Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ ԶՍՊԵԼՈՒ ԵՐԱՇԽԻՔԸ ՄԱՐՏՈՒՆԱԿ ԲԱՆԱԿՆ Է



Զրույց ռազմական պատմաբան, պատմագիտության դոկտոր ՄՈՒՐԱԴ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ

Մուրադ Կարապետյանը հեղինակ է հինգ մենագրության. «Հայաստանի Հանրապետության բանակը (1918-1920թթ.)», «Հայկական կամավորական խմբերը եւ ազգային գումարտակները Կովկասյան ռազմաճակատում (1914-1917թթ.)», «Գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հախվերդյան», «Հայազգի զինվորականները ռուսական բանակում (19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբ)», «Ռուսական կայսրության բանակի հայ զորապետների հայկական կազմավորումների եւ Հայաստանի Հանրապետության ռազմական պատմության աղբյուրագիտական ուրվագծեր (XIX դարի վերջ-XX դարի սկիզբ)», համահեղինակ է «Հայրենիք եւ ծառայություն» գրքի։ «Հայկական բանակ» հանդեսում պարբերաբար լույս են տեսնում Մուրադ Կարապետյանի ռազմապատմական հոդվածները։ Հայ ռազմարվեստի պատմության ուսումնասիրության գործում ունեցած ավանդի համար Մուրադ Կարապետյանը պարգեւատրվել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով։

-Պարոն Կարապետյան, ինչպե՞ս սկսվեցին մարտական գործողությունները 1918թ. հունվարին հայկական բանակային կորպուսի եւ թուրքական բանակի միջեւ։
-1918թ. հունվարի վերջին, օգտվելով այն հանգամանքից, որ ռուսական բանակը լքել է Կովկասյան ճակատը, թուրքերը խախտեցին 1917թ. դեկտեմբերի 5-ին Երզնկայում կնքված ռուս-թուրքական զինադադարի պայմանները եւ անցան հարձակման՝ հույս ունենալով կրկին գրավել Արեւմտյան Հայաստանը եւ Կովկասը։ Թուրքական զորաբանակին դիմակայող միակ ռեալ ուժը հայկական բանակային կորպուսի զորամասերն ու ստորաբաժանումներն էին, որոնք ստեղծվել էին դեռեւս 1917թ. վերջին, երբ ռուսական զորքերը լքեցին կովկասյան ճակատը։ Կորպուսի հրամանատարն էր գեներալ-լեյտենանտ Նազարբեկյանը, շտաբի պետը՝ գեներալ Վիշինսկին, կոմիսարը՝ Դրաստամատ Կանայանը՝ Դրոն։ Կորպուսի կազմում կային երեք դիվիզիա եւ մի քանի այլ առանձին զորամասեր եւ ստորաբաժանումներ։ Մարտական գործողությունների սկզբին ռազմաճակատի Երզնկայի հատվածը պաշտպանում էր Հայկական կորպուսի Երզնկայի հայկական զորաջոկատը։ Ջոկատը չունենալով ոչ մի կապ երկրում գտնվող Կովկասյան բանակի շտաբի հետ, ոչ մի օգնություն չստանալով այնտեղից, հունվար ամսին մարտեր մղեց թուրքական զորքերի դեմ Չամանի դաշտում, Սուր-Պիրանի, Խանի եւ Երզնկայի մոտ։ Ձմեռային ծանր պայմաններում (առատ ձյուն, սառնամանիք, մառախուղ), դիմագրավելով քրդական հրոսակախմբերի անդադար հարձակումներին եւ կրելով մեծ կորուստներ, զորաջոկատը թուրքերի ճնշման տակ նահանջեց Էրզրում։
-Պատմեք, խնդրեմ, նաեւ Էրզրումի պաշտպանության մասին։
