Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՄԱԿ ՁՄԵՌ ՊԱՊԻՆ



Բարեւ իմ շատ սիրելի Ձմեռ պապ: Շատ ժամանակ է անցել քեզ հասցեագրված իմ վերջին նամակից, չեմ հիշում, թե քանի տարի: Ամեն տարի դու գալիս էիր, թակում մեր տան դուռը, ներս մտնում եւ բերում իմ ամենասիրելի խաղալիքները. ինչ որ ես էի խնդրել քեզնից՝ գնդակ, ինքնաթիռ, հրացան…

Հիմա, երբ դու կարդում ես իմ նամակը, ես զինվոր եմ եւ ուզում եմ, որ դարձյալ, ինչպես իմ մանկությանս տարիներին, իրականացնես իմ երազանքները:

Սիրելի Ձմեռ պապ, քանի որ քեզ վաղուց նամակ չեմ գրել, գուցե ինձ մոռացած լինես: Ես Հովսեփն եմ, ծառայում եմ Հայոց բանակում: Բոլոր զինվորների նման հեռու եմ ծնողներից, բարեկամներից ու սիրած էակից: Իմ մեջ խեղդելով կարոտս, ծառայում եմ եւ վատ էլ չեմ ծառայում: Լավ ընկերներ եմ ձեռք բերել: Եվ ամենակարեւորը՝ զինվորական ծառայության այս ամիսները ապարդյուն չեմ անցկացրել՝ շատ բան եմ սովորել ու դեռ սովորելու եմ ու քաղելու եմ իմ կյանքի լավագույն դասերը:

Իմ բարի պապ, այս անգամ էլ, համոզված եմ, դու կիրականացնես իմ երազանքները, ինչպես մանկությանս տարիներին էիր իրականացնում, որովհետեւ հիմա այն, ինչ խնդրում եմ, ինձ համար չեմ խնդրում:

Այնպես արա, որ զորացրվող իմ ընկերները, որ քաջաբար ծառայել են, անփորձանք իրենց հարազատներին հասնեն ու նրանց հետ միասին նշեն Ամանորը: Այնպես արա, չէ՞ որ դու ամեն ինչ կարող ես, սահմանին կանգնած իմ խիզախ ընկերները անփորձանք ծառայություն իրականացնեն, եւ թշնամու գնդակը նրանց չհասնի ու չդիպչի, որովհետեւ նրանց գործը սուրբ գործ է ու արդար: Այնպես արա, որ բոլոր մայրերի աչքերից միայն ուրախության արցունքներ հոսեն: Այնպես արա, որ համայն աշխարհում խաղաղություն տիրի…

Ձմեռ պապ ջան, այնպես արա, որ… Լավ, գնամ, արդեն շարվելու ժամն է…

ՀՈՎՍԵՓ ԳԵՎՈՐԳՅԱՆ
սերժանտ

Խորագիր՝ #51 (1120) 31.12.2015 - 6.01.2016, Ազգային բանակ


29/12/2015