Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՇՎԵՑ ՀՕՊ ԶՈՐՔԵՐԻ ՕՐԸ



19 տարի առաջ ստեղծվեցին ՀՀ զինված ուժերի ՀՕՊ զորքերը: Զորատեսակն անցավ կայացման եւ զարգացման մի քանի փուլ, որոնց ընթացքում բարձրացավ մարտական պատրաստականությունը, արդիականացվեցին եւ համալրվեցին սպառազինությունն ու ռազմական տեխնիկան: Այսօր ՀՕՊ զորքերը վերածվել են մի կառույցի, որ անխախտ հսկում է ՀՀ օդային սահմանները, ԱՊՀ մասնակից երկրների ՀՕՊ միացյալ համակարգում իրականացնում է մարտական հերթապահություն:
Մայիսի 22-ին գնդապետ Ս. Գրիգորյանի հրամանատարությամբ գործող հակաօդային պաշտպանության բրիգադում տեղի ունեցավ տոնական օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում: Ներկա էին բարձրաստիճան զինվորականներ, հյուրեր, վետերաններ: Անձնակազմը շարվեց հանդիսավոր տողանի, ապա շարահրապարակ բերվեց զորամասի մարտական դրոշը: Աղոթքով, օրհնանքի խոսքով հավաքվածներին դիմեց տեր Կորյուն քահանան.
-Այսօր բոլորիս տոնն է, տոն զորքերի, որ ստեղծվել են մեր ժողովրդի համար օրհասական պահերին: Խնդրենք Աստծուն, որ դրանք է՛լ ավելի հզորանան, էլ ավելի մարտունակ դառնան: Քաջառողջություն ձեզ, ուժ ու կորով, խաղաղ եւ կապույտ երկինք
– Տոնի կապակցությամբ զորամասի ամբողջ անձնակազմի անունից շնորհավորում եմ բոլորիդ: Մեզնից յուրաքանչյուրը գիտակցաբար եւ մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում իր ծառայողական պարտականությունների կատարմանը` հայրենիքի օդային սահմանների պաշտպանությանը թե՛ խաղաղ, թե՛ պատերազմական պայմաններում,- իր խոսքում նշեց փոխգնդապետ Մ. Մարտիրոսյանը:
Հուզիչ էր շարքային Շարբաթյանի խոսքը.
-ՀՕՊ զորքերի կազմավորման գործում իրենց անուրանալի ավանդն ունեն խորհրդային բանակից տեղափոխված փորձառու սպաները: Նրանց գերակշռող մասն այժմ վետերանների շարքում է: Այսօր էլ մեզ է վստահված պահպանել օդային սահմանները եւ հենց նրանց օրինակով ենք մենք առաջնորդվում, երբ ձգտում ենք լիարժեք կատարել մեր խնդիրը՝ անառիկ պահել երկինքը: Նրանք են մեզ ուժ ու եռանդ տալիս:
Շատերն իրենց սրտի խոսքն ասացին, իսկ ելույթները եզրափակեց ՀՕՊ զորքերի վարչության պետ գնդապետ Նիկոլայ Բաբայանը: Նա, մասնավորապես, ասաց.
-Այսօր մենք նշում ենք ՀՕՊ զորքերի կազմավորման 19-րդ տարեդարձը եւ հետադարձ հայացք գցելով ու գնահատելով անցյալը` ձգտում ենք առավել իմաստավորել ներկան եւ ուրվագծել ապագան: Մեր զորատեսակը ստեղծվել է պատերազմական ծանր պայմաններում եւ արմատական փոփոխություն է մտցրել Ադրբեջանի ռազմաօդային ուժերին հակազդելու գործում, հակառակորդի օդաչուներին հասկացրել, որ անպատժելի չեն: Մեր ուժերը խոցել են երկու տասնյակից ավելի ինքնաթիռ եւ ուղղաթիռ, մենք արժանին ենք մատուցում բոլոր այն մարդկանց, որոնք այդ գործի մասնակիցներն են եղել` մեր զինակից ընկերներին ու վետերաններին: Հետպատերազմական տարիներին ծավալուն աշխատանք է կատարվել ՀՕՊ համակարգի զարգացման ու կատարելագործման ուղղությամբ: Հատկապես նշեմ վերջին տարիներին կատարվածը. վերազինման շրջանակներում ձեռք են բերվել եւ զորքերի մարտակազմ մտցվել Ս-300 տեսակի շարժական զենիթահրթիռային համալիրներ, լայնածավալ աշխատանքներ են կատարվել Ս-300ՊՏ համալիրների կարգաբերման եւ մարտական հնարավորությունների առավելագույնս օգտագործման ուղղությամբ: Զորքերը նաեւ համալրվել են զենիթահրթիռային համալիրներով: Արցախի խնդիրը ուժային ճանապարհով լուծելու` հարեւան երկրից մշտապես հնչող հոխորտանքների պարագայում մեր խնդիրն է արհեստավարժության, կարգապահության եւ բարոյահոգեբանական բարձր որակների հիման վրա ապահովել մշտական մարտական պատրաստականություն: Կրկին շնորհավորում եմ ձեզ` մաղթելով նորանոր նվաճումներ ծառայության մեջ:
Այնուհետեւ մի շարք զինծառայողներ պարգեւատրվեցին մեդալներով ու արժեքավոր նվերներով:
Միջոցառումն ավարտելուց հետո սպայակազմն այցելեց Էջմիածնի Մայր Տաճար, ուր մոմավառության եւ օրհնանքի արարողություն կազմակերպվեց:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
մայոր
Լուս.` ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ

Խորագիր՝ #20 (885) 25.05.2011 – 01.06.2011, Ազգային բանակ


01/06/2011