-Էրզրումը պաշտպանող զորամասերի հրամանատարներն էին գնդապետ Զինկեւիչը, Կարաքեշիշյանը, փոխգնդապետներ Հասանփաշայանը, Ջաղինյանը, պորուչիկներ Մելիք-Միրզախանյանը, Մելիքսեթյանը, կապիտան Միրիմանյանը, շտաբս-կապիտաններ Ժամկոչյանը, Թորգոմը, Մուրադը եւ Սեպուհը։ Էրզրումի պաշտպանությունը կազմակերպելու նպատակով հայոց ազգային խորհրդի միջնորդությամբ՝ Էրզրումի զորքերի հրամանատար նշանակվեց գեներալ Անդրանիկը։ Գալով Էրզրում, Անդրանիկն առաջին հերթին ձեռնամուխ եղավ կայազորում կարգուկանոնի հաստատմանը, որտեղ երկար ժամանակ տիրում էր քաոս եւ անիշխանություն։ Քաղաքը քրդերից ու թուրքերից մաքրելուց հետո մի քանի մարտեր եղան Բաբերդ-Մամախաթուն ուղղությամբ։ Նշանակալի էին մարտերը Եփրատի կիրճում, Իլիջա-Արչիկի, Դաքյա-Դարասի շրջանում, Կազայի շրջակայքում։ Հայերը մեծ ջանքերի գնով էին դիմադրում թուրքերի հարձակումներին Արչիկ, Արինքարա գյուղերի, Իսավանքի եւ Ագադեր-Պուչիկ ուղղություններով։ Չնայած հայկական զորամասերի համառ դիմադրությանը՝ թուրքերը, կենտրոնացնելով մեծ ուժեր, անցան հակահարձակման եւ փետրվարի 27-ին սկսեցին քաղաքի գրոհը, միաժամանակ քաղաքում բռնկվեց մահմեդական բնակչության ապստամբություն։ Հայկական ուժերը 10 օր դիմադրելուց հետո ստիպված թողեցին քաղաքը։ Չնայած զինվորների ջանքերին՝ Սարիղամիշ եւ Կարս շարժվող գաղթականների մի մասը ճանապարհին զոհվեց մահմեդականների հարձակումներից։
Էրզրումի անկումից անմիջապես հետո թուրքական զորքերի հրամանատար Վեհիբ փաշան Կովկասյան ճակատի հրամանատար գեներալ Լեբեդինսկուց պահանջեց պարպել նաեւ Կարսի, Արդահանի ու Բաթումի նահանգները։
Էրզրումից հետ քաշվող հայկական կորպուսի զորամասերից ստեղծվեց Սարիղամիշի ջոկատը՝ գլխավոր շտաբի պետ Մորելի գլխավորությամբ։ Թուրքական զորամասերի հետ մարտի բռնվեցին Կարակուրգանի տակ՝ գնդապետ Թորգոմի, Բաշքյոյի մոտ՝ Մուրադի կամավորները, հետ շպրտելով հակառակորդի ուժերը եւ պատճառելով զգալի կորուստներ։ Թուրքերը եւ քրդերը հարձակումներ էին գործում Բարդուսի, Ջերմուկի, Ղարաքիլիսայի, Խան-Դերեի, Նոր Սելիմի ուղղություններով։
-Փաստորեն, հայկական ուժերի պարտությունն ու նահանջը շարունակվում էր, նույնիսկ Կարսը հանձնեցինք առանց դիմադրության, չնայած հայկական կորպուսն ուներ այնքան ուժ, որ կարող էր որոշ ժամանակ դիմակայել թուրքերին։
-10 օր տեւած կատաղի մարտերից հետո հայկական զորամասերն ապրիլի 5-ին թողեցին Սարիղամիշը։ Նրանք դիմադրեցին եւս 11 օր սարսափելի եղանակի պայմաններում, մինչեւ վերջին գաղթականները հայկական զորամասերի ուղեկցությամբ հասան Կարս։ Կարսի ամրոցում այդ ժամանակ գտնվում էին Սարիղամիշից նահանջած հայկական զորաբաժանումները, երրորդ հայկական հրաձգային գունդը, պահեստային գումարտակը, ամրոցի սակրավոր վաշտը, ամրոցային հրետանու գունդը, ռուսական եւ հունական կամավորական ջոկատները, հատուկ ջոկատի հեծյալ գունդը եւ այլ ստորաբաժանումները։ Կովկասյան ռազմաճակատի հրամանատար գեներալ Լեբեդինսկու կարծիքով՝ «Կարսում եղած հայկական ջոկատի ուժերը լիովին բավական էին քաղաքը առնվազն մեկ ամիս պահպանելու համար»։ Անցնելով նոր հարձակման՝ թուրքերը գրավեցին Վանը, ապա Ղարաքիլիսան եւ ներխուժեցին Ալաշկերտի հովիտը։ Ապրիլի 13-ին Չխենկելին Թիֆլիսից դիմեց Վեհիբ փաշային՝ Կարսի շրջանում ռազմական գործողությունները դադարեցնելու խնդրանքով։
Անդրկովկասի կառավարության նախագահը գեներալ Նազարբեկյանից պահանջեց հանձնել Կարսը թուրքերին եւ սկսել բնակչության տարհանումը։ Նազարբեկյանը, չունենալով կապ հայոց ազգային խորհրդի հետ եւ պատկերացում չունենալով քաղաքական իրադրության մասին, ստիպված եղավ ենթարկվել կարգադրությանը եւ ապրիլի 25-ին հրամայեց բոլոր հայկական զորամասերին թողնել դիրքերը եւ նահանջել Ալեքսանդրապոլ։ Շատերը համաձայն չէին Կարսը հանձնելու գաղափարին, օրինակ, գեներալներ Դեեւը, Վիշինսկին, գնդապետ Մորելը եւ այլք։ Կարսի մարզի կոմիսար Ձամոյանը ապրիլի 25-ին գրում է. «Անդրկովկասի այս մեծագույն ամրությունը պաշտպանելու պատրաստված բնակչությունը հարկադրվեց լքել ամեն ինչ, թողնելով Կարսը համատարած հրդեհի մեջ»։
-Ի՞նչ նպատակ էին դրել թուրքերն իրենց առաջ, հաջողության դեպքում մինչեւ ո՞ւր էին հասնելու։ Իրո՞ք ֆիզիկական ոչնչացման վտանգ էր սպառնում հայ ժողովրդին։
-Կարսը գրավելուց հետո թուրքական հրամանատարությունը կատարեց Կովկասյան ուժերի վերադասավորում։ Առաջանալով դեպի Անդրկովկաս՝ թուրքական 1-ին, 2-րդ, 6-րդ կորպուսներից ստեղծված «Կարս» զորամիավորումը նպատակ ուներ գրավելու ամբողջ Արեւմտյան Հայաստանը, ապա հասնել Թիֆլիս, այնտեղից էլ Բաքու, Հյուսիսային Կովկաս եւ հասնել մեծ թուրանական պետության ստեղծմանը։
-Ինչպե՞ս եք գնահատում Բաթումում վերսկսված բանակցությունները եւ արդյունքները։ Ի՞նչ հավակնություններ ունեին թուրքերը։
-Թուրքերն Անդրկովկասի կառավարության ներկայացուցիչներից պահանջեցին իրենց հանձնել Ախալքալաքի, Ախալցխայի եւ Երեւանի նահանգների մեծ մասը։ Բացի այդ, պահանջեցին նաեւ զորքերի փոխադրումներ կատարելու նպատակով իրենց տրամադրել Անդրկովկասյան երկաթգիծը։ Անդրկովկասի պատվիրակության ներկայացուցիչները ձգտում էին ժամանակ շահել, սակայն Բաթումի թուրքական պատվիրակության նախագահ Խալիլ բեյը Չխենկելուն տեղեկացրեց, որ վերջնագիր է ներկայացրել գեներալ Նազարբեկյանին՝ Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթգծից 25 կիլոմետր դեպի արեւելք հայկական զորքերը հեռացնելու մասին։
Վերջնագիրն Ալեքսանդրապոլում ստացվեց մայիսի 15-ի առավոտյան, իսկ մի քանի ժամ անց թուրքական զորքերը ռմբակոծեցին քաղաքը եւ սկսեցին հարձակումը։ Կարճատեւ մարտերից հետո թուրքերը գրավեցին քաղաքը։ Ակնհայտ էր, որ թուրքերը մտադիր չէին սահմանափակվել Բրեստ-Լիտովսկի պայմանագրով նախատեսված տարածքների զավթումով, այլ շարունակելու էին իրենց առաջխաղացումը մինչեւ Երեւան, Թիֆլիս եւ Բաքու։
