Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ՝ ՊԱՏՎՈՎ ԵՄ ԾԱՌԱՅՈՒՄ



ՍՏԵՓԱՆ ՄՈՍԻԿՅԱՆ
կապիտան

2004 թվականի դեկտեմբերին զորակոչվեցի բանակ: Զինվորական մկրտությունս ստացա ՀՕՊ-ի ուսումնական զորամասերից մեկում: Երբ լրացավ ծառայությանս կես տարին, մի լավ ծանր ու թեթեւ արեցի ամեն ինչ եւ իմ կյանքի համար շատ կարեւոր որոշում կայացրի. դառնալ հակաօդային պաշտպանության զորքերի սպա: Դիմեցի զորամասի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ, փոխգնդապետ Մարտին Սահակյանին՝ ասելով, որ ցանկանում եմ զինվորական բարձրագույն կրթություն ստանալ: Լավ հիշում եմ մեր մի քանի րոպե տեւած զրույցը: Լսելով ինձ՝ նա ոտքի կանգնեց, մոտեցավ, ձեռքը դրեց ուսիս ու ասաց. «Ապրե՛ս»: Հետո հետաքրքրվեց, թե զինվորական ինչ մասնագիտություն եմ ուզում ստանալ, ռազմական ինչ բուհ եմ ցանկանում ընդունվել: Պատասխանեցի, որ ցանկանում եմ ՀՕՊ մասնագետ դառնալ: Փոխգնդապետ Սահակյանն էլ ավելի ոգեւորված ողջունեց որոշումս եւ տալով իր համաձայնությունը, ասաց. «Ինչ մասնագիտություն էլ ընտրես, որտեղ եւ ինչ զորքերում էլ ծառայես, կծառայես այնքան լավ, որ բոլորը քեզ մատով ցույց տան: Հայրենիքին ոչ միայն քաջ, այլեւ ազնիվ, նվիրված սպաներ են պետք»: Նրա խոսքերը մինչ օրս դաջվել են հիշողությանս մեջ…

Ընդունվեցի հակաօդային պաշտպանության ինստիտուտ եւ բարձր առաջադիմությամբ ավարտեցի: Սկզբում ՀՕՊ զորամասերից մեկում նշանակվեցի հաշվարկի պետ: Այնուհետեւ՝ 2011 թվականի տարեսկզբին, ծառայության նշանակվեցի փոխգնդապետ Կ. Գրիգորյանի հրամանատարությամբ գործող մարտական կարեւորագույն խնդիր կատարող զորամասում: Ինձ վստահվեց բաժանմունքի պետի անչափ պատասխանատու պաշտոնը: 2011 թվականին զորամասի հրամանատարությունը նաեւ իմ թեկնածությունն առաջադրեց ՀԱՊԿ պետությունների զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի Աշուլուկի զորավարժարանում անցկացվելիք զորավարժությանը մասնակցող խմբի կազմում: Այդ ժամանակ լեյտենանտ էի, եւ այդ զորավարժությունը իմ՝ որպես ՀՕՊ սպայի, առաջին լուրջ փորձությունն էր: Նախապատրաստական փուլը բարեհաջող անցանք: Եկավ եզրափակիչ փուլը, որի ժամանակ կրակելու էինք երկու անգամ: Այսօրվա պես հիշում եմ մեր յուրաքանչյուր կրակոցը… Երկու անգամ կրակեցինք, երկուսն էլ դիպուկ` ուղիղ թիրախին: Այդ կրակոցի շնորհիվ էր, որ գրավեցինք առաջին` պատվավոր տեղը: Աշուլուկի հաջողությունն իմ առաջին հաղթանակն էր, այն հաղթանակը, որն ինձ` երիտասարդ լեյտենանտիս շատ ոգեւորեց ու գոտեպնդեց… Այսօր ես հպարտորեն եմ ծառայում հայոց բանակում, ինչպես պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն է ասում. «Մեր ժողովրդից սերված արժանապատիվ զավակների այն ընտանիքում, որում իշխողը փոխադարձ հարգանքն ու սերն է, վստահությունը մեկը մյուսի հանդեպ»:

Վերջերս նշանակվեցի զորամասի ռադիոտեղորոշիչ հանգույցի հրամանատար: Հավատացնում ու վստահեցնում եմ, որ այսուհետեւ էլ անձնվիրաբար եւ անմնացորդ կծառայեմ հայրենիքիս` Հայաստանի Հանրապետությանը, իմ ուժերով ու կարողություններով, գիտելիքներով ու գործնական հմտություններով նպաստելով ԶՈՒ ՀՕՊ համակարգի հզորացմանն ու օդային անվտանգության ապահովմանը:

Հ.Գ.

Դեկտեմբերի 11-ին կապիտան Ստեփան Մոսիկյանը դարձավ 29 տարեկան: Սրտանց շնորհավորելով ծննդյան տոնի կապակցությամբ՝ նրան մաղթում ենք քաջառողջություն, անձնական երջանկություն եւ ծառայական հաջողություններ:

Պատրաստեց Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Խորագիր՝ #50 (1119) 24.12.2015 - 30.12.2015, Ազգային բանակ


24/12/2015