Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՀԻՆԳ C-400 ԿԳՆԻ



Հնդկաստանը որոշում է կայացրել Ռուսաստանից գնել հինգ C-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համալիր: Պայմանագրի արժեքը կազմում է 400 մլրդ ռուփի (6 մլրդ դոլար):

Հիշեցնենք, որ Հնդկաստանը ռուսական զենքի խոշորագույն գնորդ է: Այսպես, այս տարվա մայիսին Հնդկաստանի կառավարության պաշտպանական գնումների հարցերով խորհուրդը հավանություն է տվել երկրի զինված ուժերի համար ավելի քան 3 մլրդ դոլարի ընդհանուր արժողությամբ գնումների փաթեթին, որի մեջ մտնում են նաև ռուսական Ka-226T թեթև ուղղաթիռները:

Բացի այդ, Ռուսաստանն ու Հնդկաստանը նոր ռազմատրանսպորտային ինքնաթիռ ստեղծելու համատեղ նախագիծ ունեն: 20 տոննա բեռնափոխադրություն ունեցող այս նոր ինքնաթիռն անհրաժեշտ է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հնդկաստանի ռազմաօդային ուժերին` AH-12, AH-32 տիպի միջին ռազմատրանսպորտային ինքնաթիռները փոխարինելու համար: Ինքնաթիռի արտադրությունը նախատեսվում է իրականացնել և՛ Ռուսաստանում, և՛ Հնդկաստանում: Հնդկաստանի ՊՆ նախնական պատվերը կազմում է 45 ինքնաթիռ: Սպասվում է, որ հնդկական կողմը կգնի մինչև 100 նման համալիր:

Պատրաստեց Նաիրա ՄԿՐՏՉՅԱՆԸ

Տեղեկանք

ЗРС С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համալիրը եզակի է ամբողջ աշխարհում: Համալիրն ունակ է հայտնաբերելու եւ ոչնչացնելու 480 կմ շառավղում գտնվող բոլոր օդային թիրախները: Վաղ հայտնաբերման ռադարն ընդլայնում է համակարգի տեսադաշտը մինչեւ 600 կմ: Համալիրը ունակ է մինչեւ 80 թիրախ խոցելու միաժամանակ, իսկ տարբեր տիպի հրթիռների համաժամանակյա օգտագործումը թույլ է տալիս ստեղծելու էշելոնացված պաշտպանություն եւ հետ մղելու զանգվածային օդային հարձակումները:

Խորագիր՝ #51 (1120) 31.12.2015 - 6.01.2016, Ռազմական


29/12/2015