-Փաստորեն, հայոց ազգային խորհրդին եւ հայկական կորպուսի հրամանատարությանը մնացել էր կազմակերպել գոնե Արարատյան դաշտավայրի պաշտպանությունը, որի բնակչության գլխին ֆիզիկական բնաջնջման վտանգ էր կախված։
-Այդ գործում մեծ դեր կատարեցին տեղական կառավարման մարմինները եւ առաջին հերթին՝ Երեւանի Ազգային խորհուրդը, որն Արամ Մանուկյանի գլխավորությամբ կարողացավ իր ձեռքը վերցնել իշխանությունը եւ կարգուկանոն հաստատել Երեւանի նահանգում։ Մահմեդական ապստամբ բնակչության, դասալիքների, հանցագործ խմբերի դեմ պայքարելու եւ երկաթգծի ճանապարհների անվտանգությունն ապահովելու համար Երեւանի Ազգային խորհուրդը կազմավորեց որոշակի թվով զորք։ Հատուկ կոմիտեի որոշմամբ՝ ստեղծվեցին ռազմահեղափոխական դատարան, զինվորական պարետատուն, որը գլխավորեց կապիտան Շահխաթունին։ Միաժամանակ միջոցներ ձեռնարկվեցին նաեւ Արարատյան դաշտավայրը թշնամու ներխուժումից պաշտպանելու եւ ժողովրդի ինքնապաշտպանությունը կազմակերպելու ուղղությամբ։ Արամ Մանուկյանին զգալի օգնություն էր ցույց տալիս Դրոն։
Ալեքսանդրապոլի անկումից հետո հայկական բանակի հրամանատարությունը նահանջող հայկական զորամասերից ստեղծեց երեք հիմնական զորամիավորումներ՝ Լոռվա, Ալեքսանդրապոլի, Երեւանյան։ Արարատյան ուղղության ընդհանուր հրամանատարությունը վստահված էր գեներալ Սիլիկյանին։ 1918թ. մայիսի 14-ին թուրքական ուժերի 6 հազար զինվոր, 40 հազար հրանոթ եւ 1500 քուրդ հեծյալ եւ մահմեդական հրոսակներ կանգնած էին Արփաչայի եւ Արաքսի ափերին՝ այնտեղից Արարատյան դաշտ ներխուժելու նպատակով։ Մայիսի 19-ին Քյազիմ բեյի թուրքական 36-րդ կովկասյան դիվիզիան ներխուժեց Արարատյան դաշտ՝ Երեւանի վրա արշավելու անսքող մտադրությամբ։ Մայիսի 20-ին, Բաթումի կոնֆերանսում թուրքական պատվիրակության ղեկավար Խալիլ բեյը հայ պատվիրակներին (Խատիսյան, Քաջազնունի, Պապաջանյան), «տեղեկացնում է», որ հայերը պարտվել են եւ պետք է ենթարկվեն։ Լուրը Երեւանում ուժեղ իրարանցում է առաջացնում։ Սարդարապատի հերոսամարտի մասնակից եւ ականատես, պատմաբան Ժակ Կայալովը գրում է. «300 հազար գաղթականներ Վանից ու Ալաշկերտից անցնում են քաղաքով՝ առաջ բերելով բնակչության դժգոհությունը։ Վերջինս, սակայն, չի կորցնում սառնասրտությունը, բանկերն ու փոստատները բաց էին, կինոյի միակ դահլիճում հաջորդաբար ցույց էին տալիս երկու կինոնկար»։
-Վերջապես ե՞րբ սկսվեցին հայոց կորպուսի հաղթանակները։
-Արարատյան դաշտավայր ներխուժած թուրքական զորքերի եւ հայկական կորպուսի միջեւ կատաղի ընդհարումներ տեղի ունեցան Սարդարապատում մայիսի 21-ին։ Նույն օրը ուշ երեկոյան թուրքական 36-րդ դիվիզիան գրավում է Սարդարապատ գյուղն ու կայարանը, Վերին Խերիբեկլուն, առաջանալով դեպի Ղամշլու։ Մայիսի 22-ին հայկական զորամասերը Պողոս Բեկ-Փիրումյանի գլխավորությամբ անցան հարձակման Ղամշլուի ուղղությամբ։ Այդ օրը հայկական զորամիավորումները հետապնդում են թուրքական զորքերին մինչեւ Սարդարապատ։ Թշնամին ռազմի դաշտում թողնում է 500 սպանված եւ վիրավոր, ամբողջ զենքն ու զինամթերքը։
Մայիսի 22-ի երեկոյան 5-րդ հայկական հետեւակային գնդի առաջապահ մարտիկները Վարդան Ջաղինյանի ու Միքայել Օհանջանյանի հրամանատարությամբ ազատում են Սարդարապատ գյուղն ու կայարանը։ Հինգ ժամվա ընթացքում թուրքական զորքերը նահանջում են 15-20 կմ, սակայն տեսնելով, որ հայերն իրենց չեն հետապնդում, ամրանում են Թյուլքիթափա եւ Զինմիգիր բարձունքներում՝ Արաքս կայարանից հյուսիս-արեւելք։ Սակայն նույն օրը` մայիսի 24-ին, թուրքերն իջնում են դաշտի վրա իշխող բարձունքներից, լի մտադրությամբ՝ վրեժ լուծելու երեք օր առաջ կրած պարտության համար։
Մայիսի 24-26-ը ծավալվում են կատաղի կռիվներ, որոնք ավարտվում են հայկական զորամասերի վճռական հաղթանակներով։ Ճակատամարտի անմիջական մասնակից, Խորհրդային Միության մարշալ Հովհ. Բաղրամյանը, անդրադառնալով մայիսի 24-ին թուրքական զորքերի ձեռնարկած հարձակմանը, գրում է. «Ըստ էության, այդ բարձունքները թուրքերի պաշտպանության դիրք-բանալին էին, որոնց անկումով նրանք գործնականում զրկվում էին ընդհուպ մինչեւ Արաքսը գրաված դիրքերն իրենց ձեռքում պահելու հնարավորությունից»։ Թուրքերին իրենց դիրքերից դուրս մղելու նպատակով գեներալ Սիլիկյանը որոշում է շրջանցել նրանց՝ հարվածելով թիկունքից։ Այդ զորաշարժը գնդապետ Հասանփաշայանի հրամանատարությամբ ստիպում է թուրքերին լքել իրենց դիրքերը եւ փախուստի դիմել Ալեքսանդրապոլի ուղղությամբ։ Հաջողությունից ոգեւորված գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանը Իգդիրի ու պարտիզանական գնդերին հրամայում է գրոհել հակառակորդի վրա Զինմիգիրում, ինչը ստիպում է թուրքերին դիմել փախուստի։ Թուրքական 36-րդ դիվիզիայի եւ քրդական հեծյալների մնացորդներն անցնում են Արաքսի ու Արփաչայի աջ ափերը։ Թուրքական առաջխաղացումը դեպի Երեւան կասեցվում է։
Հայկական կորպուսի զորամասերի առաջին հաջողությունը մեծ խանդավառություն առաջ բերեց Արարատյան դաշտավայրում։ Ամենայն Հայոց կաթողիկոսը Էջմիածնի Մայր տաճարում հանդիսավոր պատարագ է մատուցում։ Ղողանջում են զանգերը։ Գեներալ Սիլիկյանը մայիսի 24-ին դիմում է ժողովրդին կոչով.«Հայե՛ր, շտապեցեք ազատագրելու ձեր հայրենիքը։ Հասել է ժամը, երբ ամեն մի գիտակից հայ պետք է իր բոլոր ջանքերը գործադրի հարվածելու համառ թշնամուն, որն ուզում է մեզ իսպառ բնաջնջել մեր հողում։ Եթե մենք պետք է բնաջնջվենք, ավելի լավ՞ չէ մենք մեզ պաշտպանենք զենքը ձեռքներիս։ Վերջին մարտերը ցույց տվեցին, որ մենք կարող ենք մեզ պաշտպանել թվական գերակշռություն ունեցող թշնամուց, թշնամի, որը նահանջեց մեր հերոսական զորքերի հարվածների տակ։ Հայե՛ր, բոլորը մինչեւ 50 տարեկան պետք է զենք վերցնեն մեր հայրենիքը պաշտպանելու համար։
