ՄԻԱՍԻՆ, ՄԻԱՍԻՐՏ, ՄԻԱԿԱՄ
Սիրելի՛ զինվոր, իմ լավ բարեկամ, 2015թ.-ը եւս անցանք միասին, մեկ տարի եւս գումարվեց մեր եւ մեր ազգի կենսագրությանը։ Ուզենք-չուզենք՝ պիտի ետ նայենք։ 2015թ.-ի դռները փակելուց առաջ պիտի տեսնենք, թե ինչ ենք թողել հետեւում, ինչ ենք հանձնել պատմության դատին։ Կարեւորն այն է, որ կարողացել ենք կողքիդ լինել ե՛ւ տխրության, ե՛ւ ուրախության պահին, արձանագրել ենք ե՛ւ հաջողություններդ, ե՛ւ թերություններդ, հպարտացել ենք քո հաղթանակներով, կիսել ենք հոգսուցավդ, դառնալով քո դժվարին, բայց փառահեղ ճանապարհի վավերագիրը, քո հավատարիմ ուղեկիցը։ «Հայ զինվորի» էջերին ենք պահ տվել քո պատմությունը, որ ժողովրդիդ պատմության մասնիկն է, թերեւս ժողովրդիդ պատմության առանցքը, քանի որ քո հաղթանակներով է երաշխավորվում պետության ու ազգի ցանկացած նվաճում ու առաջընթաց։ Իսկ դու տարին հաղթանակած ես ավարտել, սիրելի՛ զինվոր։ Դու հայոց ազգային բանակի հերոսական տարեգրությանը նույնքան հերոսական մի էջ ես ավելացրել։ Գիտենք՝ հեշտ չէր, մենք ամենից լավ գիտենք, թե ինչ մաքառումների, տքնանքի, ինքնանվիրումի գնով են տրվում քեզ այդ նվաճումները։ Չէ՞ որ կողքիդ ենք եղել, երբ զորակոչվել ես: Կողքիդ ենք եղել, երբ սիրտդ թպրտացել է առաջին վերկացից, ու կարոտով հիշել ես, թե ինչպես էիր ճաշքուն տալիս հայրական տանը։ Հուզմունքդ չնկատելու ենք տվել ու ոգեւորել ենք քեզ։ Ասել ենք՝ դու կարող ես։ Ասել ենք՝ դու հաղթելու ես։ Հիշեցրել ենք նախնիներիդ փառքը, հերոսական անցյալը, հավատ ենք ներշնչել քեզ։ Մենք կողքիդ ենք եղել առաջին վարժանքների ժամանակ։ Շունչներս պահած նայել ենք, թե ինչպես ես հավաքում վերջին ուժերդ, ինչպես ես պայքարում։ Ու երբ դու հանկարծ ընկրկել ես, երբ թուլացել ես, երբ քաջությունը մի պահ լքել է քեզ, մենք գոչել ենք Ձենով Օհանի ձայնով, ժառանգական խիզախության ենք ոգեկոչել, Տիգրան Մեծի անունն ենք տվել, Վարդանի, Նժդեհի։ Ու դու լսել ես մեր ձայնը։ Դու զգացել ես, թե ինչպես է սիրտդ լցվում ավյունով, ինչպես է ուժը սրտիցդ հոսում դեպի մկաններդ, ինչպես է հաղթանակը դառնում քոնը։ Մենք կողքիդ ենք եղել, երբ դու առաջին անգամ կանգնել ես սահմանին։ Քո բոլոր տագնապները, ուրախությունները, ապրումները, հույզերը մեր սրտի միջով են անցել։ Մեր սիրտը լցվել է հպարտությամբ, երբ քո տիրական հայացքն ընդգրկել է հայրենի եզերքը՝ արծվենի կորովով ու հանդգնությամբ, երբ հարազատ հողի հանդեպ սերը խայտալով ալիքվել է հոգուդ մեջ, բոցավառել արյունդ, երբ երդիկներից ելնող ծուխն ու գիշերային մթության մեջ խաղաղ շեների պայծառ լույսերը դարձել են թանկ ու սիրելի, եւ հանկարծ ինքդ քեզ խոստովանել ես, որ պատրաստ ես կյանքդ տալ այդ խաղաղության համար։
