ՄԻ ՍԽՐԱՆՔԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Նրանք զոհվեցին հանուն հայրենիքի. արյունով սրբագործված եղբայրություն
Վորոնեժցի լրագրող Վալենտին Կոտյուխը նամակով դիմել էր մեզ՝ խնդրելով ճշտել եւ տվյալներ տրամադրել իրեն (եթե այդպիսիք հնարավոր է գտնել) հայազգի օդաչու, կործանիչի հրամանատար, կրտսեր լեյտենանտ Արտյուշա Օհանջանյանի մասին, որը Վորոնեժի մոտակայքում 1942 թվականի հուլիսի 8-ին հերոսաբար զոհվել է՝ իր այրվող ինքնաթիռով խոյահարելով թշնամական տանկերի կուտակումները: Նամակում ռուս լրագրողը պատմում էր, որ ՌԴ ռազմաօդային ուժերի ձեւավորման 100-ամյակի կապակցությամբ հերոսի անունը կրող փողոցում հուշատախտակ է տեղադրվելու, եւ իրենք կարիք ունեն լրացուցիչ ճշգրտումների, ինչպես նաեւ՝ լուսանկարի, եթե կգտնվի Հայաստանում՝ նրա ծննդավայրում: Նա նաեւ խոսում էր իր երկարատեւ եւ ապարդյուն փնտրտուքների մասին:
Մենք, իհարկե, անմիջապես օգնության շտապեցինք մեր ռուս գործընկերոջը, մանավանդ որ խոսքը մեր զոհված, հերոս հայրենակցին էր վերաբերում, մանավանդ որ, ըստ ռուս ռազմական պատմաբանների, հայ օդաչուի արարքը իրավամբ էլ արժանի է Խորհրդային Միության Հերոսի բարձր կոչման: Դժվարին եւ երկարատեւ որոնողական աշխատանք էինք ենթադրում, որը, սակայն, զարմանալիորեն արագ ու հեշտ լուծում ստացավ. համացանցում Արտյուշա Օհանջանյանի մասին տվյաներ որոնելիս ուշադրությունս գրավեց մի գրառում, որի հեղինակը Արտյուշա Օհանջանյանի քրոջ թոռնուհին՝ Նատալյա Ավագյանն էր: Նա իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր հինգ լուսանկար եւ մակագրել՝ «Հայրենական մեծ պատերազմում զոհված իմ հարազատները»: Նրանց թվում էր նաեւ, հուրախություն ինձ, Արտյուշա Օհանջանի Օհանջանյանի լուսանկարը եւ նրա գործած սխրանքի մասին Նատալյայի գրառումը. «Արտյուշա Օհանջանյան. 284-րդ օդային դիվիզիայի 507-րդ կործանիչ ավիագնդի կրտսեր լեյտենանտ: 1942 թ. հուլիսի 8-ին Զեմլյանսկի շրջանում նա իր վառվող ինքնաթիռն ուղղեց ֆաշիստական տանկերի շարասյան վրա: Արտյուշա Օհանջանյանի կյանքն ընդհատվեց, երբ նա ընդամենը 25 տարեկան էր: Իր սխրանքի համար նա հետմահու պարգեւատրվել է Կարմիր դրոշի շքանշանով:
Հետագայում արդեն պետք է ծանոթանայի այս հրաշալի ընտանիքի անդամներին՝ Արտյուշայի ավագ քույր Շողակաթի (Ալեքսանդրա) որդուն՝ Արթուր Վարազդատի Ավագյանին, եւ վերջինիս դստերը՝ Նատալյային: Հաջողվեց նաեւ կապ հաստատել հերոսի հետնորդների եւ ռուս լրագրողի միջեւ: Արդյունքում ծնվեց Վալենտին Կոտյուխի հոդվածը, որը վերջերս հրապարակվել է վորոնեժյան communa.ru կայքում: Հոդվածը մեզ համար կարեւոր է նաեւ նրանով, որ, բացի Արտյուշա Օհանջանյանից, հոդվածագիրը անդրադարձել է Վորոնեժում եւ նրա մատույցներում զոհված մյուս հայազգի հերոսներին: Թարգմանաբար ներկայացնում ենք այն:
ՆՐԱՆՔ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԷԻՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ. ՕՀԱՆՋԱՆ՝ ՀՐԵՂԵՆ ՈԳԻ
ՎԱԼԵՆՏԻՆ ԿՈՏՅՈՒԽ
«Մ.Տ. Կալաշնիկովի անվան ռազմա-մարզական միություն» համառուսաստանյան հասարակական հայրենասիրական կազմակերպության Վորոնեժի մասնաճյուղի նախագահ
Մեծ հայրենական պատերազմի տարիներին ռազմաճակատներում կռվում էին 600 հազար հայեր. արեւային Հայաստանի ողջ ազգաբնակչության կեսը: Այս ժողովրդի ներկայացուցիչներից շատերն իրենց կյանքը զոհեցին նաեւ Վորոնեժի համար մղվող մարտերում:
Հավերժական քնով վորոնեժյան հողում պառկած են սերժանտ Գուրգեն Գեւորգյանը, Վահան Սաֆարյանը, սերժանտ Աղաբեկ Պողոսյանը` 303-րդ հրաձգային դիվիզիայից:
Չիժովսկի պլացդարմում սպանվել են 14-րդ տանկային բրիգադի կարմիրբանակայիններ Հմայակ Կոնինյանը, 6-րդ կարմրադրոշ հրաձգային դիվիզիայից՝ Արամ Ամիրյանն ու Հակոբ Մաթեւոսյանը: Այլազգի մյուս մարտիկների կողքին այստեղ հանգչում են 100-րդ հրաձգային դիվիզիայի դասակի հրամանատար, լեյտենանտ Պատվական Ալիխանյանի եւ սերժանտ Մանուկ Շադույանի աճյունները:
Պոդգորնոե գյուղի մատույցներում թշնամական ականի բեկորը խոցեց 107-րդ հրաձգային դիվիզիայի առանձին ուսումնական գումարտակի կուրսանտ Արտավազդ Ասատրյանի սիրտը:
Վորոնեժի համար մղված մարտերի տարեգրության մեջ հավերժ իր անունն է գրանցել 174-րդ հրաձգային դիվիզիայի գնդապետ Սերգեյ Իսաեւիչ Կարապետյանը*: Նրա ղեկավարությամբ դիվիզիայի զինվորները ֆաշիստներից ազատագրեցին Պետրոպավլովկայի մերձակայքում Դոնի ձախ ափը, գրավեցին եւ պահեցին Կորոտոյակյան պլացդարմը: Այստեղ մեկ ամիս ձգված մարտերի ընթացքում Կարապետյանի զինվորները ջախջախեցին հունգարացիների 4-րդ եւ 12-րդ հետեւակային դիվիզիաները եւ հիմնովին ջլատեցին գերմանացիների 336-րդ հետեւակային դիվիզիան: Համառ մարտերում Սերգեյ Իսաեւիչի դիվիզիան վաստակեց 46-րդ գվարդիական դիվիզիա կոչվելու իրավունքը:
Ավագ լեյտենանտ Հայկ Բալայանի հրամանատարությամբ 41-րդ ՆԳԺԿ (ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ) սահմանապահ գնդի 7-րդ վաշտը պաշտպանում էր Չեռնավսկի կամուրջը: Ֆաշիստները զինվորների դեմ դուրս էին բերում տանկեր, ռմբակոծում էին օդից, արկակոծում էին հրետանային եւ ականանետային կրակով, սակայն նրանք ոսոխին թույլ չտվեցին առաջանալ: Այստեղ՝ կամրջի մոտ, զոհվեց կարմիրբանակային Սուրեն Մարգարյանը. երբ շարքից հեռացավ գումարտակի հրամանատարը, վաշտի հրամանատար Բալայանը ստանձնեց երկրորդ գումարտակի ղեկավարումը:
1942 թ. հուլիսի 10-ին վաշտի հրամանատարի տեղակալ Միհրան Խաչիկյանը մարտիկների խմբով հետախուզում իրականացնելիս շրջափակման մեջ ընկավ: Կյանքի վերջին րոպեներին՝ գրոհից առաջ, նա գրություն է թողել. «Գտնվում եմ շրջափակման մեջ, եթե սպանվեմ, ինձ կոմունիստ համարեք»:
Մի խումբ մարտիկներին կրտսեր լեյտենանտ Խաչիկյանը հրամայեց. «Հառա՜ջ, հանուն գերմանական բարբարոսների վերջնական ջախջախման»: Վճռորոշ հարվածը զինվորներին հնարավորություն տվեց հասնելու յուրայիններին, սակայն ինքը՝ հրամանատարը, զոհվեց:
Բորիսոգլեբսկ քաղաքում հանգչում է Խորհրդային Միության Հերոս, կործանիչի օդաչու Սերգեյ Ավդեեւիչ Բուռնազյանի աճյունը: Իսկ Զեմլյանսկում հուղարկավորված է Արտյուշա Օհանջանյանի անձնակազմը, որը կրկնեց կապիտան Գաստելլոի սխրանքը:
Գեներալ-մայոր Ս. Ի. Կարապետյանի թոռը՝ Կարապետյան Սերգեյ Ռեմովիչը եւ «Հայ զինվոր» թերթի թղթակից Քնար Թադեւոսյանը օգնեցին գտնել Արտյուշայի ազգականներին: Այժմ Երեւանում բնակվում են կրտսեր լեյտենանտ Օհանջանյանի ավագ քրոջ որդին՝ Արթուր Վարազդատի Ավագյանը եւ նրա դուստրը՝ Նատալյան: Նրանք օգնեցին վերականգնել եւ ամբողջացնել հերոսի կենսագրությունը:
Մայրը՝ Դաշո (հայերենով՝ Դշխուհի) Գրիգորեւնան եւ հայրը՝ Օհանջան Օհանջանյանը, (լուսանկարում նա կենտրոնում է) բնակվում էին Կարսում, որն այն տարիներին Ռուսական կայսրության կազմում էր: Այստեղ 1914 թվականին ծնվեց նրանց դուստրը՝ Շողակաթը (Ալեքսանդրան), 1917թվականին աշխարհ եկավ Հարությունը (Արտյուշան), իսկ 1921-ին՝ կրտսեր որդին՝ Գեւորգը:
1921 թվականի մարտի 16-ին Խորհրդային Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ կնքվեց Մոսկովյան պայմանագիրը, որի համաձայն Թուրքիային էին անցնում Կարս, Իգդիր եւ Արդահան քաղաքները: Պայմանագրում նշված էր, որ այս քաղաքների յուրաքանչյուր բնակիչ իրավունք ունի ազատ հեռանալու Թուրքիայից եւ իր հետ վերցնելու իրերն ու իր ունեցվածքը: Օհանջանյանի ընտանիքը, վախենալով բռնի իսլամացումից եւ ֆիզիկական ոչնչացումից, մեկնում է սկզբում Ալեքսանդրապոլ (Գյումրի) եւ 1926 թվականի երկրաշարժից հետո միայն տեղափոխվում Երեւան: Այստեղ՝ գեղանկարիչ Վ. Ա. Սուրենյանցի անունով կոչվող փողոցի N 27 տանն է ապրել այս համերաշխ ընտանիքը:
Ծնողներն ամեն ինչ արեցին, որպեսզի երեխաները բարձրագույն կրթություն ստանան: Ալեքսանդրան ավարտեց Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը եւ դարձավ քիմիկ-տեխնոլոգ: Պաշտպանելով թեկնածուական ատենախոսությունը՝ նա աշխատում էր Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունում: Դպրոցն ավարտելուց հետո Արտյուշան ընդունվեց Երեւանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետ: Բուհական ուսումը նա համատեղում էր աերոակումբում թռիչքների հետ, որտեղ նա ստացավ У-2 ինքնաթիռի օդաչուի վկայական:
