Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՐԴԱՆԱՆՔ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ



«Վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց»

Օրհնյալ է Տեր Աստվածն իմ, որ ձեռքս վարժեցրեց պատերազմի եւ մատներս՝ ճակատամարտի։
Սաղմոս 143։1

Ազգերի կյանքում կան շրջաններ եւ երեւույթներ, որոնք նշանակություն են ստանում դարերի համար եւ դառնում են նրանց պատմության առանցքը, գոյության էությունը։ Հայ ժողովուրդն իր լինելիության պարզ ու գիտակցական ուղին վերջնականապես ձեւավորել է ազգովին քրիստոնեության ընդունմամբ եւ հայ գրերի գյուտով։
Ի՞նչ էր Վարդանանց պատերազմը, եթե ոչ պատասխան հարցին, թե հայը պիտի ապրի՞ իբրեւ ազգային միություն, թե՞ պիտի ձուլվի, անհետանա իրենից մեծ ազգերի մեջ, ինչպես վտակը՝ մեծ գետերի մեջ։
Հայաստանին տիրելու համար պարսից նպատակն էր քաղաքականապես եւ կրոնապես ջլատել հայ ժողովրդին՝ արմատախիլ անել քրիստոնեությունը եւ հաստատել զրադաշտական կրոնը։ Բայց փոքրաթիվ հայ ժողովուրդը Գրիգոր Լուսավորչի եւ Ներսես Մեծի, Սահակ Պարթեւի եւ Մեսրոպ Մաշտոցի ու նրանց աշակերտների հսկայական ջանքերի շնորհիվ ազգային-հոգեւոր վերածնունդ էր ապրում։ Կազմակերպված հաստատություն էր դարձել Հայաստանյայց Եկեղեցին, հայն ուներ իր գիրն ու դպրությունը։ Հայն իր մայրենի լեզվով կարող էր ըմպել քրիստոնեության զորավոր աղբյուրից։ Այս վիճակին հասնելու համար մեկուկես դար՝ սկսած 301թ.-ից, նախապատրաստական աշխատանք էր կատարվել։ Կերտվել էր ազգային գիտակցության շենքը. քաղաքականապես թույլ եւ նույնիսկ նախարարական տներով երկպառակված ժողովրդից ստեղծվել էր ազգային եւ հոգեւոր արժեքներով զինված մի ժողովուրդ, եւ պարսից հզոր արքաների սուրը պիտի բթանար եւ անկարող լիներ փշրելու նրա երկաթյա կամքը։
Վարդանանց պատերազմը հոգեւոր ազատության ամենամեծ արժեքների՝ քրիստոնեության եւ Հայաստանյայց Եկեղեցու, հայ լեզվի, դպրության ու ազգային հոգեւոր կյանքի անկախության պաշտպանությունն էր։ Բարու պատերազմն էր դա՝ սկսված հոգեւոր հայրերի կողմից եւ պաշտպանված զենքի զորությամբ. հիշենք, որ Վարդանը Ս. Սահակ Պարթեւի թոռն էր դստեր կողմից։ Բավական է կարդալ Ղազար Փարպեցու եւ Եղիշեի երկերը՝ համոզվելու համար, թե ինչ վիթխարի ուժ, հոգի, ինչ հզոր կամք եւ ինքնապաշտպանվելու ձգտում էր ծառացել պարսիկների դեմ։
Հայ հոգեւորականությունը, հայ զինվորական եւ իշխանական դասը, հայ կինը եւ գյուղացին շնչում էին նույն հոգեւոր ազատության գաղափարով՝ «ո՞վ կարող է հեռացնել մեզ Քրիստոսի սիրուց»։
Այսօր էլ նույն պատերազմն է՝ ոչ զենքի, ոչ հալածանքի, այլ մի ուրիշ տեսակի ահավոր թշնամու դեմ, որ հավատափոխություն, հոգեւոր երկպառակություն է կոչվում։ Այսօր էլ մեր ազգի բոլոր հին ու նոր թշնամիները փորձում են ջլատել մեր հոգեւոր միասնությունը, քանի որ քաջ գիտեն, թե իր հավատքից, իր Մայր Եկեղեցուց, ազգային արժեքներից ու իր արմատներից հեռացած հայը որքան հեշտությամբ է օտարի որս դառնում։ Այսօր զենքով չեն գալիս մեզ վրա ու բռնությամբ չեն հավատափոխ անում։ Այսօր ավելի նրբորեն են գործում, Հիսուսի ու Ավետարանի անունն են գործածում։ Սակայն մենք պիտի հստակորեն գիտակցենք, որ բոլոր տեսակի ավետարանչականներն ու հիսունականները, շաբաթապահներն ու սուտ վկաները մեր ազգի թշնամիների կամքն են կատարում եւ ունեն նույն առաքելությունը՝ վերացնելու հայ ժողովրդի միջից ազգային գիտակցությունն ու ջլատել ազգը։ Մենք իրավունք չունենք մոռանալու, որ մեզ հավաքող ու միացնող միակ հոգեւոր հաստատությունը, որի պաշտպանության համար դարեր շարունակ պայքարի էին ելել Վարդանանք, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին է՝ իր քրիստոնեական եւ ազգային բովանդակությամբ։
Ամոթ է մեզ մոռանալ Վարդանանց դասերը…
Վարդանանց պատերազմն այսօր էլ շարունակվում է…

ՄԻՔԱՅԵԼ սարկավագ ՀԱԿՈԲՅԱՆ
զորամասի հոգեւոր սպասավոր

Խորագիր՝ #20 (885) 25.05.2011 – 01.06.2011, Հոգևոր-մշակութային


01/06/2011