Մենք կողքիդ ենք եղել, երբ դու օր օրի նոր բարձունքներ ես նվաճել, ջանացել ենք ոչինչ աչքաթող չանել, ոչինչ չմոռանալ, չանտեսել քո ոչ մի նվաճումը։ Բացիր «Հայ զինվորի» ցանկացած համար եւ քեզ կգտնես այնտեղ՝ մե՛րթ սահման պահելիս, մե՛րթ հերթական ուսումնական փուլի արդյունքներն ամփոփելիս։ Մենք հետեւել ենք, որ դու հնարավորինս անհոգ ապրես։ Մենք կապ ենք պահպանել ընտանիքիդ հետ, ծնողներիդ, հարազատներիդ կարոտած ողջույններն ու բարեմաղթանքներն ենք հասցրել բանակ, լսել ենք նրանց խոսքը, խորհուրդները, հորդորները։ Փորձել ենք բռնել այն ձեռքը, որ քեզ ցավ է պատճառում, հոգս կամ անհանգստություն։ Քո սխալներն ու արատներն էլ հիշեցրել ենք բարեկամաբար։
Հիշո՞ւմ ես՝ քանի-քանի գրող, երաժիշտ, նկարիչ ու գիտնական են խոսել քեզ հետ մեր «Հյուրասրահից», օգնել են իրենց խորհուրդներով, ասել են, որ սիրում են քեզ, հպարտ են քեզնով, որ իրենք երախտապարտ են քեզ` իրենց խաղաղ կյանքի ու ապահով գիշերների համար։ Քեզ զորավիգ են եղել նաեւ քո ամենապարզ ու հասարակ հայրենակիցները՝ բանվորը, գյուղացին, վարորդը, խոհարարը, բժիշկը, մանկավարժը։ Քո հայրը, մյուսի եղբայրը, երրորդի հարեւանը… Նրանք եղել են քեզ հետ, քո կողքին՝ իրենց սիրով, երախտիքով ու խրատներով։ «Հայ զինվորը» եկել է քո հետեւից, հասել է դիրքեր ու սիրով լի իր էջերը բացել քո առաջ, ջերմացրել սիրտդ։
Իսկ երբ թշնամին հոխորտացել է, երբ ուզել է վախեցնել քեզ, «Հայ զինվորը» քեզ պատմել է ճշմարտությունը, ասել է՝ ուշք մի դիր թշնամու սպառնալիքներին, որ խոցված բորենու հուսահատ ոռնոց է։ Ասել է՝ թշնամին ահից է գոռում, քանի որ մի անգամ արդեն տեսել է հարվածիդ թափն ու գիտի, որ հիմա ավելի ուժեղ ես եւ անկասելի։ Եվ դու ինքնավստահ քմծիծաղով ես նայել թշնամու ռազմատենչ բարբաջանքներին։ Մանավանդ փոքրիկ «Ասքերը» քեզ հիշեցրել են, որ մենք հաղթել ենք ամենաօրհասական պահին, հաղթել ենք մեր անօրինակ հերոսությամբ։ Որ հայրենիքի հանդեպ մեր անսահման սերը հրաշքներ է գործել։ Որ թշնամու գլխաքանակը ոչինչ է մեր ոգու զորության առաջ։ Թերթի էջերից քեզ են նայել Արցախում իրենց կյանքը տված հերոսների մաքուր ու խրոխտ աչքերը՝ անբառ պատգամով, կոչով, հրամանով։ Նրանց դյուցազնական կյանքի պատմությունն է չափանշել զինվորի սերը Հայաստան հայրենիքի հանդեպ։ Ու այդ պայքարով է քո հայրենիքն այդքան թանկ, քո հողն այդքան սուրբ, քո սերն այդքան անչափելի։
Թերթիր «Հայ զինվորը»… Մի հայացք նետիր անցյալին, վերադարձիր ակունք։ Ինչպես Սասունցի Դավիթն էր զորանում Կաթնաղբյուրի ջրերում՝ կոփիր մարմինդ ու ոգիդ նախնիներիդ փառքի ու սխրանքների անմար հիշողություններում ու կենդանի պահիր անցյալը՝ որպես թանկ ու անփոխարինելի ժառանգություն, որ քեզ Հայկի հետնորդ զգաս ու հայոց մասնիկը։ Եվ կտեսնես, թե հայացքիդ առաջ ինչպես են փոխվում երկիրն ու մարդիկ, ինչպես