Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ



Մայիսի 20-ին մայրաքաղաքի Շահումյանի տարածքային զինկոմիսարիատից թոռանը՝ Վաղարշակ Ներսիսյանին, զինվորական ծառայության ճանապարհեց ճանաչված ազատամարտիկ Հրաչիկ Աբրահամյանը, որին մարտական ընկերները երբեմն «Գերի Հրաչ» են անվանում, երբեմն էլ՝ «Մաուգլի»։
Հրաչիկը ծնվել է 1952թ. Բաքվում։ Շատ փոքր էր, երբ մայրը մահացավ, իսկ հայրը մեկնեց չգիտես ուր եւ այլեւս չվերադարձավ։ Նա եղբոր՝ Սլավիկի հետ մեծացավ Շուշիի մանկատանը, իսկ 1971թ. զորակոչվեց բանակ։ Զորացրվելուց հետո Հրաչիկն ամուսնացավ եւ կնոջ հետ մեկնեց Մոնղոլիա։ Ինչպես ինքն է նշում, այնտեղ իր տնտեսած գումարով կառուցել է փոքր մարզադաշտ եւ տեղի իշխանությունների կողմից պարգեւատրվել «Ժողովուրդների բարեկամության» մեդալով։ Լսելով Չեռնոբիլի աղետի մասին` վերադարձավ եւ մասնակցեց հետեւանքների վերացման աշխատանքներին։ 1988թ. նա արդեն Հայաստանում էր։ Տարբեր կամավորական ջոկատների կազմում մասնակցեց սահմանների պաշտպանությանը, հետախուզության ժամանակ գերվեց, սակայն տոկունության եւ հնարամտության շնորհիվ փախավ գերությունից։ Այնուհետեւ Հրաչիկը հայտնվեց Արցախում, մասնակցեց նախնիների բնօրրանի՝ Շուշիի ազատագրմանը, բազմաթիվ այլ մարտերի։ Հրաչիկ Աբրահամյանը պարգեւատրվել է Չեռնոբիլի աղետի վերացման երկու մեդալներով, ինչպես նաեւ «Մարտական ծառայության», «Դրաստամատ Կանայան», «Շուշիի ազատագրման» մեդալներով, բազմաթիվ այլ պարգեւներով։
Թոռներից առաջինին բանակ ճանապարհելը մեծ իրադարձություն է Աբրահամյանների ընտանիքի եւ հատկապես Հրաչիկի համար, որովհետեւ նա ապրում, ոգեւորվում, հպարտանում է ազգային բանակի ձեռքբերումներով։ Թոռը՝ Վաղարշակ Ներսիսյանը, որ արդեն զինվոր է եւ ծառայում է սահմանի պահպանություն կատարող զորամասերից մեկում, վերջին երեք տարիներին գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում եւ Հայաստան է վերադարձել զինվորական ծառայությունը շարունակելու նպատակով։ Ասում եմ՝ շարունակելու, որովհետեւ Վաղարշակը դեռ մանկուց, մայրաքաղաքի Դանիել Վարուժանի անվան N 89 դպրոցում սովորելուն զուգահեռ, անդամագրվել էր «Պատանի երկրապահ» ակումբին եւ տարիներ շարունակ մասնակցել բոլոր միջոցառումներին՝ արշավներ, ռազմերթեր, ճամբարային հավաքներ, զինվորական ծառայություն զորամասերում, հրաձգություն եւ լիովին ծանոթ է զինվորական կյանքին։ Ավելին, նա ԵԿՄ նախագահության կողմից «Ենթասպա» զինվորական կոչում է ստացել։
-2003-ից մասնակցել եմ ԵԿՄ-ի բոլոր հավաքներին, միջոցառումներին, եղել եմ Հայաստանի սահմանամերձ շրջանների եւ ԼՂՀ պաշտպանության բանակի գրեթե բոլոր զորամասերում, ընդգրկվել եմ վերակարգում եւ կատարել մարտական հերթապահություն,- ասում է Վաղարշակը։
Տարիների ընթացքում նա ոչ միայն հարազատ պապից է հայրենասիրության դասեր առել, այլեւ վերջինիս բազմաթիվ ընկերներից, երկրապահներից, ազգային բանակի ճանաչված սպաներից։
Երիտասարդ զինվորի տարերքը բանակն է, զինվորական ծառայությունը։ Նա ուզում է սովորել, զինվորական կրթություն ստանալ, սակայն չի շտապում.
-Ուզում եմ խորությամբ ուսումնասիրել բանակային կյանքը, զինվորների հոգեբանությունը, որ հետո, երբ արդեն սպա դառնամ, զինվորների նկատմամբ սխալ որոշումներ չկայացնեմ։
Հենց այսպես է մտածում նաեւ Վաղարշակի պապը՝ Հրաչիկը։
-Դեռ տասնինը տարեկան է, թող ծառայի, ապրի զինվորի կյանքով, զինվորի արժեքն իմանա,- ասում է նա։
Հրաչիկ Աբրահամյանի հետ Վաղարշակին ճանապարհելու են եկել մայրը՝ Արաքսյան, ընկերները՝ Հրաչյա Մղդեսյանը, Հարություն Նալբանդյանը եւ Հովհաննես Գեւորգյանը։ Տղաները բանակի համար դեռ փոքր են, դեռ մեկ տարի ունեն, սակայն այժմվանից հոգեբանորեն նախապատրաստվում են, իսկ տիկին Արաքսյան չի համբերում եւ բարեմաղթանքի խոսքեր է ասում բանակ մեկնող բոլոր տղաներին.
-Թող լինեն առողջ եւ ուժեղ, ուժեղներն են հաղթում եւ գծում հայրենիքի սահմանները։

Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ

Խորագիր՝ #20 (885) 25.05.2011 – 01.06.2011, Բանակ և հասարակություն


01/06/2011