Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏՎՈՎ ԾԱՌԱՅԻՐ, ՓԱՌՔՈՎ ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁԻՐ



ՊԱՏՎՈՎ ԾԱՌԱՅԻՐ, ՓԱՌՔՈՎ ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁԻՐ«Հայ զինվոր» թերթի հատուկ թղթակից Գայանե Պողոսյանի հարցազրույցը ՀՀ զինվորական կոմիսար գնդապետ ՀԵՆՐԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ:

 

-Պարոն գնդապետ, գաղտնիք չէ, որ 2015 թվականը ծանր տարի էր ինչպես մեր բանակի, այնպես էլ մեր ժողովրդի համար, որովհետև հակառակորդը պարբերաբար խախտում էր զինադադարի ռեժիմը, ծավալում էր դիվերսիոն գործողություններ… Ցավոք, մեզ չհաջողվեց խուսափել զոհերից… Եվ որքան էլ մեր բանակը հակառակորդին քանիցս պատժեց մարդկային և նյութական անհամեմատ մեծ կորուստներով, մեր ցավը մնաց անսփոփ, և սահմանին տիրող իրավիճակը էականորեն անդրադարձավ մեր տրամադրության և հոգեբանության վրա: Զորակոչի ընթացքում զգալի՞ են թեկուզ դեկտեմբերյան իրադարձությունների շորշոփները….

– Ի պատիվ մեր ժողովրդի պիտի ասեմ, որ երբ սահմաններին վտանգ կա, երբ թշնամին ոտնձգություններ է անում մեր հայրենիքի դեմ, երբ սպառնում է մեր ազատությանը, մենք ավելի ենք համախմբվում: Մենք դառնում ենք ավելի հավաք, ի մի ենք բերում ողջ ուժերը, որ սահմանն՝ անառիկ, երկիրն աննվաճ պահենք: Յուրաքանչյուրս գիտակցում ենք պատասխանատվության մեր բաժինը ու մեր պարտքը հայրենիքի հանդեպ: Ոչ միայն խուճապային տրամադրություն չկա ծնողների ու զինակոչիկների շրջանում, այլև ես նկատում եմ ավելի մեծ պատրաստակամություն ու լրջություն: Զինակոչիկների ոգին բարձր է, նրանք պատրաստ են զենքով պաշտպանելու հայրենիքը: Նույնքան ամուր ու վճռական են նրանց ծնողները…

-Իսկ մենք հաճախ դժգոհում ենք դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակության որակից, հայ ընտանիքներում ձևավորված արժեհամակարգից, հասարակության բարոյախոսությունից…

-Հայրենիքը պաշտպանելու գաղափարը այնքան ամուր է նստած մեր արյան մեջ, որ հաղթելու է բոլոր պայմանականություններն ու շրջանցելու է բոլոր խոչընդոտները: Խաղաղ ժամանակ, հնարավոր է, մենք երբեմն թերանում ենք քաղաքացիական պարտքը կատարելիս, արտագաղթում ենք ավելի բարեկեցիկ կյանքի ակնկալիքով, բայց հենց վտանգվում են հայրենիքի սահմանները, մենք մոռանում ենք ամեն ինչ… Մենք դառնում ենք ամենաուժեղ, ամենահայրենասեր, ամենախիզախ ժողովուրդը…

-Բանակ է գալիս հետպատերազմյան տարիներին ծնված սերունդը… Եթե եղածին հավելենք արտագաղթը, կասկած չի մնա, որ զորակոչային ռեսուրսի սակավության մասին խոսակցությունները և մտահոգությունները անհիմն չեն. կկարողանա՞նք բանակ ուղարկել պարտադիր ժամկետային զինծառայողների այն քանակը, որն անհրաժեշտ է հակառակորդին դիմակայելու եւ երկրի սահմանները պաշտպանելու համար:

-Միանշանակ՝ այո: Ես կարող էի նաև համաձայնել Ձեր ասածին, եթե բանակում ներդրված չլիներ պայմանագրայինների ինստիտուտը, ինչը ապահովում է աստիճանական անցում դեպի պրոֆեսիոնալ բանակ: Այս պայմաններում մենք ունենք զորակոչային այնքան ռեսուրս, որքան անհրաժեշտ է բանակը պարտադիր ժամկետային զինծառայողներով համալրելու համար:

-Կա՞ պայմանագրայինների ներհոսք, սահմանային ընդհարումները, զոհերը չե՞ն նվազեցրել մարդկանց զինծառայող դառնալու ցանկությունը:

Անկեղծ ասած, ես հարցը տալիս եմ, թեև գիտեմ պատասխանը, պարզապես ուզում եմ մեր ընթերցողը պատասխանը լսի հանրապետության զինվորական կոմիսարի շուրթերից… Վերջին շրջանում ինձ դիմել են մի քանի տղաներ, որոնց այս կամ այն հիվանդության պատճառով մերժել են և չեն ընդունել պայմանագրային զինծառայության: Նրանք պնդում էին, որ իրենց հիվանդությունը չի խանգարի թշնամու ճանապարհը փակելիս… Այնքան հուզիչ էր ու ոգևորող:

-Շատ կարճ կպատասխանեմ այս հարցին՝ պայմանագրայինների հոսքը վերջին շրջանում ոչ թե նվազել, այլ ավելացել է:

– Իմ զարմիկը պարտադիր ժամկետային զինծառայությունն էր իրականացնում, մարտական հերթապահություն էր կատարում ամենավտանգավոր տարածքներից մեկում: Պարտադիր ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո որոշեց, որ պիտի շարունակի պաշտպանել հայրենիքը՝ այս անգամ արդեն պայմանագրային հիմունքներով: Նման դեպքեր շատ-շատ են, երբ ծանր, վտանգավոր ծառայությունը ոչ թե վախեցնում է հայ տղային, այլ կոփում է, դարձնում է ավելի հայրենասեր ու խիզախ… Եվ այդ ոգին, քաջությունը փոխանցվում է զինակոչիկներին…

-Անշուշտ, երբ զինակոչիկը լսում է, որ պարտադիր ժամկետային զինծառայությունն ավարտած իր հարևանը, բարեկամը ցած չի դնում զենքը, այլ կամավոր գնում է պաշտպանելու Հայրենիքը, գոտեպնդվում է, լցվում է քաջությամբ, լավատեսությամբ:

Մենք ամեն ինչ անում ենք՝ ապահովելու զորակոչի առավելագույն օրինականությունն ու թափանցիկությունը, ջանում ենք փակել բոլոր սողանցքները, վերացնել կոռուպցիոն ռիսկերը:

-Իսկ հատկապես զորակոչի ո՞ր օղակում են սողանցքներն ու կոռուպցիոն ռիսկերը:

-Հաշվառման և կցագրման աշխատանքներում առկա թերությունները, բացթողումները կարող են լինել անփութության հետևանք, բայց և կարող են լինել միտումնավորություն: Պաշտպանության նախարարը հանձնարարել է խիստ վերահսկողություն սահմանել որոնողական աշխատանքների վրա և բացահայտել հաշվառումից դուրս մնացած բոլոր քաղաքացիներին:

Երբեմն պոլիկլինիկաներում և քաղաքացիական բուժհիմնարկներում նախազորակոչային տարիքի պատանիների բուժհետազոտության արդյունքները չեն համապատասխանում իրականությանը, տրվում են սխալ ախտորոշումներ, ինչը նույնպես կարող է լինել թերի աշխատանքի հետևանք կամ միտումնավոր կեղծում:

-Ժամանակին հանրությունը տեղեկացավ, որ քրեական պատասխանատվության ենթարկվեցին այն բժիշկները, որոնք փորձում էին կեղծել զինակոչիկի բուժհետազոտության արդյունքները և ապօրինի տարկետման հիմքեր ստեղծել:

– Բացահայտվեց նաև զինկոմիսարիատի աշխատակցի՝ զինակոչիկի ծնողից գումար կորզելու փորձը: Ես ուզում եմ հավաստիացնել մեր ժողովրդին, որ առողջ զինակոչիկի համար տարկետում ստանալու բոլոր փորձերը ապարդյուն են և ձախողվելու են, որովհետեւ բուժհետազոտության եռաստիճան համակարգը գրեթե զրոյականի է հասցրել անօրինականության հնարավորությունը: Իսկ եթե մեր զինակոչիկը իսկապես ունի այնպիսի առողջական խնդիր, որը բավարար հիմք է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար, ապա նա առանց որևէ միջնորդության ստանալու է այն:

-Պարոն գնդապետ, վերջին մի քանի զորակոչերի ժամանակ նախկին զորակոչերից տարկետում ստացած 500-600 զինակոչիկ է զորակոչվում բանակ… Կարծում եմ՝ որոշ դեպքերում անցյալի սխալներն են խմբագրվում:

-Չի բացառվում: Բայց զինակոչիկները կարող են ամենատարբեր պատճառներով կորցնել տարկետման հիմքերը:

-Կբերե՞ք մեկ օրինակ:

– Օրինակ՝ նախկին զորակոչի ժամանակ զինակոչիկի քաշը չի համապատասխանել սահմանվածին, ժամանակի ընթացքում քաշը ավելացել է, և զինակոչիկը ենթակա է զորակոչվելու:

– Արդյոք հստակեցվա՞ծ են առողջական խնդիրների հետ կապված սահմանափակումներով ծառայության հիմքերն ու սահմանափակումների իրագործման կարգը:

– Այո՛, օրենքը շատ հստակ է և սողանցքներ չկան:

-Երկու տարի առաջ այլընտրանքային պարտադիր ժամկետային զինծառայության մեկնող զինակոչիկների թիվը հատել էր 70-ի սահմանը… Այդ թիվը գնալով աճո՞ւմ է, թե՞ նվազում…

-Այդ թիվը գնալով նվազում է, այս պահին ունենք ընդամենը 23 այլընտրանքային: Կա այլընտրանքային զինծառայության երկու ձև՝ այլընտրանքային աշխատանք և այընտրանքային զինծառայություն: Այլընտրանքային աշխատանքի ժամկետը 3 տարի է, այլընտրանքային զինծառայության ժամկետը 2 տարի 6 ամիս: Այընտրանքային աշխատանքը իրականացվում է ծերանոցներում, ինտերնատներում և նման բնույթի հաստատություններում, այընտրանքային զինծառայությունը իրականացվում է զորամասերում:

-Այընտրանքային զինծառայությունը կապված է կրոնական պատկերացումների և հավատքի հետ… Ձեր կարծիքով, հնարավո՞ր է 18 տարեկանում համոզված աղանդավոր լինել:

-Միայն մի բան կասեմ, որ այընտրանքային ծառայություն ընտրած տղաների ճնշող մեծամասնությունը իրենք էլ չգիտեն, թե ինչ են դավանում և պատկերացում չունեն Աստվածաշնչից:

-Պարոն գնդապետ, Ձեր ղեկավարած կառույցում կադրային փոփոխություններ են իրականացվել… Ի՞նչ տրամաբանությամբ է կատարվում կադրային տեղաշարժը:

– Հպարտությամբ պիտի ասեմ, որ կադրային յուրաքանչյուր շարժ իմ ղեկավարած կառույցում բացառապես պայմանավորված է անձնակազմի ծառայության որակով և բարոյակամային հատկանիշներով: Համակարգի որոշ աշխատակիցներ անցել են վաստակած հանգստի, եղել է դեպք, երբ զինկոմիսարիատի աշխատակիցը թերի և անարդյունավետ ծառայության պատճառով հեռացվել է աշխատանքից, առաջխաղացում են ունեցել գործունյա, նվիրված և բարձր ցուցանիշներ ունեցող զինծառայողները: Մենք աշխատում ենք կառույցը համալրել զորքերում ծառայած, սահմանի օդը շնչած կադրերով…

-Որպես նախկին ազատամարտիկ և երկար տարիներ զորքերում ծառայած զինվորական….

-Ես մարդու մեջ առաջին հերթին գնահատում եմ հայրենիքը կյանքով պաշտպանելու պատրաստակամությունն ու ազգասիրությունը:

-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ ձեռքբերումը որպես երկրի գլխավոր զինկոմիսար:

– Զորակոչի անցկացման օրինականության ներկայիս բարձր մակարդակը:

-Ի՞նչ առանձնահատկություններ ունի ընթացիկ զորակոչը:

-Իրականացնել զորակոչի ենթակա ռեսուրսի առավել խորացված բուժհետազոտություն, հատկապես՝ հիվանդություններ ունեցող զորակոչիկների շրջանում: Լուրջ վերահսկողություն սահմանել կցագրումից դուրս մնացած, նախկին զորակոչերից խուսափած, բուհերից դուրս մնացած զինակոչիկների որոնման եւ հայտնաբերման աշխատանքների վրա: Զորակոչի նախապատրաստական փուլում եւ ընթացքում հանդիպումներ կազմակերպել զինակոչիկների ծնողների հետ՝ միտված օրինականության եւ արդարության մակարդակը էլ ավելի բարձրացնելուն:

-Այս զորակոչին նույնպես կկատարենք զորակոչային պլանը:

-Անցած 6 զորակոչերի պլանները կատարել եւ գերակատարել ենք: Այս զորակոչին բոլոր ուժերը եւ միջոցները ներդրել ենք, որպեսզի բանակ ուղարկենք պահանջված զորակոչային ռեսուրսը:

-Ասելիք ունեք Ձեր զորակոչված զինվորներին:

-Նախեւառաջ շնորհավորում եմ բոլորիս Ամանորը եւ Սուրբ Ծնունդը, ցանկանում եմ Աստծո օրհնությունը հայոց բանակին, խաղաղ ծառայություն բոլոր զինծառայողներին, իսկ զորակոչիկներին մաղթում եմ՝ պատվով ծառայեն եւ փառքով վերադառնան:

Խորագիր՝ #01 (1121) 21.01.2016 - 27.01.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


20/01/2016