են դառնում մի անբաղդատելի ամբողջություն՝ իրենց անցյալով, ներկայով ու գալիքով։ Ու որպեսզի գալիքը հաստատուն լինի, ներկան՝ իմաստավոր, անցյալը պիտի արժեւորվի առաջին հերթին։ Ու այսպես միասին անցյալն արժեւորած, ներկան իմաստավորելով՝ հաստատուն ապագայի հավատը փայփայեցինք եւս մի տարի։ Ու ամենամեծ գործը, որ արեցինք՝ Հայաստանի սահմանն աննվաճ պահելն էր։ Սահման պահողը դու էիր։ Իսկ թե ինչպիսի աջակից էինք մենք, գնահատողը էլի դու ես։ Քանի որ այն, ինչ արել ենք, մեր ամբողջ աշխատանքը, տքնանքը, գործը քեզ համար էր, այսինքն՝ բանակի համար, այսինքն՝ հայրենիքի համար։ Բոլոր նպատակները չէ, որ հասցրինք իրագործել, բոլոր գործերը չէ, որ հասցրինք ավարտին, բոլոր ցանկությունները չէ, որ իրականացած տեսանք։ Բայց լիահույս ու հաստատակամ ենք՝ գալիք տարում կյանքի կոչելու մեր բոլոր ծրագրերն ու իղձերը։
Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու միասին, միասիրտ ու միակամ։ Մենք դեռ բարձունքներ ունենք նվաճելու։ Ճակատագիրը դաժան է եղել մեր հանդեպ, բախտը՝ ժլատ։ Մեզ տառապանքն է իմաստացրել, պայքարն է կոփել մեր ոգին, ցավն է զորացրել մեր բազուկը, ու վրեժն է մեզ խիզախության կոչել։ Մեր զրկանքներն անհաշիվ են եղել, ու կորուստները՝ անհատնում, բայց մենք իմացել ենք, գիտենք, որ գալու է հատուցման ժամը, ու մենք մեկիկ-մեկիկ հետ ենք բերելու այն ամենը, ինչ խլել են մեզնից, ու վերականգնելու ենք պատմական արդարությունը։ Դա մեր սրբազան պարտքն է մեր պապերի անտեր ու անպաշտպան շիրիմների առաջ։ Ու որպեսզի տեր ու պաշտպան լինենք, պիտի բազմապատկենք մեր ուժը, մեր քաջությունը, մեր տենչանքը։ Պիտի նվաճենք մեր տեղն այս արեւի տակ, հզորների կողքին, հզորներին հավասար, մեր նախնիների փառքին վայել ու մեր ազնվական տեսակին արժանի։
Մենք միշտ լինելու ենք քո կողքին, հա՛յ զինվոր, ու դառնալու ենք հերոսական ընթացքիդ տարեգիրն ու ներբողելու բոլոր հաղթանակներդ։ Իսկ այժմ պիտի միասին դիմավորենք Ամանորը՝ բազում հայրենանվեր ծրագրերով, նպատակներով ու երազներով, պիտի հավատանք, որ Նոր տարին մեզ բերելու է նոր նվաճումներ, նոր ձեռքբերումներ եւ առաջընթաց, որ անկորուստ ենք լինելու, ու հաջողությունը հավատարմորեն ուղեկցելու է մեզ։ Քանի որ մենք ինքներս մեզ ենք ապավինելու, օտարից չենք ակնկալելու աջակցություն։ Իրարով ուժեղ, իրար ապավինած, կառուցելու ենք մեր երկիրը, զորացնելու ենք մեր բանակը, երջանկացնելու ենք մեր կյանքն ու ամեն գնով պաշտպանելու ենք այն ամենը, որ արարել են մեր պապերը, որ ստեղծել ենք մենք ու այլեւս անկորուստ ենք անցնելու մեր դարավոր ճանապարհը։
Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #51 (1120) 31.12.2015 - 6.01.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում