ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ ԱՂԱՂԱԿՈՂ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ…
Օրերս «Հայ զինվոր» թերթի խմբագրություն այցելած Սերգեյ Կարապետյանը ներկայացավ որպես Խորհրդային Միության 46-րդ դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Սերգեյ Կարապետյանի թոռը: Երկու խնդրով էր եկել: Առաջինը Գորիսում իր լեգենդար պապի անունով փողոցի վերանվանման խնդիրն էր: Մյուսը ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Կոտյուխից ստացված նամակն էր, որում վերջինս խնդրում էր տեղեկություններ հայթայթել Մեծ հայրենականում հերոսաբար զոհված մեկ այլ հերոս հայորդու՝ կրտսեր լեյտենանտ Արտյուշա Օհանջանյանի մասին՝ ՌԴ ռազմաօդային ուժերի կազմավորման 100-ամյակի առթիվ Վորոնեժում նրա անվամբ փողոցում հուշատախտակ տեղադրելու և հերոսի կենսագրական տվյալները համալրելու համար: Մեր այցելուն հատկապես մտահոգ էր ռուսաստանցի լրագրողի խնդրանքը բավարարելու հարցով եւ ակնկալում էր, որ խմբագրությունը հնարավորինս հետամուտ կլինի եւ կօգնի գլուխ բերելու փաստահավաքության դժվարին եւ նվիրական գործը: Իսկ իր պապի՝ Սերգեյ Կարապետյանի անվան հետ կապված խնդիրն ինքը գրեթե լուծված է համարում: Այդպես էլ արեցինք. հաջողվեց գտնել կրտսեր լեյտենանտ Արտյուշա Օհանջանյանի ազգականներին և հետաքրքրական փաստեր քաղել նրա մասին, որոնք կներկայացնենք մեր թերթի հաջորդ համարում:
Իսկ այս հոդվածում, այդուհանդերձ, կանդրադառնանք գեներալ Սերգեյ Կարապետյանի անվան շուրջ վերջերս Գորիս քաղաքից հնչած արդարացի դժգոհությանը, որը, ինչպես պարզվեց, հետագայում տարածվել է մինչև Ռուսաստան և այնտեղ նույնպես բողոքի լուրջ ալիք բարձրացրել:
Խնդիրն այն է, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի փողոցներից մեկը կրել է Խորհրդային Միության գեներալ-մայոր Սերգեյ Կարապետյանի անունը: Հայրենականում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձի կապակցությամբ անցյալ տարի գեներալի ազգականները որոշել են անձնական նախաձեռնությամբ փողոցի մաշված ու խունացած ցուցանակները փոխարինել նորերով և դիմել են քաղաքապետարան: Ու հանկարծ պարզվել է, որ արդեն 20 տարի է, ինչ փողոցի անվանումը փոխվել է, և այժմ այն կրում է Կոմիտասի անունը: «Մեզ փաստորեն շփոթության մեջ են գցել ցուցանակները, որոնք քաղաքապետարանն անվանափոխումից հետո անգամ ծուլացել է փոխել նորերով»,- ասում է գեներալի թոռը՝ Սերգեյ Կարապետյանը,- քաղաքապետարանում մեզ ոչ ոք բացատրություն չկարողացավ տալ, թե ինչո՞ւ և ինչի՞ հիման վրա է կատարվել անվանափոխությունը, և ասացին, որ բոլոր փաստաթղթերն այրվել են հրդեհի ժամանակ»:
