ՎՐԱՑԱԿԱՆ ԶՐԱՀԱՓՈԽԱԴՐԻՉԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է ԴԻՎԵՐՍԻՈՆ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Թբիլիսիի նախկին տանկավերանորոգման գործարանում արտադրում են «Դիդգորի-1» և «Դիդգորի-2» զրահափոխադրիչները (անվանումն ընտրված է ի պատիվ այն վայրի, որտեղ վրացիները տարել են իրենց պատմության ամենամեծ ռազմական հաղթանակը), որոնք առաջին անգամ հանրությանը ներկայացվեցին մայիսի 26-ին տեղի ունեցած զինվորական շքերթի ժամանակ: Զրահափոխադրիչները տարբերվում են սպառազինությամբ (MINIGUN կամ 12.7մմ տրամաչափի գնդացիր) և տարողունակությամբ (7-9 մարդ): Զանգվածը մոտ 7 տոննա է:
Ռուսաստանի աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի առաջին փոխնախագահ Կոնստանտին Սիվկովի խոսքով, «Դիդգորին» ոչ այլ ինչ է, եթե ոչ «Ford» ավտոմեքենայի հենքի վրա ստեղծված զրահապատ ջիփ, որի զրահը նախատեսված է 7.6մմ և ավելի փոքր տրամաչափի գնդակներից պաշտպանվելու համար: Փորձագետի ենթադրությամբ, շարժիչի հզորությունը մոտ 150 ձիաուժ է, ինչն ապահովում է առավելագույնը 80-90կմ/ժ արագություն: «Այդ մեքենան նախատեսված է դիվերսիոն-հետախուզական ոչ շատ բարդ խնդիրների լուծման համար, ոչ ավելիի»,– ասել է Կ.Սիվկովը:
Նրա գնահատմամբ, Թբիլիսիի տանկավերանորոգման գործարանի հզորությունները խիստ սահմանափակ են թե´ ծավալի, թե´ որակի տեսանկյունից, իսկ ինժեներա-կոնստրուկտորական կադրեր չկան: Գործարանը թալանվել է դեռ Զ.Գամսախուրդիայի օրոք և 20 տարի անգործության է մատնված եղել, իսկ այսօր լավագույն դեպքում ավելացվել է մի քանի նոր հոսքագիծ: «Դիդգորին», ըստ փորձագետի, այն առավելագույնն է, ինչին ունակ է գործարանը: