Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ



ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎՀայոց բանակի կազմավորումը 24 տարիներ առաջ մեր նորանկախ հայրենիքի մեծագույն ու կարևորագույն ձեռքբերումներից մեկը դարձավ, որով հայ ժողովրդի դարավոր հայրենապաշտպան պայքարի պատմության մեջ մի նոր փառավոր էջ բացվեց: Ցավոք, այդ էջը գրվեց ոչ թե թանաքով, այլ հերոսների արյունով:

Հայոց բանակը կազմավորվեց ու կայացավ հայրենիքի համար մղվող սրբազան կռիվների դաշտում, իսկ հայրենիքի սահմաններն ուրվագծվեցին մեր հերոսների թափած արյան կաթիլներով, ովքեր պարտադրված գոյապայքարը վերափոխեցին փառահեղ ազատամարտի: Այսօր մենք ենք նրանց արյամբ սրբացած հողի ժառանգները, և յուրաքանչյուրս սրբազան կոչում և առաքելություն ունենք` նվիրական ծառայությամբ բարձրացնելու և ամրացնելու հայրենիքի պաշտպանության պատը` խաչով, զենքով և գրչով: Այսօր հպարտությամբ կարող ենք նշել, որ հայրենասիրությունը հայ զինվորի արյան ու գիտակցության մեջ է մտել, իսկ հայրենիքը պաշտպանելու վճռականությունն ու հերոսանալու ծարավը` մնացել նրա էության անբաժան մասը:

Հայոց բանակի կազմավորման տոնը լավագույն առիթն է հայորդիների համար` ոչ պատերազմ, ոչ խաղաղություն տիրող դժվարին ու անորոշ ժամանակներում արժեւորելու Հայոց բանակի ազգապահպան դերակատարությունը` առ Աստված աղոթքով հայցելով Տիրոջ զորակցությունն ու պահպանությունը հայ զինվորի ու սպայի համար: Հայոց բանակը հայ ժողովրդի եւ հայրենի պետականության պաշտպանության երաշխավորն է, մեր հպարտությունն ու ուժը: Այն հայ ժողովրդի պատվի ու արժանապատվության, ինքնաճանաչումի ու ինքնասիրության, ապրելու և արարելու իրավունքի արտահայտողն է, հայոց բանակը հայ ժողովրդի բաբախող սիրտն է…

Հաղթանակած հայոց բանակը և հայ ժողովուրդը՝ Վարդանանց, Սարդարապատի ու Արցախյան գոյամարտի հերոսների օրինակով պիտի շարունակեն իրենց հաղթարշավը, քանի դեռ հավատարիմ ենք կենսական երկու արժեքների` առ Աստված հավատքին ու հայրենասիրությանը: Այս արժեքներն են, որ պատմության օրհասական փորձությունների մեջ հային հայ են պահել, առաջնորդել նրան բազմաթիվ հաղթանակների: Հենց այս արժեքների համար են մղվել սրբազան պատերազմները, որոնք ոտնակոխելը և հայ ժողովրդի գիտակցությունից ու էությունից արմատախիլ անելը եղել և մնում է թշնամու գլխավոր նպատակներից մեկը: Քանի դեռ Աստծո անպարտելի ուժն օգնական ունենք մեզ, թշնամին պիտի միշտ սայթաքի հայոց հավատքի ժայռի վրա:

ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության անունից մեր ջերմ շնորհավորանքներն ենք բերում բոլորիդ Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի կապակցությամբ` հայցելով, որ Աստված խաղաղության ու անդորրի մեջ պահի Հայաստան աշխարհը և  Հայոց բանակը:

 

ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ`

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ

ԳԵՐԱՇՆՈՐՀ

Տ. ՎՐԹԱՆԵՍ  ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

Խորագիր՝ #02 (1122) 28.01.2016 - 03.02.2016, Ազգային բանակ


10/02/2016