Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ ՎՐԹԱՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ



Մեր հայրենեայց սիրելի՜ պաշտպաններ,

Տարեմուտ է վերստին: Ահավասիկ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոներն են մոտենում մեր Հայրենիքի և աշխարհի տարբեր հատվածների փոթորկալի և խռովահույզ կյանքում: Երկու հազար տասնվեց թվականով պիտի անվանվի այն մեր անհատական և ընդհանրական կյանքում: Արդեն երկու հազար տասնվեց տարի է, ինչ Քրիստոս Աստված, մարմնանալով, մեր մարդկային բնության հետ նույնացել է` Իր կյանքի ու Խաչի օրինակով մարդկությանն ավետելով Խորհուրդ մե՛ծ, Խորհուրդ լուսավո՛ր, Խորհուրդ անմեկնելի՛, Խորհուրդ սքանչելագո՛րծ` այն է` սիրո միջոցով մարդու աստվածատիպ նկարագրի բյուրեղացման և Աստվածադրոշմ պատկերի վերականգնման համար` մարդկանց միջև խաղաղություն ու հաշտություն սերմանելով, սակայն աշխարհը, չընդունելով Քրիստոսի պատգամը, օր օրի ավելի ու ավելի է փոթորկվում:

Անցնող տարվա ողջ ընթացքին դիրքային անհավասար մարտերում հերոսաբար զոհվեցին հայրենիքի քաջարի պաշտպանները՝ թշնամուն տալով նաև մահացու խիստ հարվածներ: Լռեցրին նրա հոխարտացող ձայնը: Շարունակվում են որոտալ հրետանիները, սակայն բազում դարեր, բազում եղանակներով Աստված շարունակ մեզ հետ էր թե՛ հաղթանակների և թե՛ դժվարությունների ժամանակ: Մեզ հետ էր մեր գրի ու մագաղաթների, մեր խաչքարերի, եկեղեցիների ու մշակույթի, մեր պատերազմների ու Ավարայրի ճակատամարտի, Սարդարապատի ու Արցախյան գոյապայքարի, մեր Աստծո տված ազատության և պարտականության գաղափարին հավատարիմ ազատատենչ ժողովրդի միջոցով: Աստված մեզ հետ է, և մենք էլ այս օրերին առավել ևս պետք է միասնական լինենք թե՛ մեր հասարակական և թե՛ անհատական ու ռազմական, թե՛ քաղաքացիական, մշակութային և թե՛ հոգևոր կյանքի բոլոր ոլորտներում` Աստծո հետ` հաղթահարելու համար բոլոր մարտահրավերները:

Տարեմուտի այս պահին աղոթքով ու մաղթանքով լինենք հայոց սպաների և զինվորների հետ, նրանց հետ, ովքեր տարեմուտը դիմավորում են ծառայության մեջ: Դիմավորենք Նոր Տարին միասնական ու աննահանջ ոգով, հաղթանակի հույսով ու հավատքի զորությամբ:

Թող Բարձրյալի Ամենակարող Աջը միշտ զորացնի ու պահպանի ձեզ` հայրենյաց պաշտպան մեր սիրեցյալ որդիներ` զորաց և զորականաց հայոց, որպեսզի զինվորների շրթներից հար հնչի Սուրբ Ծննդյան ավետիսը:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

«Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ
Մեզ եւ Ձեզ Մեծ Աւետիս»

Խորագիր՝ #51 (1120) 31.12.2015 - 6.01.2016, Ազգային բանակ, Հոգևոր-մշակութային


29/12/2015