Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱԽԱԳԱՀ ՕԲԱՄԱՆ ՊԵՏՔ Է ԱԶԱՏԻ ԴԵՍՊԱՆ ԲԵՐԻՆ` ԻՊ-Ի ԴԱՇՆԱԿԻՑ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՀԱՃՈՅԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ



Այժմ նույնիսկ աշխարհի ամենաանտեղյակ մարդը գիտե, որ Թուրքիան «Իսլամական պետության» գլխավոր մեղսակիցն է: Թուրքիայի հանցագործությունը փաստող անհամար հրապարակումներ են եղել համաշխարհային լրատվամիջոցներում: Զարմանալի է, բայց կա մի ամերիկացի դեսպան, որ կարծես անտեղյակ է Թուրքիայի կործանարար դերակատարությանը տարածաշրջանում, ոչ միայն Սիրիայում ու Իրաքում, այլ նաև Արցախում…

Ինչպե՞ս կարող է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Միացյալ Նահանգների դեսպանը այդքան անտեղյակ լինել՝ իր ելույթում գովաբանելու Թուրքիայի «արժեքավոր» դերակատարությունը Արցախյան հակամարտության կարգավորման ջանքերում:

ԵԱՀԿ-ի Մշտական խորհրդում դեսպան Դանիել Բերը դեկտեմբերի 17-ին հանդգնություն ունեցավ իր ելույթում փառաբանելու Թուրքիայի «կառուցողական դերակատարությունը՝ որպես Մինսկի խմբի անդամ» Արցախյան հակամարտության մեջ: Այնուհետև նա նշեց, որ «Թուրքիան Մինսկի խմբի արժեքավոր անդամ է եղել և աշխատել է համանախագահների հետ համագործակցելով՝ խաղաղ բանակցային ճանապարհ գտնելու ուղղությամբ» Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Դեսպան Բերն իր անհամաձայնությունն է հայտնել ԵԱՀԿ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Լուկաշևիչին, որը երկու օր առաջ կասկածի տակ էր դրել «Թուրքիայի կառուցողականությունը՝ որպես Մինսկի խմբի անդամ»: Ռուսաստանի դեսպանը քննադատել էր Թուրքիային՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության մի կողմին (Ադրբեջանին)» սատարելու համար, և Անկարայի դիրքորոշումը բնութագրել էր որպես «անընդունելի» և «բացարձակ կործանարար»:

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ

«Կալիֆորնիա Կուրիեր»

թերթի հրատարակիչ և խմբագիր

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը դատապարտեց դեսպան Բերի հայտարարությունը՝ այն անվանելով «անխոհեմ»: Խաչիկյանը մատնանշեց Թուրքիայի մոլի ադրբեջանամետ քաղաքականության երկար ցանկը. «Էրդողանի կառավարությունը ակտիվորեն աջակցում է Ալիևի ռազմատենչ հակահայկական դիրքորոշմանը՝ բացահայտ ռազմական օգնություն ցուցաբերելով և մարզելով ադրբեջանցի զինվորականներին, միևնույն ժամանակ, շրջափակելով Հայաստանը, հակասելով միջազգային իրավունքին և ձգտելով մեկուսացնել Երևանը միջազգային ասպարեզում»:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահը զարմացած է, թե ինչո՞ւ են «ԱՄՆ-ի պաշտոնյաները թույլ տալիս, որ իրենց որպես նեցուկ օգտագործեն Էրդողանի խեղկատակության մեջ, ձևացնելով, թե իբր Թուրքիայի կառավարությունը, բոլոր ապացույցներին հակառակ, անաչառ միջնորդի դեր կխաղա»: Խաչիկյանը եզրափակեց. «Այս վարչակազմի ամոթալի ժառանգությունը, անվերջ տեղի տալով թուրքական սպառնալիքներին, ամերիկյան սեփական արժեքների և պետության շահերի գնով, իրոք, ազգային խայտառակություն է՝ ամերիկացի ժողովրդի արժանապատվությունը ստորացնող»:

