Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ՀՐԱՄԱՆԱՏԱՐ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ԶԻՆՎՈՐ…



…2009թ. հունիսին Մխիթար Հերացու անվան ՀՊԲՀ-ի առաջին կուրսը հաջողությամբ ավարտելուց հետո տղաս՝ Արծրունի Նազարյանը, զորակոչվեց ժամկետային զինվորական ծառայության։ Զորամասում, ուր ծառայում է նա, եղել եմ մի քանի անգամ։ Հսկիչ-անցագրային կետում՝ տեսակցությունների համար կահավորված սենյակում, ինչպես որ կարգն է՝ հանդիպել, զրուցել եմ Արծրունիի հետ ու վերադարձել տուն։ Առաջին այցելությանս ժամանակ ՀԱԿ-ում գտնվելով, նախկին զինվորականի բծախնդրությամբ հետեւելով անցուդարձին, վերակարգի պահվածքին, նիստ ու կացին՝ հասկացա, որ որդիս գտնվում է հենց այն զորամասում, ինչպիսին երազում են զինակոչային տարիքի բոլոր տղաների ծնողները։ Եվ ես չսխալվեցի։ Այն, ինչ կարելի է նկատել ու հասկանալ մի քանի րոպե ցանկացած զորամասի ՀԱԿ-ում (տան շեմին, հիմնարկի մուտքի մոտ…) գտնվելով, գրեթե անհնարին է՝ թեկուզ օրերով՝ հրամանատարի աշխատասենյակում գտնվելիս։ Ավելին, ՀԱԿ-ում կարելի է գրեթե ճշգրտորեն որոշել, թե ինչ է կատարվում հրամանատարի աշխատասենյակում…
Իր ծառայության ընթացքում Արծրունին հասցրել է փայլուն տիրապետել իրեն ամրացված զենքին եւ ապահովել մարտական ու կրակային պատրաստության բարձր ցուցանիշներ, այսպիսով՝ վայելելով հրամանատարների եւ ծառայակիցների հարգանքն ու վստահությունը։
Բազմիցս արժանացել է խրախուսանքների, այդ թվում՝ «Քաջարի մարտիկ» կրծքանշանի, պատվոգրի, ինչպես նաեւ՝ անվանական ժամացույցի՝ անձամբ պաշտպանության նախարարի կողմից։ Իսկ միջավայրը, ուր տղաս այդպես արժանապատվորեն կարողանում է իրականացնել իր պարտականությունները, ինչ խոսք, հենց այնպես չի տրվել։ Այն ստեղծվել է զորամասի հրամանատարության անընդմեջ եւ քրտնաջան աշխատանքի շնորհիվ, ինչը չտեսնելու համար առնվազն կույր պետք է լինել։ Հենց այդպիսի միջավայրն է չափահաս պատանուց կերտում երկրի արժանի քաղաքացուն, իսկ հակառակ դեպքում՝ պարզապես խեղում նրան…
Հարգելի խմբագրություն, մենք՝ կրտսեր սերժանտ Արծրունի Նազարյանի ծնողներս, նրա բոլոր հարազատների եւ մտերիմների անունից Ձեր թերթի միջոցով մեր խորին երախտագիտությունն ու շնորհակալությունն ենք ուզում հայտնել նախ զորամասի ամբողջ հրամանատարությանը՝ ի դեմս զորամասի հարգարժան հրամանատար գնդապետ Ս. Սեդրակյանին, ինչպես նաեւ մայոր Սասուն Ծառուկյանին՝ այդպիսի միջավայր ստեղծելու, ապա նաեւ մեր սիրելի որդուն՝ իր պարտականությունները քաջ գիտակցելու եւ արժանապատվորեն կատարելու համար…
Հարգանքներով եւ հպարտությամբ՝ ՍԱՄՎԵԼ ՆԱԶԱՐՅԱՆ

ՀԱՅԿԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Արարատի մարզ, գ. Զանգակատուն

Խորագիր՝ #20 (885) 25.05.2011 – 01.06.2011, Բանակ և հասարակություն


01/06/2011