ՀԱՐԱՎԱՐԵՎԵԼՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՈՒՐ Է
ԼՂՀ ՊԲ հարավարեւելյան ուղղություն: 2015 թվական: Հակառակորդը իրականացրեց հարձակողական, դիվերսիոն գործողություններ, գնդակոծություններ մեծ տրամաչափի զինատեսակներից: Զորամասի զինծառայողների մասնագիտական պատրաստվածության, անձնական խիզախության շնորհիվ հակառակորդը ձախողեց իր որդեգրած նենգ մարտավարությունը, կրեց կորուստներ ու ետ շպրտվեց:
Ոչ մի ոտնձգություն անպատասխան չի մնում
Հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի հրամանատար, գնդապետ
-2015 թվականին իրավիճակն առաջնագծում լարված էր: Դեկտեմբերին այն հասավ իր գագաթնակետին: Հակառակորդը խոշոր տրամաչափի զինատեսակներից ինտենսիվ, նպատակային կրակ էր վարում մեր դիրքերի, զինծառայողների ուղղությամբ: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը նախորդող օրերին եւ դրանից անմիջապես հետո չափն անցավ: Հակառակորդը թիրախավորել էր մեր մեքենաները՝ փորձելով խոցել մարտական հեթափոխի մեկնող անձնակազմը: Մենք, կանխատեսելով հակառակորդի սադրանքները, նախապատրաստվել էինք: Տեղադրել էինք դարաններ, տեղակայել էինք ռեզերվային խմբեր: Դեկտեմբերի 18-ին ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումը փորձ ձեռնարկեց ներխուժելու միջդիրքային տարածք: Դարանակալած մեր հետախուզական ստորաբաժանման զինծառայողները հավաստանշեցին հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և անցան պաշտպանական մարտի: Ադրբեջանական գրոհայինները, կորուստներ տալով, ետ շպրտվեցին ելման դիրքեր: Ցավոք, ծավալված մերձամարտի ընթացքում արիաբար զոհվեցին զորամասի ժամկետային զինծառայողներ Աղասի Գրիգորյանն ու Ռուբեն Ալեքսանյանը: Չորս զինծառայող վիրավորվեց: Պետք է ասեմ, որ մեր դիրքերում կանգնած են հերոս տղաներ, որոնք պարտաճանաչությամբ, կյանքի գնով կատարում են մարտական խնդիրները, դիմակայում հակառակորդին եւ իրենց բարձր պատրաստականությամբ ծնկի են բերում ժամանակակից սպառազինությամբ զինված, հատուկ պատրաստություն անցած թշնամուն: Նոր սերունդը ոչնչով չի զիջում մեզ՝ պատերազմ անցած սպաներիս: Մեկ մարդու պես պատրաստակամություն են հայտնում մասնակցելու պատժիչ գործողություններին: Ոչ մի ոտնձգություն անպատասխան չի մնում: Թշնամին կենտրոնացման շրջաններում ունեցել է թե՛ մարդկային, թե՛ տեխնիկայի կորուստներ: Մենք գիտենք հակառակորդի խոցելի կողմերը և պետք եղած ժամանակ ավելի խիստ ենք գործելու:
Այժմ իրավիճակը համեմատաբար կայուն է, բայց այնուամենայնիվ հակառակորդը կրակ է վարում մեծ տրամաչափի դիպուկահար զենքից, անօդաչու թռչող սարքերի միջոցով փորձում է ուսումնասիրել առաջնագիծը: Անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար մենք ինժեներական ծավալուն աշխատանքներ ենք կատարել: Քաշաթաղի վարչական շրջանի ղեկավար Սուրիկ Խաչատրյանի գլխավորությամբ երկու հարյուր կամավոր է ներկայացել և լրակահավորման աշխատանքներ իրականացրել առաջնագծում: Այնպես որ՝ թիկունքի աջակցությունն այստեղ զգում ենք: Հակառակորդին եմ դիմում՝ մեր տունն ամուր է, մուտք գործելը՝ անհնարին:
Պատրաստ ենք հակահարվածի
Հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ
-2015 թվականին հակառակորդը փորձեց նվազեցնել մարդկային գործոնի ներգրավվածությունը և առաջնագծում լարվածությունը մեծացնելու նպատակով գործի դրեց ծանր զինատեսակները: Կարելի է ասել` սանձազերծեց զինտեխնիկայի, սպառազինության կռիվ: Մեր ուղղությամբ կիրառեց 60, 82, 120 մմ տրամաչափի ականանետներ, անօդաչու թռչող սարքեր, ռեակտիվ հրթիռահրետանային կայանք: Եղել են դեպքեր, երբ հակառակորդը իր տեխնիկան, տանկերը հանել է նախորոշման շրջաններ: Ուժերի հարաբերակցությունը պահպանելու համար մենք ևս օգտագործել ենք համարժեք զինատեսակներ, համապատասխան գնդացիրներ: Ուժեղացրել ենք դիտարկումները: Շեշտը դրել ենք դիպուկ կրակի վրա, մեզ համար առաջնայինը մարդկային գործոնն է: Ի վերջո, ցանկացած զինատեսակ կարելի է ոչնչացնել, եթե ճիշտ հայտնաբերվեն դրա տեղակայման կոորդինատները: Ինչ վերաբերում է սարքերին ու ռազմական տեխնիկային, ապա դրանց պակասը չունենք. մեր դիրքերը ապահովված են և՛ ջերմատեսիլ սարքերով, և՛ գիշերային դիտարկման միջոցներով, և՛ հեռադիտակներով: Ծավալված են համապատասխան կետեր՝ գիշերային դիտարկումները նպատակային իրականացնելու համար, կարող ենք խորքում ուսումնասիրություններ կատարել թե՛ գիշերը, թե՛ ցերեկը: Մեր դիրքերն ապահովված են անօդաչու թռչող սարքերը ոչնչացնելու համար նախատեսված հրթիռներով: Մարտական, տրանսպորտային ռազմական տեխնիկան սարքին է, եւ, որ ամենակարևորն է, ունենք զենքի, զինամթերքի, մարտական տեխնիկայի նկատմամբ հոգատար, զորավարժությունների ընթացքում կոփված զինծառայողներ: Պատրաստ ենք ցանկացած զարգացման, պատրաստ ենք հակահարվածի:
Աչալուրջ ենք, քան երբեւէ
Գումարտակի հրամանատար, մայոր
-Իմ ղեկավարած գումարտակն իրականացնում է մարտական հերթապահություն: Այն համալրված է հմուտ, նախաձեռնող, համարձակ սպաներով ու զինվորներով: Մեր գերխնդիրն է՝ պաշտպանել հողը: Դրա համար ունենք և՛ կամք, և՛ հստակ մշակված անելիքներ: Այստեղ ոչ մեկն իրեն չի խնայում, անվերջ կատարելագործում ենք մեր գործնական ունակությունները: Բարձրաստիճան սպայից մինչև շարքային զինվոր բոլորը գիտեն, հասկանում են՝ ինչը զորամասում տեսություն է, դիրքում դառնում է գործողություն: Այս ընթացքում մեր ճկունության, հնարամտության, մասնագիտական ունակությունների շնորհիվ կարողացանք և՛ մոլորեցնել, և՛ պատասխանել, և՛ կասեցնել ու պատժել հակառակորդին: Նաև մի կարևոր հետևություն արեցինք՝ սպայի ու զինվորի արհեստավարժությամբ են պայմանավորված մեր բանակի հաղթանակները:
Ուզում եմ մեկ անգամ ևս հիշեցնել իմ զինվորներին՝ հակառակորդի հետախուզությունը քնած չէ, նրանք էլ են հետևում մեզ, ուստի որտեղ թուլացանք, ճեղքումը հենց այդտեղ է լինելու: Ի վերջո, սա խաղաղություն չէ, տղերք, գլուխներդ մի բարձրացրեք, դիտարկումը պարտաճանաչորեն կատարեք: Զգոն եղեք:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Խորագիր՝ #01 (1121) 21.01.2016 - 27.01.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում