծածկել էր մի մեծ, սև շալով: Կինն իր ոսկրոտ ձեռքը դրեց տղաների գլխին և շշուկով ինչ-որ խոսքեր մրմնջաց, ըստ երևույթին, օրհնեց նրանց:

Մի քանի վայրկյան լուռ նայեց մեզ, որ լուռ նրան էինք նայում, ու հոգնած ձայնով խոսեց: Վանի բարբառով էր խոսում. նրանք «մի քիչ»-ին ասում են՝ «քիչ մը», «լավ»-ին էլ «աղվոր» են ասում: Ասաց՝ այն օրհասական օրերի մասին պատմելուց առաջ, ուզում է «քիչ մըն ալ աղվոր օրերից հիշել»: Ասաց, որ ուզում է մեզ հետ միասին ճամփորդել անցյալի հուշերում:

Վան քաղաքի իրենց տնից պատմեց, որի բակում երկու նռան ու մի քանի հատ էլ ձիթապտղի ծառեր կային: Բակի անկյունում թոնիր ունեին, որտեղ մայրը լավաշ էր թխում և փոքրիկ այգում միջօրեածաղիկներ էին տնկում: Հորից պատմեց, որ Վանի շուկայի իր կտորեղենի խանութից երեկոները տուն էր վերադառնում մրգի լիքը տոպրակներով: Երբեմն էլ կտորի թոփերի մնացորդներից էր բերում, որոնցով մայրը Խաթունի ու փոքր քրոջ համար կտորե պուպրիկներ էր պատրաստում: Մեծ եղբայրը ածուխով պուպրիկներին աչք ու ունք էր դնում: Մեծ եղբոր ձեռքը ինչ ընկնում էր, վրան նկարում էր: Կիրակի օրերին եկեղեցի էր գնում՝ մի լայն փողոցում, ուռիների ու բարդիների շարքով երիզված: Աղջիկները, կտորե պուպրիկները գրկներին, մոր ձեռքերը բռնած, գնում էին և հաշվում ուռիների ու բարդիների արանքից երևացող ֆեսերով տղամարդկանց, որոնք երբեմն կանգնում, բարևում էին իրենց հորը: Հայրն ասում էր. «Իմ հին հաճախորդներից են՝ աստվածավախ, խղճով մարդիկ»: Ուրբաթ օրերին թաղի մզկիթից բարձրանում էր ազանի ձայնը: Նամազից վերադարձող հարևաններին հայրը «Ընդունելի լինի» էր ասում: Մայրը թանապուր որ եփում էր, կավե ամաններով հարևաններին էր ուղարկում: Նա թանապուրի երեսը միջօրեածաղիկներով էր զարդարում: Հարևաններն էլ ի պատասխան փախլավա էին ուղարկում:

Տիկին Մադաթյանը լաքապատ սև պայուսակի միջից թաշկինակ հանեց: Դահլիճում ոչ ոք իրեն հով չէր անում:

Խաթուն Երեմյանը մի քանի վայրկյան լռեց: Գլուխը հակեց կրծքին և շալի ծայրերը փաթաթեց ձեռքի շուրջը. «Եվ հետո եկան սև օրերը: Մի օր հայրիկը սովորականից շուտ գործից տուն վերադարձավ` դատարկ ձեռքերով ու հուզված: Մայրիկին ասաց. «Հայերը խանութները գոցեր են: Ասկյարները քանի մը բաց խանութ են վառեր: Խանութներեն մեկու բրնձին, ցորենի պարկերն են թալաներ»: Հայրիկն ասաց՝ պիտի երթանք: Մայրիկը երեսին խփեց. «Տնաքանդ եղանք»:

Խաթունը լռեց։ Խոր շունչ քաշեց, ձեռքերը մի քանի անգամ ծնկներին խփեց ու վտիտ իրանը աջ ու ձախ շարժեց: Հետո գլուխը տարուբերեց ու ասաց. …Եվ տնաքանդ եղանք»:

Պայուսակս էի բացում՝ որ Ալիսն ինձ մեկնեց անձեռոցիկի փոքրիկ տուփը: Մի անձեռոցիկ հանեցի ու տուփը Նինայի կողմը պահեցի: Մայրիկը գլուխն օրորում էր ու քթի տակ մրմնջում. «Վա՛յ, աշխարհ, անիրա՛վ աշխարհ…»:

Դահլիճում խոր ու հատու շնչառության և Խաթունի հոգնատանջ ձայնն էր միայն լսվում. «Տան դուռը բաց էր կրնկի վրա: Մայրիկս լալիս էր, բոխչաներն ու սնդուկներն էր լցնում, կապում-կապկպում: Հայրիկս բղավում էր. «Տեղ չիկա, կնի՜կ: Լաթերը ձգե, շո՜ւտ ըրե, ժամանակ չունինք»: Մայրիկս ողբում էր. «Քիչ մըն ալ համբերե, քիչ մըն ալ»: Քրոջս հետ նռնենիների տակ շվարած կանգնել էինք՝ կտորե պուպրիկները գրկներիս: Եղբայրս հայհոյում էր, սպառնում, որ վրեժխնդիր կլինի, ու կոխկռտում էր միջօրեածաղիկները: Բարձրացանք սայլը, նստեցինք բոխչաների ու սնդուկների վրա ու ճանապարհ ընկանք: Փողոցները խճողված էին սայլերով, ձիակառքերով, ձիերով, ջորիներով ու այն ամենով, ինչին կարելի էր նստել կամ բարձել: Տագնապ էր, փոշի ու հառաչանք ու անեծք: Կորան մեր կտորե պուպրիկները: Լաց էինք լինում ես ու քույրս: Նախ մեր տիկնիկների համար էինք լալիս, հետո հայրիկի, հետո մայրիկի, հետո եղբորս ու մեր երկուսի համար»:

Անձեռոցիկի տուփը ձեռքից ձեռք անցավ ու դատարկվեց:

Խորագիր՝ #50 (1119) 24.12.2015 - 30.12.2015, Հոգևոր-մշակութային, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


24/12/2015