ԱՄՆ Կոնգրեսի մի քանի անդամներ նույնպես դատապարտեցին դեսպան Բերի խայտառակ ելույթը: Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնն ասաց, որ նա «անհանգստացած է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցչի կողմից արված՝ Թուրքիայի դերակատարությունը Մինսկի խմբի խաղաղ կարգավորման գործընթացում գովաբանող վերջին հայտարարությամբ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամենասկզբից Թուրքիան բացահայտ կերպով, ակտիվորեն իր աջակցությունն է ցուցաբերել Ադրբեջանին: Նմանօրինակ հայտարարությունը միայն կնպաստի բանակցային գործընթացի բևեռացմանը»:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովում Դեմոկրատական կուսակցության գլխավոր ներկայացուցիչ Ադամ Շիֆը աներկբայորեն հայտարարեց, որ «հաշվի առնելով Թուրքիայի վարքագիծը և վաղեմի աջակցությունը Բաքվին՝ նա չի կարող որևէ կերպ հանդես գալ որպես չեզոք միջնորդ այս հակամարտությունում, որն ավելի ու ավելի է սրվում շփման գծի երկայնքով»: Կոնգրեսական Շիֆը նաև առաջարկեց, որ «Լեռնային Ղարաբաղի դեմ կանգնելու փոխարեն, բոլոր երկրները պետք է պնդեն սահմանի երկայնքով մոնիտորինգային տեխնոլոգիաների տեղադրման համար, մի քայլ, որին Հայաստանը պատրաստակամորեն համաձայնել է, իսկ Ադրբեջանը՝ ընդդիմացել, քանի որ դա անկասկած ցույց կտար նրա հրահրած ագրեսիան»:

Տողերի հեղինակը դեռ չի տեսել դեսպան Բերի անխոհեմ և անտեղի ելույթը վիճարկող Հայաստանի արձագանքը: Լռությունը ենթադրում է համաձայնություն ԱՄՆ դեսպանի անհաջող խոսքերին: Բերը պետք է խիստ քննադատության արժանանա բոլորի, հայերի և ոչ հայերի կողմից՝ Արցախյան հակամարտության մեջ Թուրքիայի վնասակար միջամտությունը խրախուսելու համար: Թուրքիայի «կառուցողական» և «արժեքավոր» դերակատարությունը գովաբանելու փոխարեն, ԱՄՆ դեսպանը պետք է հետևեր իր ռուս գործընկերոջ օրինակին և խարազաներ Անկարայի չարամիտ և կործանարար ջանքերը:

Երկու տարի առաջ, երբ Բերը երդում էր տալիս որպես Ամերիկայի դեսպան ԵԱՀԿ-ում, նա մի տեսանյութ հրապարակեց, որտեղ ուրախությամբ հայտարարում էր. «Իմ կողակից Բրայանը և ես ուրախ ենք, որ ապրելու ենք Վիեննայում, մեր շան՝ Քլեոյի հետ միասին: Մենք անհամբեր սպասում ենք բացահայտելու այս հրաշալի քաղաքը, լեռներ մագլցելու և դահուկ քշելու Ավստրիայում, ինչպես նաև ճանապարհորդելու ԵԱՀԿ-ի տարածաշրջանում»:

Դեսպան Բերը կարծես թե ավելի շատ հետաքրքրված է զբոսաշրջությամբ՝ ամերիկացի հարկատուների հաշվին, քան լուրջ դիվանագիտական աշխատանքով: Եթե այդպես է, ապա նախագահ Օբաման պետք է դեսպանին ազատի իր պարտականություններից, որպեսզի նա կարողանա շարունակել իր շրջագայությունը Եվրոպայի տեսարժան վայրերով` իր սեփական միջոցների հաշվին…

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Խորագիր՝ #50 (1119) 24.12.2015 - 30.12.2015, Տարածաշրջան


24/12/2015