Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԵՏԱՔՍՅԱ ԷՋԸ



Անկախ պետականության երազանքը դարեր շարունակ բորբոքել է հայության բազմաթիվ սերունդների միտքն ու երեւակայությունը, ջերմացրել հոգին։ Աշխարհասփյուռ հայության զավակների շուրթերին «Ազատ, անկախ Հայաստան» բառակապակցությունը հնչել է որպես կախարդական խոսք, սրբազան երդում, աստվածաշնչյան պատգամ։ Հայության բազմաթիվ սերունդներ օտարության մեջ ապրել, դիմացել, պայքարել են այդ նվիրական երազանքով։ Նորջուղայեցի Շահամիր Շահամիրյանը իր երազանքին միս ու արյուն է տվել՝ երկնելով հայոց առաջին սահմանադրությունը՝ «Որոգայթ փառացը»։ Կալկաթայում հանգչող նրա որդու գերեզմանին փորագրված է. «Ո՜վ անցորդ, որ կարդում ես գերեզմանիս գիրը, գուցե դու կտաս ինձ հայրենիքիս անկախության ավետիսը, որին կաթոգին սպասում եմ»։ Եվ քանի-քանի կարոտաբաղձ սրտեր են իրենց հոգում խանդաղատանքով օրրել հայրենիքի անկախության գաղափարը, մինչ կծագեր 1918 թվականի մայիսի 28-ի արեւը…
Ահա աչքիս առջեւ սեղանի վրա դրված է Հայաստանի Առաջին Հանրապետության՝ ազատ, անկախ Հայաստանի մասին պատմող մի նվիրական մասունք. Թեհրանում լույս տեսած «Առավոտ» օրաթերթի 1920թ. հունվարի 26-ի N 52 առանձին համարը տպագրված… մետաքսե կտորի վրա։ «Առավոտն» այդ օրը առաջինը ի լուր ամենեցուն հայտնում է, որ Դաշնակից Պետությունների Վեհաժողովը հաստատել է Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Այդ ավետիսը Պարսկաստանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ Իշխան Հովսեփ Արղությանին է պաշտոնապես հայտնել Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան պ. Քոքսը։ Հիրավի, մետաքսե կտորի վրա գրվելիք ավետիս։ Թերթի առաջին էջի երկայնքով շեղակի խոշոր, կարմիր գլխատառերով գրված է. «ԿԵՑՑԵ՛ ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ»։ Հայաստանի Առաջին Հանրապետության կենսագրության այդ հարյուրամյա մասունք-վավերաթուղթը ձեռքերիս մեջ է. վավերաթուղթ, որ լույս է սփռում մեր Անկախության թերեւս քիչ հայտնի, անծանոթ մի դրվագի վրա։ Շրջանակի սառը ապակու վրայից փորձում եմ շոշափել մետաքսի կտորի վրա դաջված այդ կարմիր բառերը, շոյել նրբահյուս մետաքսի դեղնաճերմակը, մատս դնել ժամանակի ընթացքում ստացած վերքերի վրա։ Եվ մատներիս տակ ասես զգում եմ այդ սրբազան բառերի կենդանի բաբախը. «ԿԵՑՑԵ՛ ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ»։