1937 թվականին խորհրդային օդաչուներ Վալերի Չկալովի, Գեորգի Բայդուկովի եւ Ալեքսանդր Բելյակովի AHT-25 ինքնաթիռով թռիչքը, երբ նրանք, հատելով Հյուսիսային բեւեռը, հասան ամերիկյան Վանկուվեր քաղաք, վերջնականապես վճռեց ուսանող Օհանջանյանի մասնագիտության ընտրությունը: 1939 թվականին, ավարտելով բուհը, նա ընդունվում է Եյսկի Ստալինի անվան օդաչուական եւ ծովային ու ցամաքային ավիացիայի օդաչուական-դիտորդական ռազմական դպրոց` ավարտելով պատերազմից անմիջապես առաջ:
Քրոջ՝ Ալեքսանդրայի որդին՝ Արթուր Վարազդատովիչը, որը ծնվել է եղբայրների մահվան տարում, հիշում է. «Մեր տան դալանի պատին Արտյուշան պատկերել էր ԽՍՍՀ ռազմաօդային ուժերի խորհրդանշանը՝ օդաչուներ Չկալովի, Բայդուկովի եւ Բելյակովի անուններով, իսկ չորրորդին տվել էր Արտյուշով անունը: Այդ գրությունը մարգարեական եղավ. նա նույնպես հերոս-օդաչու դարձավ: Տեղի բնակիչները խնամքով պահպանում էին այդ գրությունը, անգամ տան վերանորոգման ժամանակ չէին ներկում՝ ի հիշատակ Արտյուշայի»:
Մեծ հայրենականի սկզբից Արտյուշան ծառայում է արագաթռիչ-ռմբակոծիչների գնդում, առանձին հետախուզական էսկադրիլիայում: Նրանք թշնամու զորքերի դասավորության հետախուզություն էին իրականացնում Ղրիմյան, այնուհետեւ՝ Կովկասյան ճակատում: Անհավանական բարդ իրավիճակում էսկադրիլիան կորցնում է վեց լավագույն անձնակազմերը: Կովկասից Օհանջանյան ընտանիքը լուր է ստանում, որ Կերչի մերձակայքում զոհվել է Արտյուշայի կրտսեր եղբայրը` Գեւորգը:
1942 թվականի հունիսի 28-ին սկսվեց գերմանա-ֆաշիստական զորքերի գրոհը Վորոնեժի մատույցներում: Օդից նրանց աջակցում էր ֆաշիստների 4-րդ օդային տորմիղը: Հուլիսի 6-ին 507-րդ ռմբակոծիչ գունդը՝ մայոր Վասիլի Իվանովիչ Պինաեւի հրամանատարությամբ փոխադրվում է Բրյանսկի ճակատ: Հաջորդ օրը գնդի ղեկապետ (շտուրման), կապիտան Պյոտր Միխայլովիչ Բուդնիկի ղեկավարությամբ 9 ինքնաթիռներ ռումբեր են նետում Լատնոե կայարանի ե՛ւ Դեւիցա գյուղի շրջանում, որտեղ նկատվել էր թշնամու 400 տանկ: Խորհրդային ռմբարկուները հարկադրված էին հանձնարարությունը կատարել առանց անհրաժեշտ պաշտպանության: Հակառակորդի հարավային կողմի ռմբակոծիչ ավիացիան ուժեղ եւ բազմաքանակ էր:
Այդ օրը թշնամու տանկային շարասյուները ռմբակոծողների թվում էր կրտսեր լեյտենանտ Արտյուշա Օհանջանի Օհանջանյանի անձնակազմը, որի մեջ մտնում էին շտուրման, կրտսեր լեյտենանտ Մատվեյ Գրիգորեւիչ Մուգերմանը (այլ աղբյուրներում՝ Մուչերման), որը ծնունդով Օդեսայից էր: ПЕ-2-ը պոչի հատվածից պաշտպանում էր ծնունդով լենինգրադցի, հրաձիգ-ռադիստ, սերժանտ Իվան Ալեքսեեւիչ Միխայլովը:
Հաջորդ օրը 1-ին էսկադրիլիայի հրամանատար, ավագ լեյտենանտ Իվան Ֆյոդորովիչ Սերգիենկոն 9 «զինվորների» ուղղեց Զեմլյանսկի մոտ թշնամու տանկերի կուտակումների վրա: Գետնից նրանց վրա կրակում էր զենիթային հրետանին՝ փորձելով ստիպել ինքնաթիռներին շեղվել նշված ուղղությունից: Նպատակակետին հասնելու պահին մեր ռմբակոծիչները գրոհեցին հակառակորդի տասնհինգ կործանիչների: Ֆաշիստներին հաջողվեց խաբել մեր կործանիչների փոքրաթիվ, անփորձ ուժերին եւ նրանց մի մասին մարտի մեջ ներքաշել: Անպաշտպան վիճակում հայտնված ռմբակոծիչները համառորեն գնում էին դեպի թիրախը: Գերմանացիները մեր ռմբակոծիչներին գրոհում էին պոչի հատվածից, ցածից, կողքից: Այդ օրը նրանց հաջողվեց ոչնչացնել մեր ինքնաթիռներից վեցին:
