Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՆԴԱՑՐՈՐԴԸ



Հայրենական պատերազմից տարիներ անց Ավետիք Իսահակյանին հյուր է գնում պատերազմին մասնակցած մի երիտասարդ գրող։ Այնտեղ է լինում գրականագետ, Ա. Իսահակյանի լավ բարեկամ Արամ Ինճիկյանը։ Խոսում են դեսից-դենից, պատերազմից։ Հանկարծ Վարպետը դիմելով երիտասարդին, հարցնում է.
-Պատերազմի ժամանակ ի՞նչ էիր անում։
-Գնդացրորդ էի,- պատասխանում է երիտասարդը։
Ավ. Իսահակյանը տարակուսած նայում է այս ու այն կողմ ու, ինչ-որ բան ցրելու ձեռքի շարժումներ անելով, հարցնում.
-Էսպես գնդեր էիր ցրո՞ւմ, ի՞նչ գնդեր էին դրանք…
-Պուլյոմոտչիկ, վարպե՛տ, պուլյոմոտչիկ,- կողքից հուշում է Ա. Ինճիկյանը։
-Հա՜, դե՛, էդպես ասա, տնաշեն, թե չէ ասում ես գնդացրորդ,- ասում է Իսահակյանը, զարմանալով, որ մարդը ճիշտ բառը չի օգտագործում։
Ի դեպ, ժամանակին Վահան Տերյանն է զարմացել՝ լսելով հեծանիվ եւ վերարկու բառերը։
Չիստիլչիկը

Իմ հայերենի ուսուցիչ Արտավազդ Բաբայանը պատերազմի մասնակից էր, վիրավոր։ Նա պատմում էր, թե ինչպես է ազատագրված Կիեւ քաղաքում գնացել կոշիկ մաքրող-փայլեցնողի՝ չիստիլչիկի մոտ՝ սապոգները մաքրելու։
-Ի զարմանս ինձ, պարզվեց, որ նա հայ է։ Աշխատանքի ընթացքում հարցրեց, կարդացե՞լ եմ արդյոք Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» վեպը։ Ասացի՝ առաջին անգամ եմ լսում, որ այդպիսի վեպ կա։ Նա ինձ իր տուն հրավիրեց, եւ մենք հանդիպեցինք երեկոյան։ Արդեն տանը, լամպի լույսի տակ նա ինձ ցույց տվեց «Վարդանանքի» երկու հատորը եւ ասաց, որ յուրաքանչյուր հայ պիտի կարդա այս վեպը։ Ես զարմացել էի, որ հայրենիքից այդքան հեռու ապրող այս հասարակ կոշիկ մաքրող հայը որքան ամուր է կապված մայր հողին… Ես նրան խոստացա, որ եթե պատերազմում չզոհվեմ ու տուն վերադառնամ, անպայման կկարդամ «Վարդանանքը»։ Այդպես էլ արեցի, իսկ դուք, անպիտաններ, մի չիստիլչիկի չափ էլ չկաք, ամեն ինչ անում եք, որ գիրք չկարդաք,- այսպես նախատում էր մեզ ընկեր Բաբայանը։

Պատրաստեց Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆԸ

Խորագիր՝ #20 (885) 25.05.2011 – 01.06.2011, Պատմության էջերից


01/06/2011