-Մեր անկախության մասին վկայող այս փաստաթուղթը ավելի քան կես դար պահվում է մեր տանը, մեր տոհմական Ավետարանի, մեր ծնողների թանկագին հիշատակությունների կողքին,- արժանապատիվ հանդարտությամբ պատմում է տանտիրուհին՝ տիկին Մարո Ծաղիկյանը՝ իրանահայ անվանի ազգային ու հասարակական գործիչ Խաժակ Տեր-Գրիգորյանի այրին։ -Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության մասին պատմող այս եզակի մասունքը մշտապես մեր տան երեւացող պատին է փակցված եղել, բոլորին ի տես, մեր եւ մեր հյուրերի աչքի առջեւ։ Այս տարիների ընթացքում մենք ծերացանք, բայց այդ թերթի ավետիսը դեռ թունդ է հանում մեր սրտերը, ոգեւորում մեզ՝ անվերջ հիշեցնելով անկախության ու ազատ կյանքի անանց խորհուրդը։
Հայրենասեր այս հայուհին՝ իր ամուսնու տասնամյակների զինակիցն ու գաղափարակից ընկերը, մի ամբողջ կյանք նվիրաբերել է իրանահայ գաղութի կրթական-մշակութային կյանքին, երկար տարիներ հայոց լեզու եւ գրականություն դասավանդել Թեհրանի «Մարիամյան», ապա Սպահանի՝ Նոր Ջուղայի, հայոց դպրոցներում։
-Օտարության մեջ ապրող եւ աշխատող հայ ուսուցիչներն ու մտավորականները մի խնդիր ունեն. երեխայի սրտում փարոսի պես վառ պահել սերը հայրենիքի, սեփական լեզվի ու ժողովրդի, նրա պատմության նկատմամբ։ Ուսուցիչը սփյուռքում պարզապես գիտելիք փոխանցող չէ, այլ շատ ավելին։ Մենք մեր երեխաների սիրտը լցրել ենք հայրենիքով, հայրենիքի անկախության, ազատության մասին մեր երազանքներով։ Մենք սրբորեն շարունակել ենք իրանահայ մշակույթի եւ կրթության երախտավորներ Երվանդ Հայրապետյանի, Արամ Գառօնեի, Ամատունի Արզումանյանի, Բախտիկ Մինասյանի, Անուշավան Գրիգորյանի եւ էլի ու էլի շատերի ազգապահպան գործը։ Մենք համարյա չենք ապրել մեր անձնական կյանքով, շնչել ու ապրել ենք ազգային հոգսերով ու խնդիրներով, եւ մեր կյանքը մի երկարատեւ պայքար է եղել հանուն մեր վաղվա ազատ հայրենիքի… Չեք հավատա, եթե ասեմ, որ երբ ես այնքան մեծացա, որ սկսեցի ինձ ու աշխարհը ճանաչել, շատ զարմացա, երբ իմացա, որ հայից բացի ուրիշ ժողովուրդներ էլ կարող են լինել։ Ինձ թվում էր՝ աշխարհը միայն հայերով է բնակեցված, հայերինն է… Ահա ինչպես էր ինձ դաստիարակել հայրս։ Ի դեպ, մեր ազգանունը՝ Ծաղիկյան, եզակի է պարսկահայերի մեջ. հայրս այդպես էլ թույլ չտվեց, որ իր ազգանունը գրվի Գյուլումյան, որը շատ հասկանալի ու հեշտ էր գրվում պարսկերենով…
Հայաստանի անկախության ավետիսը տվող «Առավոտի» այդ համարը ամուսինս՝ հանգուցյալ Խաժակ Տեր-Գրիգորյանը, պահել է աչքի լույսի պես, ես էլ այն սրբորեն կպահպանեմ այնքան ժամանակ, մինչեւ կարողանամ ի պահ տալ Խաժակ թոռանս, որ ծնվել է երեկ՝ Հայաստանի Հանրապետության անկախության տոնից ուղիղ մեկ շաբաթ առաջ։ Եվ այդ թերթը կլինի պապից թոռանը փոխանցվող ամենամեծ գանձը։ Մեր անկախության փառահեղ տոնը՝ Մայիսի 28-ը, մեր տանը եւ մեր համայնքում ահա 91 տարի նշվում է այնպիսի ոգեւորությամբ ու խանդավառությամբ, ինչպես միայն նշվում է Քրիստոսի Հարության սուրբ տոնը։

