ՆՈՐ ՏԱՐԻՆ ՍՊԱՆԵՐԸ ԿՆՇԵՆ ՆՈՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՒՄ
Դեկտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Վանաձորում մասնակցել է սպաների ու նրանց ընտանիքների համար նախատեսված ծառայողական բնակարանների հանձնման հանդիսավոր արարողությանը, որին ներկա են եղել նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, այլ բարձրաստիճան զինվորականներ:
Սեյրան Օհանյանը, շնորհավորելով սպաներին եւ նրանց ընտանիքների անդամներին բնակարանամուտի կապակցությամբ, նշել է, որ զինծառայողների բնակարանային պայմանների բարելավումն ու սոցիալ-կենցաղային հարցերը մշտապես հանրապետության եւ ԶՈՒ ղեկավարության ուշադրության կենտրոնում են եւ արվում է հնարավորը, որպեսզի զինծառայողները, իրենց թիկունքում զգալով պետական հոգածությունը եւ զերծ մնալով կենցաղային խնդիրներից, բարեխղճորեն կատարեն ծառայողական պարտականությունները:
Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը անցկացրեց բնակելի շենքի տնօրհնեքի արարողությունը:
Խորհրդանշական կարմիր ժապավենի հատման հանդիսավոր արարողությունը Սեյրան Օհանյանը իրականացրեց բնակարանամուտը տոնող սպաների երեխաների հետ միասին:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, օգտվելով առիթից՝ սպաներին եւ նրանց ընտանիքների անդամներին շնորհավորեց գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթեց արգասաբեր եւ հայրենանվեր գործունեությամբ բեղուն տարի:
Խորագիր՝ #51 (1120) 31.12.2015 - 6.01.2016, Ազգային բանակ