Հայե՛ր, հիշեցեք Ավարայրի խիզախ կանանց, որոնք քաջալերում էին տղամարդկանց՝ Վարդանի գլխավորությամբ մղվող կռվում։ Հետեւեցեք նրանց օրինակին, եթե ուզում եք բարձր պահել ձեր պատիվը։ Արհամարհեք վախկոտներին, որոնք տարբեր պատրվակներով խուսափում են ճակատ մեկնել։ Ես խորապես համոզված եմ, որ իմ կոչը լսելի կդառնա, եւ 2-3 օրում մենք ոտքի կհանենք հերոսական մի ուժ, որն ընդունակ կլինի թշնամուն դուրս հանել մեր երկրից»։
-Բաշ Ապարանում եւ Ղարաքիլիսայում թուրքական զորաբանակները քանիցս գերակշռում էին հայկականին, սակայն անասելի կորուստներ ունեցան։ Ինչո՞ւ հանկարծ հայերն սկսեցին հաղթել։
-Սարդարապատում հայկական բանակի զորամասերի տարած առաջին հաղթանակը ոգեւորեց նաեւ Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի հայկական զորքերին։ Մայիսի 25-ին Բաշ Ապարանում Դրոյի գլխավորած հայկական զորամասերը երեք օր տեւած կատաղի մարտերից հետո ջախջախում եւ փախուստի են մատնում թուրքական զորքին՝ պատճառելով զգալի կորուստներ։ Մայիսի 29-ին ջախջախված թուրքական 9-րդ դիվիզիայի զորամասերը փախչում են նաեւ Համամլուից։ Բաշ Ապարանում հայկական զորքերի տարած հաղթանակի մասին գլխավոր շտաբի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հակառակորդը հետ շպրտվելով Բաշ Ապարանի ուղղությամբ, ջախջախվեց՝ մարտադաշտում թողնելով 200 սպանված, 2 գնդացիր, 100-ից ավելի հրացան եւ զինամթերք։ Մեր կորուստներն աննշան են, զորքերի ոգին գերազանց է»։
Սարդարապատի հաղթանակի լուրը ուրախացրեց եւ ոգեշնչեց նաեւ Ղարաքիլիսայում մարտնչող հայկական զորամասերին, որոնք մինչ այդ նահանջել էին Դիլիջան։ Մայիսի 23-ին Դիլիջանի եկեղեցու բակում տեղի ունեցավ բազմամարդ հանրահավաք, որտեղ հայ զինվորականությանը կենաց-մահու կռվի կոչով դիմեցին Մեսրոպ եպիսկոպոս Տեր-Մովսիսյանը, գեներալ Գամազյանը, Գարեգին Նժդեհը եւ ուրիշներ. «Վայրկյանը ճակատագրական է,- ասաց Գարեգին Նժդեհը,-ով դեռ չի դավաճանել հայ ցեղին, թող հետեւի ինձ- Սպաները գնում են անձնատուր լինելու, թող գնան։ Իսկ ես գնում եմ մեռնելու։ Ով դեռ իրեն բարոյապես մեռած չի համարում, թող հետեւի ինձ»։
Մայիսի 24-ին Ղարաքիլիսա վերադարձան գնդապետներ Անդրեյ Մելիք-Շահնազարյանի եւ Սերոբ Սամարցյանի գնդերը, չորս հրետանային մարտկոցներ եւ կամավորական խմբեր, Ղարաքիլիսայի զորքերի ընդհանուր հրամանատար նշանակվեց գնդապետ Ալեքսանդր Բեյ-Մամիկոնյանը։ Ղարաքիլիսայում հայկական զորքերի ու թուրքական զորաբանակների միջեւ ամենաթեժ ընդհարումներ տեղի ունեցան մայիսի 25-28-ը։ Հայկական զորքերը մի քանի