Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՓԱՌՔ ՄԵՐ ԶԻՆՎՈՐԻՆ ՈՒ ՍՊԱՅԻՆ



ՓԱՌՔ ՄԵՐ ԶԻՆՎՈՐԻՆ ՈՒ ՍՊԱՅԻՆՊաշտպանության նախարարությունը և գրողների միությունը ունեն համագործակցության ծրագիր, ըստ որի պետք է կազմակերպվեն զինվորների ու զինվորականների բարոյական, ռազմահայրենասիրական, մշակութային, գաղափարական դաստիարակությանն ուղղված միջոցառումներ, հանդիպումներ ինչպես զորամասերում, այնպես էլ մշակութային օջախներում: Հիշյալ ծրագրի շրջանակում կազմակերպված վերջին միջոցառումը գրողների հանդիպումն էր պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ: Հանդիպումը շատ արդյունավետ էր: Գրողները պաշտպանության նախարարի տեղակալին ներկայացրին բանակ-մշակույթ կապի իրենց մոդելը, խոսեցին բարձրացող սերնդին ավելի հայրենասեր, առաքինի, խիզախ դարձնելու գործում գրողի ու գրականության առաքելության շուրջ, պատմեցին արդի գրական զարգացումների ու միտումների մասին, առաջարկեցին համագործակցության առավել արդյունավետ ուղիներ: Դավիթ Տոնոյանն էլ ներկայացրեց պաշտպանական գերատեսչության ձեռքբերումները, խնդիրներն ու անելիքները: Հանդիպումը նոր գաղափարների, համագործակցության նոր ուղիների որոնման առիթ դարձավ:

Նշում ենք մեր բանակի հերթական տարեդարձը: Ցանկանում եմ, որ ամեն տարի այդ հրաշալի տոնը դիմավորենք ավելի ուժեղ, հաստատուն, հավաք, ավելի մեծ հավատով մեր երկրի ապագայի ու վաղվա օրվա հանդեպ: Մեր բանակը երկրի ամենակարևոր ու ամենակայացած կառույցն է, մեր անվտանգության ու մեր համազգային նպատակների իրագործման առաջին երաշխավորը:

Շնորհավորում եմ բոլորիս բանակի տոնի առթիվ: Բոլորս մեր բանակը զորացնելու պարտավորություն ունենք:

Փառք մեր զինվորին ու սպային:

 

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Գրողների միության նախագահ

Խորագիր՝ #02 (1122) 28.01.2016 - 03.02.2016, Բանակ և հասարակություն


10/02/2016