«Զինվորին», որը վարում էր Օհանջանյանը, հենց առաջին իսկ նպատակային խոցումով այրեցին: Ինքնաթիռն արագ բռնկվեց: Անձնակազմը որոշում է ընդունում խոյահարել թշնամու տանկային շարասյունը: Կողքից թռչող օղակի հրամանատար, կրտսեր լեյտենանտ Նիկոլայ Սեմյոնովիչ Գուլյաեւը, որը հետագայում արժանացավ Հերոսի Ոսկե աստղի, ռադիոկապով լսել է իր ընկերների հրաժեշտի բացականչությունները եւ վկայել, որ ПЕ-2-ը մինչեւ պայթյունի պահը ղեկավարվում էր: Պարգեւատրման ցուցակում, որով Արտյուշային ներկայացրել էին Լենինի շքանշանի, գնդի հրամանատար, մայոր Պինաեւը նշել է. «Ինքնաթիռը կրակով էր բռնկված, սակայն քաջարի, անկեղծ հայրենասերը որոշում ընդունեց՝ ավելի լավ է զոհվել հերոսաբար, քան գերի հանձնվել: Ընկեր Օհանջանյանը չօգտվեց պարաշյուտից, այլ խոյընթաց թռիչք նախաձեռնեց եւ ռումբերով բեռնված ինքնաթիռը ուղղեց թշնամու տանկերի կուտակումների վրա: Այսպես զոհվեց մեր հպարտ արծիվը, որ Հայրենիքի շահը ավելի բարձր էր դասում, քան սեփական կյանքը»:
Այս սխրանքի համար Արտյուշան պարգեւատրվել է Կարմիր դրոշի շքանշանով, իսկ անձնակազմի մյուս անդամները պարգեւներ չեն ստացել:
Հայ ժողովրդի հերոսական որդու պատվին, Ռազմաօդային ուժերի կազմավորման 100-ամյակի առթիվ, Վորոնեժում՝ Պրիդոնսկոյ միկրոշրջանում, նրա պատվին անվանակոչված փողոցում հուշատախտակ է տեղադրվել: Հայաստանում՝ Հաղթանակի թանգարանում «Հայ զինվորի» զինվորական թղթակից Քնար Թադեւոսյանին հաջողվել է գտնել նրա ծխամորճը եւ Արտյուշայի հետ խմբակային մի լուսանկար:
Հիմա ինքս հաճախ մանթրայի պես կրկնում են, որ Խորհրդային Միությունը փլուզվեց: Ո՛չ, այն փլուզեցին: Բայցեւայնպես ջնջել ազատության եւ անկախության համար մղված ընդհանուր պայքարի պատմությունը, որն ամրագրված է ԽՍՀՄ ժողովուրդների արյունով, ոչ մի չարակամի չի հաջողվի:
* Գեներալ-մայոր Սերգեյ Կարապետյանի մասին գրվել է մեր թերթի նախորդ՝ 2016 թ. 1-ին համարում:
** Հեղինակը ձեռքի տակ է ունեցել Օհանջանյան ազգանվան մի քանի տարբերակ՝ Օգոնջանյան եւ այլն: Փորձելով վերականգնել ազգանվան ծագումը, իմաստը, ենթարկել է, այսպես ասած, ժողովրդական ստուգաբանության. Օհան հայերեն անունը (ռուսերեն տառադրձմամբ՝ Огонь, մեկնաբանել է որպես կրակ, հուր, այստեղից էլ՝ Վալենտին Կոտյուխի հոդվածի վերնագիրը:
Պատրաստեց Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ
Խորագիր՝ #02 (1122) 28.01.2016 - 03.02.2016, Պատմության էջերից