ՆԱՄԱԿ ԻՄ ԱՐԾԻՎՆԵՐԻՆ
Իմ սիրելի ֆիզմաթի տղաներ: Դուք 13-ն էիք, երբ ավարտում էիք: Միայն տղաներից բաղկացած ձեր դասարանը` այդ հանգամանքով իսկ արդեն մի տեսակ խորհրդավոր ու զարմանալի էր, բոլորդ էլ` բնագետ, ծրագրավորող, բժիշկ դառնալու երազանքով եւ բնության պարգևած խելքով, մտքով ու տեսքով: Իսկ այսօր դուք բոլորդ ռազմիկներ եք` հայրենյաց զինվոր, եւ հիմա արդեն հայրենիքի սահմաններից ձեր շնչառությունը գալիս հասնում է ինձ: Դուք հերոսական գործ եք կատարում ամեն օր, բայց, ինչպես վայել է իսկական տղամարդուն, լուռ ու արժանապատվորեն՝ հասկանալով ձեր պարտքը հայրենիքի հանդեպ և մեր ընդհանուր, սրբազան տան մի անկյունը պաշտպանելով:
Հիշո՞ւմ եք. ավարտական «Վերջին զանգին» ձեր սիրած կատակերգության` «Տղամարդիկ» ֆիլմի հերոսների նման մեր ավանդական քոչարին էիք պարում և բարձրախոսով հնչող հարցումին` ո՞վ պետք է պաշտպանի Հայոց երկիրը` խրոխտ ձայնով բացականչում էիք. «Ֆիզմաթի տղամարդիկ»: Դուք ձեր երդումը տվեցիք փոքր-ինչ շուտ, բայց հենց այդ օրը ես հասկացա, որ իմ արծիվ տղաները տղամարդ են դառնում:
«Թշնամուն ջախջախելու համար հարված ու հանճար է պետք,- ասել է Ղ. Ալիշանը: Դուք ունեք և՛ մեկը, և՛ մյուսը:
Համոզված եմ` պատվով կկատարեք ձեր մեծ առաքելությունը, կվերադառնաք ու թևեր կտաք նաև ձեր մյուս երազներին` հայտնագործելով ու կառուցելով, բժշկելով, գծագրելով ու ծրագրավորելով: Եվ երբ բոլորով կրկին հավաքվենք, դպրոցի բակում նորից կպարենք մեր քոչարին` անշուշտ նոր խորհրդով ու իմաստով…
Ես ամեն օր կաղոթեմ ձեր ու ձեր բոլոր՝ ինձ ծանոթ ու անծանոթ ընկերների համար, ձեր ծնողների հետ ձեզ կսպասեմ մի հպարտ սպասումով` ինչպես դիմավորում են ապագայի երազն ու գարնան լուսաբացը:
Զարուհի ՊԵՏՐՈՍՅԱՆ,
Արթիկի N3 ավագ դպրոցի` 2013-14 ուստարվա
ֆիզմաթ հոսքի շրջանավարտների դասղեկ և
ինֆորմատիկայի ուսուցչուհի
Խորագիր՝ #02 (1122) 28.01.2016 - 03.02.2016, Բանակ և հասարակություն