Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՎ ԹՇՆԱՄԻՆ ՓԱԽԱՎ ՆԱՊԱՍՏԱԿԻ ՊԵՍ



Սուրեն Համբարձումյանը մեր կենսաբանության դասատուն էր։ Կարճահասակ, կճատ քթով մարդ էր։ Չգիտեմ ինչու՝ նրան Պապու (հոպոպ) Համբարձումյան էին անվանում։ Նա Հայրենական մեծ պատերազմի մասնակից էր եւ արձակագիր Սերո Խանզադյանի հետ ծառայել էր նույն գնդում։ Գյուղական դպրոցի մանկավարժն ու ճանաչված գրողը լավ ընկերներ էին։ Սուրեն Համբարձումյանի հրավերով Սերո Խանզադյանը երբեմն մայիսի 9-ին գյուղ էր գալիս ու մասնակցում կազմակերպվող միջոցառումներին։ Ինչպես գրողը, այնպես էլ մանկավարժը ոգեւորված ներկայացնում էին իրենց գնդի մարտիկների խիզախությունը, հնարամտությունը եւ անպայման անդրադառնում էին այդ ժամանակ առաջին անգամ կիրառված նոր զենքի՝ Կատյուշայի դերին ու ազդեցությանը պատերազմի հետագա ընթացքի վրա։ Ս. Համբարձումյանը, որ վերջում էր ելույթ ունենում, ամենայն մանրամասնությամբ նկարագրում էր, թե ինչպես բերեցին այդ հզոր զենքը, ինչպես տեղադրեցին, կրակեցին, եւ կրակն ի՜նչ վիթխարի ավերածություններ կատարեց եւ սարսափ առաջացրեց թշնամու բանակում։ Հրաշունչ ելույթը նա պարտադիր ավարտում էր՝ «Եվ թշնամին փախավ նապաստակի պես» արտահայտությամբ, ու դահլիճը հոտնկայս ծափահարում էր ընկեր Համբարձումյանին, ու դրանով հանդիսությունն ավարտվում էր։ Աշակերտները տուն էին գնում, իսկ մեծերը՝ ձոր, նշելու Հաղթանակի օրը։

Պատրաստեց Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆԸ

Խորագիր՝ #20 (885) 25.05.2011 – 01.06.2011, Պատմության էջերից


01/06/2011