Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է ՍԿՍՎՈՒՄ Է ՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ



Ավարտվում է 2015 թվականը, որը մեզ համար մեծ խորհուրդ ուներ: Մեկ դար առաջ հայ ժողովուրդն իր պատմական բնօրրանում ենթարկվեց ցեղասպանության: Մարդկության դեմ գործված այդ ծանրագույն ոճրի համար Թուրքիան ոչ միայն չի պատժվել, այլև 100 տարի անց էլ շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը: Եվ մեկդարյա ողբերգության տարելիցը հայերիս համար կարևոր հանգրվան էր՝ աշխարհին հիշեցնելու այն պարզ ճշմարտությունը, որ ցեղասպանության ոճիրը չունի վաղեմության ժամկետ, և հատուցումը վաղ թե ուշ անխուսափելի է: Կարողացա՞նք արդյոք համաշխարհային հանրությանը հասցնել պատմական ճշմարտությունը: Ի՞նչ արձագանք գտան կազմակերպված միջոցառումները: Պատմական արդարությանը հասնելու հարցում որո՞նք պետք է լինեն մեր պետության և ժողովրդի անելիքները հաջորդ հարյուրամյակի ընթացքում: Այս և բազմաթիվ այլ խնդիրների շուրջ իր դիտարկումներն է ներկայացնում ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ.

-Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մեկնարկը տրվեց Համահայկական հռչակագրի ընդունումով, որը կարևոր նշանակություն ունի մեր ժողովրդի համար: Մենք երկար ժամանակ խոսում էինք, որ ցեղասպանության խնդրում չունենք պետական հայեցակարգ: Բայց վերջին տասնամյակի ընթացքում մեր պետության մոտեցումները հստակեցվեցին, վերաբերմունքը փոխվեց: 1990-ական թթ. ղեկավարությունը հակված չէր խնդիրը դարձնելու արտաքին քաղաքականության բաղադրամաս՝ ենթադրելով, որ դա կարող է վնասել նորանկախ Հայաստանին՝ առաջացնելով Թուրքիայի հակազդեցությունը: Հետզհետե ժամանակը բերեց նրան, որ նույնիսկ պետական մակարդակով սկսեցին լրջորեն վերաբերվել Վուդրո Վիլսոնի՝ 1920թ. նոյեմբերի 22-ի վճռին, որով Առաջին աշխարհամարտում հաղթանակած մեծ տերությունները Հայկական հարցի լուծումը պատկերացնում էին ազատ, անկախ Հայաստանի ստեղծումով՝ վերջինիս միացնելով Վանի, Բիթլիսի, Տրապիզոնի, Էրզրումի նահանգների մեծ մասը: Համահայկական հռչակագրում հայրենազրկման մասին խոսելով՝ մենք հստակ վերաբերմունք ենք ցուցաբերում ցեղասպանության խնդրին՝ կարևորելով ոչ միայն հայոց ջարդերի, այլև հայրենազրկման՝ պատրիոցիդի հանգամանքը: Եվ 100-րդ տարելիցի պետական հանձնաժողովի առաջադրած կարգախոսի՝ «պահանջում եմ» հատվածը հուշում է հայ ժողովրդի պահանջատիրական իրավունքի մասին՝ որպես Ցեղասպանության հետևանքների վերացման հրամայական:

Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցին նվիրված միջոցառումները թե՛ Հայրենիքում և թե՛ Սփյուռքում շատ բարձր մակարդակով էին կազմակերպված՝ շնորհիվ այն հանգամանքի, որ այդ աշխատանքներն ուղղորդվում էին մեկ կենտրոնի՝ 100-րդ տարելիցի պետական հանձնաժողովի կողմից: Տարբեր երկրներում տեղի ունեցած միջոցառումները՝ բազմահազարանոց ցույցեր, զանազան ակցիաներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ, լայն լրատվություն և այլն, համաշխարհային հանրությանը աննախադեպ կերպով իրազեկեցին հայ ժողովրդի ողբերգության մասին՝ ընդհանուր գծերով ուղենշելով նաև ցեղասպանության հետևանքների վերացման տեսլականը: Կարելի է հաստատապես ասել, որ այդ աննախադեպ գործընթացներին յուրաքանչյուր հայ ունեցավ իր մասնակցությունը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շարքում կուզեի առանձնացնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ի մատուցած պատարագը ի հիշատակ մեր միլիոնավոր զոհերի: Սա ոչ միայն համամարդկային երևույթ էր, այլև ունեցավ քաղաքական հետևանք: Դրան անմիջապես արձագանքեց Չեխիայի խորհրդարանը, որի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ցեղասպանության վերաբերյալ ճանաչման բանաձև ընդունեց: Պատմական իրողությունը ճանաչեցին նաև Բրազիլիան, Պարագվայը: Այսինքն՝ 1մլրդ 300 մլն հետևորդ ունեցող կաթոլիկ եկեղեցու առաջնորդի վերաբերմունքը հարցին հավատացյալների այդ ահռելի զանգվածին կողմնորոշեց դեպի ճանաչում: Ես բախտ եմ ունեցել ներկա լինելու Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագին, որը կբնորոշեի որպես փառահեղ, վիթխարի միջոցառում: Այս քայլն արդեն ոչ միայն մեկ կամ մի քանի երկրների, այլեւ երկրագնդի մի հսկա զանգվածի ապտակն էր թուրքական ժխտողականությանը:

Ինչ վերաբերում է թուրքերի վարած ժխտողական քաղաքականությանը, արձանագրեմ հետևյալը. շատերի համար կարող է տարօրինակ թվալ, բայց ցեղասպանության հարցում թուրքերի կեսդարյա ժխտողականության դեմ հայերի մղած պայքարն ավարտվեց թուրքական կողմի խայտառակ պարտությամբ՝ ուժերի անհամատեղելի հարաբերակցության պայմաններում: Ինչո՞ւ: Որովհետև մեր գործն ավելի դյուրին էր, քանի որ արդարությունը մեր կողմն է: Ֆինանսական ահռելի միջոցների պայմաններում անգամ թուրքերին չհաջողվեց ժխտել անժխտելին: Այդ իմաստով թուրքերի առաջ քաշած այդ «ճարպիկ քայլը»՝ Գալիպոլիի ճակատամարտի հոբելյանի օրը ապրիլի 24-ին նշելու փորձը ևս տրամաբանորեն պիտի հանգեր ձախողման: Այդ անբարո որոշումը հրապարակեց Էրդողանն ինքը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսի ժամանակ: Վերջինս խանդավառվելով այդ «հանճարեղ» գաղափարով՝ Էրդողանին 6 անգամ եղբայր անվանեց ու շնորհակալություն հայտնեց: Ի՞նչ տեղի ունեցավ իրականում: Հայտնի փաստ է, որ Գալիպոլիի ճակատամարտն սկսվել է 1915թ. փետրվար-մարտ ամիսներին և ավարտվել 1916թ. սկզբին: Մինչդեռ այդ իրադարձության հոբելյանի օրը տեղափոխվեց ապրիլի 24, այսինքն՝ իրենց «պատմական հաղթանակը» նրանք որոշեցին «տոնել» հայերի ողբերգության օրը: Դա քաղաքական ցինիզմի ցցուն դրսևորում էր, որն էլ խիստ քննադատության արժանացավ համայն մարդկության կողմից: Եթե այդ օրը Հայաստան էին ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Սերբիայի և Կիպրոսի նախագահները, ապա Էրդողանի կողքին կանգնած էր մեկ այլ կեղծարար՝ Իլհամ Ալիևը, նաև աֆրիկյան երկրների ղեկավարներ և, որքան էլ տարօրինակ է, Մեծ Բրիտանիայի գահաժառանգ Չարլզը. վերջինս գնացել էր մասնակցելու թուրքերի հաղթանակի հոբելյանին, որտեղ իրենք 100 տարի առաջ պարտվել էին և տվել բազմահազար զոհեր:

Վերադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ու իրականացված ծրագրերին՝ նշեմ, որ զգալի աշխատանքներ տարվեցին ցեղասպանությունների դեմ պայքարի առաջամարտիկ երկիր դառնալու ուղղությամբ, ինչի մասին ՀՀ նախագահը խոսում էր դեռեւս տարեսկզբից: Թեեւ ես կուզեի ավելի հեռուն գնացող նախաձեռնություններ լինեին, մասնավորապես՝ ՄԱԿ-ում «Հայրենազրկում՝ պատրիոցիդ» գործողության համար բանաձև ընդունելու և քրեական պատիժ սահմանելու վերաբերյալ: Բանն այն է, որ ըստ հրեա Ռաֆայել Լեմկինի 1948թ. հեղինակած բանաձևով քրեորեն պատժելի է համարվում մեկ էթնոսի ամբողջական կամ մասնակի բնաջնջումը: Մինչդեռ չկա մասնավոր օրենք, որը պատիժ կսահմաներ ազգին իր բնօրրանից՝ Հայրենիքից զրկելու համար: Առաջիկայում մեր խնդիրը պետք է լինի ՄԱԿ-ում համապատասխան օրինագիծ անցկացնելը: Հենց այս հարցին է նվիրված իմ վերջերս լույս տեսած «Ցեղասպանություն և հատուցում» աշխատությունը:

Այս տարի ՄԱԿ-ի օրացույցում ավելացել է ևս մեկ ամսաթիվ. դեկտեմբերի 9-ը առաջին անգամ նշվեց որպես ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր: Այդ բանաձևի հեղինակը Հայաստանն է: Սա մեր քաղաքական ու դիվանագիտական առաջին հաղթանակներից է: 2015թ.-ից հետո սկսվում է ուրիշ ժամանակաշրջան. Հայոց ցեղասպանության խնդիրը միջազգային ճանաչումից պետք է տեղափոխել իրավաքաղաքական հարթություն: Եվ այդ ուղղությամբ մեր ամենակարևոր քայլը պետք է լինի ՄԱԿ-ի՝ հայրենազրկման մասին բանաձևի ընդունմանը հասնելը, որի վերաբերյալ համապատասխան հոդված ունենալու դեպքում Միջազգային դատարան մտնելով` մեծ է հնարավորությունը, որ հաջորդ դարը լինելու է հատուցման և հաղթանակի 100-ամյակ` ի տարբերություն նախորդի, որը ճանաչման ու պայքարի 100-ամյակ էր:

Ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտված է, սկսվում է հատուցման դարաշրջանը, որին պետք է լծվենք ազգովի…

Պատրաստեց Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Խորագիր՝ #51 (1120) 31.12.2015 - 6.01.2016, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


29/12/2015