Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՈՑ ԲԱԶԵՆԵՐԻ ՈԳԵՂԵՆ ԹՌԻՉՔԸ



ԴԱՆԻԵԼՅԱՆ ԳԱՌՆԻԿ ՀԱԿՈԲԻ

Ծնվել է 1955թ. օգոստոսի 13-ին, Երեւանում: 1962-1972թթ. սովորել եւ ավարտել է Կիրովի անվան միջնակարգ դպրոցը: 1977-1979թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1981թ. ավարտել է Կիրասանովի ավիացիոն տեխնիկական ուսումնարանը, վերադարձել Երեւան եւ աշխատանքի անցել «Էրեբունի» օդանավակայանում` որպես տեխնիկ, իսկ վերապատրաստվելուց հետո` որպես «Մի-8» ուղղաթիռների բորտմեխանիկ: Զոհվել է 1992թ. Շահումյանում հերթական մարտական առաջադրանքը կատարելու ժամանակ: Հետմահու պարգեւատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով: Աճյունն ամփոփված է Եռաբլուրում:
Գառնիկը գեղեցիկ, կյանքով լեցուն տղամարդ էր, վերին աստիճանի կատակասեր, անսահման սիրում էր կյանքը, սիրում էր բնությունը: Ինչ դժվարության էլ հանդիպեր, երբեք չէր դժգոհում, ամեն ինչ վերածում էր կատակի: Նրա բնածին հումորը օգնել է հաղթահարելու իր ճանապարհին հանդիպած բոլոր դժվարությունները: Գառնիկին անտրամադիր, վշտացած միայն երկրաշարժի ժամանակ են տեսել: Գյումրիից վերադարձել էր կերպարանափոխված, գեղեցիկ դեմքից չքացել էր իրենից անպակաս ժպիտը, խամրել էր աչքերի փայլը:
Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, Գառնիկը գրեթե տուն չէր գնում, նա գիշերներն էլ էր մնում օդանավակայանում, որ ուղղաթիռը վերանորոգի, պատրաստի թռիչքի: Սկզբնական շրջանում Գառնիկը թռչում էր ռուս զինվորական օդաչու Կադենկոյի հետ, որից շատ բան սովորեց, հետո սկսեց թռչել Գաբրիելյան Գեղամի, Նիկողոսյան Ստեփանի, Կիրակոսյան Հրայրի հետ: Մինչեւ զոհվելը Գառնիկը բազում թռիչքներ կատարեց Արցախ` տեղափոխելով սնունդ, պարեն, հումանիտար օգնություն, զենք, զինամթերք: Այնտեղից տեղափոխում էր ծերերի, երեխաների ու վիրավորների: Եթե հանկարծ նրան չէին ընդգրկում Արցախ թռչողների ցուցակում, զայրանում էր, վիրավորվում:
Գառնիկը զոհվեց կյանքի ծաղկուն շրջանում` 38 տարեկան հասակում, երբ դեռ անելիքներ ու երազանքներ ուներ, երբ կյանքը եռում էր նրա մեջ:

ԽԱՉԻԿՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ ՎԱԶԳԵՆԻ

Ծնվել է 1960թ. օգոստոսի 14-ին, Երեւանում: Ավարտել է Երեւանի Րաֆֆու անվան միջնակարգ դպրոցը: 1978-1979թթ. սովորել է Երեւանի Օլեգ Կոշեւոյի անվան թիվ 15 պրոֆտեխնիկական ուսումնարանում: 1979թ. ընդունվել է Վոլչանսկի քաղաքացիական ավիացիայի ուղղաթիռային օդաչուական ուսումնարանը: Ստանալով ուղղաթիռի օդաչուի որակավորում` գործուղվել է Ատկարսկի ավիաուսումնական կենտրոն` որպես հրահանգիչ: 1985թ. տեղափոխվել է Հայաստան եւ աշխատանքի անցել հայկական ավիացիայի Երեւանի միավորման ավիաջոկատում: Զոհվել է 1992թ. սեպտեմբերի 29-ին՝ Շահումյանում մարտական առաջադրանքը կատարելիս: Աճյունն ամփոփված է Եռաբլուրում, իր մարտական ընկերների կողքին:
Էդուարդը ծնողների միակ որդին էր, միշտ սիրված, միշտ ուշադրության կենտրոնում: Անհայր էր մեծացել, բայց մայրը եւ հարազատները ամեն ինչ արել էին, որ երեխան չզգար հոր պակասը, մեծանար ու դառնար հասարակությանը պիտանի լիարժեք քաղաքացի: Դեռ մանկության տարիներին տղան աչքի էր ընկնում իր համառությամբ, որի շնորհիվ հասնում էր գրեթե այն ամենին, ինչին ձգտում էր: Նրա մանկական երեւակայությունը ամբողջովին տարվել էր օդաչու դառնալու հեռանկարով: Էդուարդը կիրթ էր ու բարի, սիրում էր մարդկանց, սիրում էր կյանքը` իր բոլոր բարդություններով, սիրում էր ռոք երաժշտություն, միշտ երազում էր պարաշյուտով թռչել: Շատ էր սիրում մորը, բայց երկու մեծ սեր էլ կար նրա հոգում` մեկն իր ժողովուրդն էր, մյուսը` հայրենիքը` հողը, ջուրը, երկինքը:
Ղարաբաղյան շարժման հենց առաջին օրվանից նա ամբողջովին կլանվեց դրանով: Անխոս, անտրտունջ անձնակազմերի հետ թռավ Հայաստանի սահմանամերձ գոտիներ: Թռչելով Արցախ` տեղ էր հասցնում անհրաժեշտ բեռներ, կամավորական ջոկատներ, այնտեղից դուրս բերում վիրավոր եւ զոհված ազատամարտիկների, փրկում հարյուրավոր կյանքեր: 1992թ. սեպտեմբերի 29-ին աշնանային մի ամպամած, անձրեւոտ օր նա դուրս եկավ տանից եւ այլեւս չվերադարձավ` թողնելով բոլորին ցավ ու մորմոքի մեջ: Չվերադարձավ, այլ բերեցին նրանից մնացած սուրբ մասունքները…

Շարունակելի

ՆԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
լեյտենանտ

Խորագիր՝ #20 (885) 25.05.2011 – 01.06.2011, Ճակատագրեր


01/06/2011