Համոզված, որ Թեհրանի «Առավոտ» թերթի առանձնահամարում տպագրված Ազդը մեր ժողովրդի նորագույն պատմության փառահեղ էջերից մեկի անկախ պետականության վերակերտմանը վերաբերող եւս մի նվիրական վավերաթուղթ է՝ թերեւս անհայտ ընթերցողների լայն շրջանակին, ներկայացնում ենք թերթի Ազդը ամբողջովին։

«Առավոտ» Երկուշաբթի, 26 հունվարի 1920թ. N 52
Առանձին համարը ամեն տեղ 10 շահի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՍՏԱՏՎԵՑ
ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ

ԱԶԴ

Սրանով պատիվ եւ երջանկություն ունեմ հայտարարելու, որ իմ ստացած պաշտոնական տեղեկությունների հիման վրա Հայաստանի կառավարությունը արդեն ճանաչված է Դաշնակիցների Գերագույն Խորհրդի կողմից։
Հայաստանի այն նահանգների մասին, որոնք գտնվում են Տաճկաստանի նախկին սահ… (թերթի այս հատվածը անընթեռնելի է) կարգադրություն կլինի տաճկական հարցի լուծման ժամանակ։
Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ Պարսկաստանում
ՀՈՎՍԵՓ ԱՐՂՈՒԹՅԱՆ

Ամսի 24-ին երեկոյան 8.30-ին Ն.Մ.Մ. Բրիտանական դեսպան Ն.Գ.Ս.Պ. Քոքս նամակով ավետում է Հայաստանի դեսպան իշխան Հովսեփ Արղությանին Հայաստանի անկախության հաստատումը Դաշնակիցների Գերագույն Խորհրդի կողմից եւ հայտնում իր շնորհավորությունները։
Երեկ՝ ամսի 25-ին, երեկոյան ժամը 4-ին Ն.Մ.Մ. Բրիտանական դեսպան Ն.Գ.Ս.Պ. Քոքս փոխայցելության գալով Հայաստանի դեսպանատուն, անձամբ շնորհավորեց Հայաստանի անկախության հաստատումը Դաշնակիցների Գերագույն Խորհրդի կողմից, հույս հայտնելով, որ երիտասարդ Հայաստանը պիտի ունենա փայլուն ապագա։
Հրաժեշտի ժամանակ Ն.Մ.Մ. Բրիտանական դեսպանը կրկին շնորհավորելով Հայաստանի անկախությունը, իր ուրախությունը հայտնեց, որ իրեն վիճակվեց այս մեծ ավետիսը տալու հաճույքը Հայաստանի Անդրանիկ ներկայացուցչին։ Հայաստանի դեսպան իշխան Հովսեփ Արղությանը հայտնելով իր ջերմ շնորհակալությունները՝ ավելացրեց, որ իրեն պատիվ կհամարի այդ մասին հաղորդել իր Կառավարությանը եւ շեշտեց, որ նա երբեք չի մոռանա, որ Հայաստանի անկախության պաշտոնական հաստատման ավետիսը իրեն տալիս է ներկայացուցիչն այն Մ. Բրիտանիայի, որն այնքան ջանք է գործադրել Հայաստանի անկախության իրականացման գործում։

Մարդկության եւ պատմության ամենասրբազան դատի լուծումը, ճշմարտության եւ մարդկայնության ամենամեծ հաղթանակներից ամենափայլունը, պայքարի, արյան, մարտիրոսության, միլիոնավոր զոհերի, անթիվ հերոսների ծնունդը, մեր դարավոր երազների եւ անուրջների իրականացումը, մարտիրոս եւ սրբազան Հայաստանի հարությունը՝ շնորհավորում ենք Հայ ժողովրդին, Հայաստանի խիզախ կառավարությանը եւ պարսկահայ ժողովրդին։
Հանգիստ եւ խաղաղություն Ձեզ, ամենամեծ դատի միլիոնավոր մարտիրոսներ եւ հերոսներ, հանգիստ եւ խաղաղություն Ձեզ, որովհետեւ ԴՈՒՔ ՀԱՂԹԵՑԻՔ։
«ԱՌԱՎՈՏ»
Տպարան «Փարոս», Թեհրան

ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆ

Խորագիր՝ #20 (885) 25.05.2011 – 01.06.2011, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


01/06/2011