Այս դեպքը կարելի էր թյուրիմացություն համարել, եթե վերջին տարիներին միակը լիներ (երևանցիների հիշողության մեջ դեռ թարմ է Թամանցիների փողոցի անվան շուրջ ծավալված աղմուկը): Իսկ նրանց համար, ովքեր մինչև փողոցի անվանափոխությունն իրականացնելը գոնե հարկ չեն համարել տեղեկանալ, թե ով է եղել գեներալ-մայոր Սերգեյ Կարապետյանը, ինչ կենսագրություն և ինչ վիթխարի ներդրում է ունեցել Հայրենական մեծ պատերազմում, ներկայացնենք որոշ տեղեկություններ նրա փառավոր ուղուց:
Լեգենդար 46-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի պատմությունը, որի հրամանատարը ստեղծման օրից մինչև 1944թ. եղել է Սերգեյ Կարապետյանը, սկիզբ է առնում 174-րդ դիվիզիայից: 1942թ. հուլիսից 174-րդ հրաձգային դիվիզիան Վորոնեժյան ճակատի 6-րդ բանակի կազմում գերմանա-ֆաշիստական զորքերի դեմ ռազմական գործողություններ է վարել Դոնում: Օգոստոսի 5-ին բանակը հզոր հարված է հասցնում գերմանական և հունգարական բանակներին, ամրանում է Դոնի աջ ափին եւ գրավում Ստորոժևսկի պլացդարմը, որը գտնվում է Վորոնեժից դեպի հարավ-արևելք՝ Կորոտյակ քաղաքի մոտակայքում:
Պետրոպավլովսկի և Կորոտյակի համար հուլիսին, օգոստոսին և սեպտեմբերին մղված մարտերի ընթացքում դիվիզիան ջախջախում է 75-րդ և 366-րդ, ինչպես նաև 4-րդ և 12-րդ հունգարական հետևակային դիվիզիաները, գերմանացիների 685-րդ և 686-րդ առանձին հետևակային գնդերը, հեծելազորի երկու էսկադրոններն ու հունգարացիների 337-րդ առանձին գունդը:
Գերմանացի զավթիչների դեմ մղված մարտերի ընթացքում ցուցաբերած խիզախության, բարձր կազմակերպվածության, արիության և կարգապահության համար 1942թ. հոկտեմբերի 10-ին 174-րդ դիվիզիան վերաձևավորեց 46-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի, որի կազմում գվարդիականի կոչման արժանացան բոլոր գնդերը: Այս առիթով դիվիզիա այցելած ճակատի հրամանատար, Խորհրդային Միության մարշալ Ն.Ֆ.Վատուտինը անձամբ շնորհավորեց դիվիզիայի հրամանատար, այն ժամանակ դեռ գնդապետ Սերգեյ Կարապետյանին փայլուն հաղթանակի առիթով: Գնդապետ Կարապետյանը ներկայացվեց պարգևատրման՝ արժանանալով Կուտուզովի 2-րդ աստիճանի շքանշանի (նա նաեւ Կարմիր դրոշի 3, Սուվորովի եւ Կուտուզովի 3-րդ աստիճանի, ինչպես եւ Լենինի շքանշանների ասպետ է): Նրան շնորհվում է նաեւ գեներալ-մայորի զինվորական կոչում: Այսպիսով նա դարձավ հերոսական 46-րդ դիվիզիայի ամենաերկարակյաց հրամանատարը՝ պաշտոնավարելով 1942-ի մայիսի 4-ից մինչև 1944-ի փետրվարի 7-ը:
Այնուհետեւ 1945 թվականին՝ որպես Առաջին Բելոռուսական ճակատի 146-րդ դիվիզիայի հրամանատար, Սերգեյ Կարապետյանը մասնակցել է Վիսլայի մարտերին, Վարշավայի, Օդերի ազատագրմանը, Բեռլինի գործողությանը: Հետպատերազմյան շրջանում Անդրկովկասյան զինվորական օկրուգի 7-րդ գվարդիական բանակի շտաբի մարտական պատրաստության բաժնի պետն էր: Նշանակվել է Թուրքիայի դեմ պատրաստվող հարձակման գործողությունների կազմակերպիչ, սակայն ճապոնական երկու քաղաքների ատոմային ռմբակոծումից հետո գործողությունը կասեցվեց, որն էլ դարձավ նրա հիվանդության և 1948թ.-ին սեփական «դիմումի համաձայն» թոշակի անցնելու պատճառը: Մեծ էր գեներալ Կարապետյանի, ինչպես նաև նրա մյուս հերոսական հայազգի զինակիցների հիասթափությունը:
