ԶԻՆՎՈՐԸ
Զինվորն առաջինն է տեսնում
Գարնան առաջին ձնծաղիկը,
Նա կանգնած է խրամատում աննկատ
Եվ շնչում է հողի ու ծաղկի հոտը:
Ձնծաղիկն ասում է.
– Արի, պոկիր ինձ:
Խեղճ ծաղիկ, ի՞նչ գիտի,
Որ ձների միջից վեր ելած իր գլխիկը
Չի ըմբռնում մարդու թիկունքից ու դեմից
Հարվածելու թշնամությունը:
Է՛յ, ժամանակներ, երկրներ, դիվանագետներ,
Զինվորն առաջինն է տեսնում ու լսում
Ամպրոպի շունչը,
Նա առաջինն է ընկնում տարափի տակ,
Նա առաջինն է արեւի շողերն զգում թաց թիկունքին:
Զինվորը հանկարծ մտածում է աղջկա մասին,
Որին, կարծես թե, սիրում է,
Բայց քիչ են հանդիպել,
Գյուղում, ոչ քաղաքային այգի, ոչ սրճարան:
Ուզում է զանգել:
Ականջում հնչում է հրամանը՝
«Չզանգել բջջայինով»,
Թշնամին մոտ է, հարյուր քայլ այն կողմ:
Զինվորը նեղսրտած թուքն է կուլ տալիս:
Ու վեր թռած սրտով թռչում է իրենց գյուղ:
Նրա սիրտը ուժգին է բաբախում,
Մենք լսում ենք առաջինը,
Մենք չենք կարող չլսել,
Դա մեր բոլորի սիրտն է:
ԷԴ. ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
Խորագիր՝ #02 (1122) 28.01.2016 - 03.02.2016, Հոգևոր-մշակութային