անգամ հետ մղեցին Ջեվիդ փաշայի թուրքական ուժերի գրոհները՝ պատճառելով զգալի կորուստներ։ Հետագայում թուրքական բանակի հրամանատարներ Շեւքի եւ Վեհիբ փաշաները խոստովանում են, որ «Ղարաքիլիսայի մոտ հայերը ցույց տվեցին, որ կարող են լինել աշխարհի լավագույն զինվորները», եւ որ Ղարաքիլիսայի կռիվն իր դիմադրական թափով, քաջությամբ, արիությամբ հարգանք է ներշնչել հայերի հանդեպ։ Այդ ճակատամարտից հետո Վեհիբ փաշան հեռացվեց Կովկասյան ճակատի թուրքական զորքերի գլխավոր հրամանատարի պաշտոնից։ Մայիսյան հերոսամարտերում ժողովրդի ակտիվ աջակցությամբ հայկական կորպուսի ձեռք բերած հաղթանակներն արդյունք էին հայկական բանակի խելամիտ գործողությունների եւ ունեցան հիրավի պատմական նշանակություն։ Այդ հերոսամարտերի շնորհիվ արեւելահայությունը ոչ միայն փրկվեց ֆիզիկական բնաջնջման արհավիրքից, այլեւ թուրքերը ստիպված եղան հաշվի նստել հայ ժողովրդի՝ պետականություն ունենալու հաստատակամության հետ։ Մայիսյան հերոսամարտերը կարելի է բնորոշել որպես ազգային միասնության հաղթանակ։
-Պարոն Կարապետյան, մայիսյան ճակատամարտերի ժամանակ հայկական կողմից այլազգիներ կայի՞ն։
-Հայկական կորպուսի կազմում հանուն հայոց հողի մարտնչում էին նաեւ մի շարք օտարազգի զորահրամանատարներ։ Դրանցից էին՝ ռուսներ Եվգենի Վիշինսկին, Պերիկրյոստովը, Կարալկովը, էլզասցի Ալեքսանդր Շնեուրը, հույն Սակիլարին, ֆրանսիացի Մորելը, էստոնացի Կլիչը, եզդիներ Ջհանգիր աղան եւ Յուսուբ Բեկ-Թեյմուրովը։
-Կցանկանայի, որ խոսեիք նաեւ մայիսյան հերոսամարտերին Հայ Առաքելական եկեղեցու եւ հոգեւորականության բացառիկ աջակցության մասին։
-Երբ թուրքական 36-րդ դիվիզիան ներխուժում է Արարատյան դաշտ եւ գրավում Սարդարապատից 10 կմ հեռու գտնվող «Արաքս» կայարանը, որով անցնում էր Ալեքսանդրապոլ-Երեւան երկաթգիծը, հայկական զորքերի երեւանյան զորախմբի հրամանատար գեներալ Սիլիկյանը Երեւանի ապագա պարետ Շահխաթունու ուղեկցությամբ այցելում է Էջմիածին՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գեւորգ Ե-ին եւ առաջարկում անվտանգության համար տեղափոխվել Սեւանա լճի շրջան։ Կաթողիկոսը պատասխանում է կտրուկ մերժողական եւ հույժ արժանապատիվ. «Եթե հայկական ուժերն ի վիճակի չեն պաշտպանելու այս սրբազան վայրը, ապա ես ինքս կանեմ դա, եւ հոգ չէ, թե կզոհվեմ հազարամյա տաճարի շեմին»։ Հայտնի է նաեւ, որ Սարդարապատի ճակատամարտի օրը՝ մայիսի 22-ի վաղ առավոտյան Էջմիածնի հոգեւոր ճեմարանի տեսուչ Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանցը (հետագայում՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս) եւ Էրզրումի թեմի առաջնորդ Զավեն եպիսկոպոս Բաբայանը միասին գնում են Էջմիածնի մոտ գտնվող Հայի Զեյվա եւ Քյորփլու (Արշալույս) գյուղերը, որտեղ Գարեգին եպիսկոպոսը ոգեշունչ ճառով դիմում է հայոց բանակի զինվորներին, բացատրում թշնամու նպատակներն ու դաժանությունը, վտանգի մեծությունը։ Հասկացնում է, որ ո՛չ օգնական ուժի ակնկալիք կա, ո՛չ էլ նահանջի ուղի, եւ միակ ելքը կա՛մ հաղթելն է, կա՛մ հայրենի սրբազան հողի վրա պատվով մեռնելը։ Այդ օրը Գարեգին եպիսկոպոսը 5-րդ հայկական գունդն օծում է որպես մահապարտների գունդ եւ նրանց երդվեցնում է կռվել անվախ ու աննահանջ։ Երկու հոգեւորականները՝ խաչը բարձր պահած, անցնում են զորքի գլուխ եւ հրամանատար Պողոս Բեկ-Փիրումյանի հետ հայ զինվորներին առաջնորդում մարտի։ Մայիսյան հերոսամարտերի բազմաթիվ մասնակիցներ 1920-30-ական թվականներին ծառայելով խորհրդային բանակի կազմում՝ գլխավորեցին ռազմաճակատներ, կորպուսներ եւ այլ ստորաբաժանումներ։ Նրանցից էին ԽՍՀՄ մարշալ կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանը, հրետանավոր գեներալ-լեյտենանտ Իվան Վեքիլյանը, գեներալ-լեյտենանտ Բագրատ Առուշանյանը եւ այլք։
-Պարոն Կարապետյան, ո՞րն է մայիսյան հերոսամարտերի խորհուրդը։
-Յուրաքանչյուր հայ պետք է երախտագիտությամբ հիշի մայիսյան ճակատամարտերի հերոսների անունները։ Նրանք էին, որ կարողացան 1918 թվականին ոտքի հանել հայ ժողովրդին։ Այս ճակատամարտերում ձեռք բերված հաջողությունները արդյունք էին ոչ միայն հայ ժողովրդի արիության եւ ինքնազոհության, նրա ղեկավարների ռազմական տաղանդի, այլեւ, որ ամենակարեւորն է, այն ներդաշնակ միաբանության, որ հաստատվեց հայ հասարակության տարբեր խավերի եւ քաղաքական կուսակցությունների միջեւ։
Պատմության դասերը հուշում են, որ հայ ժողովուրդը պարտավոր է միշտ ունենալ ուժեղ, անպարտելի ոգով տոգորված, լավ կազմակերպված, սպառազեն, ապաքաղաքական, կանոնավոր ու մարտունակ բանակ։ Այդ են պահանջում տարածաշրջանում ներկայումս տիրող բարդ ռազմաքաղաքական իրադրությունը եւ այն հանգամանքը, որ հայերը գտնվել եւ գտնվում են քաղաքակրթությունների հատման խաչմերուկում։ Աշխարհի մեծ տերությունները միշտ էլ ունեցել են էական շահեր՝ կապված Մերձավոր Արեւելքի եւ մասնավորապես՝ Անդրկովկասի հետ։ Ուստի, Հայաստանի Հանրապետությունը պետք է կարողանա ճիշտ կողմնորոշվել եւ իր քաղաքականությունը ձեւավորել այդ շահերի հաշվառմամբ։ Սակայն, ինչպես ժամանակին գրել է 20-րդ դարի հայ մեծ ռազմագետ, ազգային գաղափարախոս Գարեգին Նժդեհը. «Արեւելքում մեզ համար ստեղծված պայմանների մեջ կարող է ապրել միայն արի եւ արիապաշտ հայությունը»։ Թեեւ այսօր իրադրությունը փոխվել է, եւ միջազգային ընկերակցությունը փորձում է զսպել ագրեսորներին, սակայն զսպելու լավագույն երաշխիքը, ըստ իս, հակառակորդին ջախջախիչ հարված հասցնելու ունակ ազգային բանակն է։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #20 (885) 25.05.2011 – 01.06.2011, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


01/06/2011