♦♦♦
Կարապետյանների տոհմը արմատներով Խնձորեսկից է: Գեներալի ավագ եղբայրը՝ ակադեմիկոս-քաղաքագետ Կարապետ Կարապետյանը, ապրել և իր մահկանացուն կնքել է Մոսկվայում: Մինչև օրս Խնձորեսկում ապրում են նրանց ազգականները՝ Արչոյանց մեծ ցեղի ներկայացուցիչները՝ Մնացական Կարապետյանի գլխավորությամբ, որի որդիները Արցախյան պատերազմի տարիներին ձեռքերը ծալած չեն նստել:
Հարկ է նշել, որ գեներալ Սերգեյ Կարապետյանի ընտանիքում գեներալական ուսադիրների ետևում թաքնվելու սովորություն չի եղել: Նրա կինը՝ Արուս Կարապետյանը, ծնունդով Թիֆլիսից էր, դերասանուհի: Պատերազմի տարիներին գնացել է ամուսնու ետևից, ճակատի առաջին գծում համերգներ տվել: Մեծ հայրենականի վետերան է: Ավագ որդին՝ Ռեմ Կարապետյանը, որպես օդաչու, կռվել է 46-րդ դիվիզիայում՝ իր հոր հրամանատարության ներքո: Կրտսեր որդին՝ Բորիսը, շարունակելով հոր գործը, դարձել է ծանր հրետանու փոխգնդապետ, ապա, ծառայությունից վերադառնալով, հաստատվել է Երևանում: Արցախյան պատերազմի սկզբնական շրջանում գործուն մասնակցություն է ունեցել ՀՀ ՊՆ ռազմաավիացիոն թռիչքատեխնիկական ուսումնարանի ստեղծման գործում:
Գեներալ Կարապետյանի հարսը՝ Ֆրեդա Վրույրին, լինելով Կենտրոնական բժշկական խորհրդի նախագահը, ՀՀ գլխավոր թերապևտ, եղել է ՀՀ պաշտպանության նախարարության բժշկական ծառայության հիմնադիրներից: Թոռը՝ Կարապետյան Իգորը, վիրաբույժ է, Արցախյան պատերազմի մասնակից:
Կարապետյանների ընտանիքը, դժգոհության ալիքին միացած ՀՀ, ՌԴ և ԱՊՀ վետերանների միության անդամները, ինչպես նաև «Հայ զինվորի» խմբագրությունը, վստահ ենք, որ ինչպես Սյունիքի մարզպետարանը, այնպես էլ Գորիսի քաղաքապետարանը հետևողական կլինեն, և փողոցը կրկին կստանա իր նախկին՝ «Գեներալ-մայոր Սերգեյ Կարապետյան» անունը, հատկապես որ գեներալ Կարապետյանի ընտանիքը վերջերս Սյունիքի մարզպետարանից նամակ է ստացել, որում խոստանում են զբաղվել անվանափոխության խնդրով:
Փողոցները, հրապարակները, դպրոցները պատերազմական հերոսների՝ մեր հայրերի ու պապերի անուններով անվանակոչելը մեր կենսագրության վավերացումն է, ռազմահայրենասիրական դաստիարակության անհրաժեշտ և խիստ կարևոր մասը, մանավանդ այս լարված օրերում, մանավանդ, երբ մեր զինվորները սահմանին կանգնած անքուն գիշերներ են լուսացնում՝ պաշտպանելով հայրենիքը:
Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #01 (1121) 21.01.2016 - 27.01.2016, Բանակ և հասարակություն, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում