Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՇՈ՞ՒՄ ԵՔ, ՏՂԵՐՔ…



ՀԻՇՈ՞ՒՄ ԵՔ, ՏՂԵՐՔ...Առհասարակ հայ ընտանիքում ընդունված է Նոր տարին դիմավորել տանը, սեփական օջախում, մի հարկի տակ ու միասին, տոնական սեղանի շուրջ: Կարծում եմ՝ նույնն է նաև բանակում: Քո տունը դառնում է զորամասը, զորանոցը, իսկ ընտանիքը՝ քո վաշտը, ծառայակից ընկերներդ:

Բանակում նշած իմ առաջին Նոր տարվա հետ կապված վառ հիշողություններ չունեմ: Նոր էի տեղափոխվել ուսումնական զորամասից. ինձ համար ամեն բան նոր էր՝ զորամասը, սպաները, զինվորները և առհասարակ ծառայության ամբողջ մթնոլորտը: Սակայն այդ օրը մի կարևոր բան հաստատորեն տպավորվեց մեջս. Ամանորի գիշերը զորամասի ճաշարանում զինվորների հետ էր ոչ միայն մեր անմիջական, այլև զորամասի ամբողջ հրամանատարությունը: Ինձ համար դա նորություն էր, քանի որ մինչ այդ կարծում էի, թե մեր հրամանատարությունը ընտանիքների հետ է նշելու՝ տանը: Հետո մի մասը գնաց մարտական դիրքեր՝ Ամանորի գիշերը դիրքերում կանգնած տղաներին քաջալերելու, ոգևորելու, նրանց կողքին լինելու:

2015թ.-ի Նոր տարվան ես արդեն ծառայության բնականոն հունի մեջ ընկած զինվոր էի, յուրացրել էի իմ մասնագիտությունը, սպաներին շատ լավ գիտեի, լավ ընկերներ էի գտել: Այս անգամ ամանորյա տոնակատարության կազմակերպիչները հիմնականում մենք էինք՝ արդեն հին ծառայողներս, ու մեզ մնացել էր մեկ կիսամյակ՝ զինվորական ծառայության վերջին կիսամյակը:

Տղե՛րք, հիշո՞ւմ եք՝ ոնց նշեցինք Նոր տարին, ոնց էինք պատրաստվում, ոնց էինք բոլորս միասին սեղան գցում, ուտեստները ձևավորում, զարդարում զինվորական ճաշարանը, ամբողջ զորամասը: Հիշո՞ւմ եք, տղե՛րք, ինչպես զարդարեցինք զորանոցի տոնածառը՝ բնական ու մեծ եղևնին: Թեև ինքս մեր զորամասի «տարեցներից» էի, սակայն ամեն ինչ անում էի պատանու ոգևորությամբ: Տոնական սեղանին դրեցինք նաև տնից ուղարկված ծանրոցների պարունակությունը՝ չրեղեն, միրգ, մսեղեն… Մեր սեղաններին ամեն ինչ կար, բայց կարևորը առատությունը չէր, այլ մեր հոգիների ջերմությունը, ընկերական ու իսկապես տոնական մթնոլորտը:

Տղե՛րք, հիշո՞ւմ եք, ինչպես կեսգիշերին՝ ուղիղ ժամը 12:00-ին, ճաշարանի բակում զինվորներով շրջան կազմեցինք ու բոլորս միասին երգեցինք մեր զորամասի՝ վրիժառու Սողոմոն Թեհլերյանին նվիրված «Գինի լից» երգը:

Հետո մտանք ճաշարան, նստեցինք առատ սեղանների շուրջ, ես կարդացի ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարների՝ հայոց բանակի սպաներին ու զինվորներին ուղղված շնորհավորական ուղերձները, այնուհետև հնչեղ հուռաների ներքո բաժակ բարձրացրինք ու խմեցինք հայոց բանակի հզորության, մեր հայրենիքի, խաղաղության, մեր սպաների ու զինվորների ողջության կենացը: Նաև բաժակ բարձրացրինք ի հիշատակ մերօրյա հերոս նահատակների…

Հիշո՞ւմ եք, տղե՛րք… Իմացե՛ք, կանցնեն տարիներ, տասնամյակներ, ու դուք կհիշեք, որ այդ օրը մենք դիմավորում էինք մեր կյանքի ամենաանմոռաց ու ամենահիշարժան Ամանորներից մեկը, եթե ոչ ամենահիշարժանը:

Արդեն կես տարի է, ինչ զորացրվել եմ, բայց իմ զորամասն ու զորանոցը դեռ իմ սրտում են: Մինչև գրածս տպագրվի, արդեն զորացրված կլինեն մեր ծառայակից ընկերները՝ Խաչատրյան Ջոնը, Հակոբյան Ռուբենը, Ամիրխանյան Գոռը, Ոսկանյան Արգիշտին: Զորամասի բարի ավանդույթները կշարունակեն Բաբայան Արգիշտին, Դարբինյան Լևոնը, Շահնազարյան Դավիթը և մյուսները:

Շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարին, ծառայակից ընկերներ՝ Պետրոս ու Տիգրան Պետոյաններ, Վարդան Աղաբեկյան, Արթուր Ղուլյան, Սերգո Գալստյան, Ռուբեն Սարգսյան, Սամվել Գալոյան: Միաժամանակ շնորհավորում եմ իմ եղբայր-զարմիկներ Արտակ Ներսիսյանին և Ռոբերտ Այվազյանին, որոնք Հայոց բանակի շարքերում են:

Թող 2016 թվականը լինի առողջության, հաջողությունների, լիուլի բարիքների, նվիրական իղձերի իրականացման, նորանոր ձեռքբերումների, ամենակարեւորը՝ խաղաղության տարի: Զորացրված զինվոր ընկերներիս մաղթում եմ ամենայն բարիք և նպատակների իրականացում քաղաքացիական կյանքում, իսկ դեռևս ծառայողներին՝ անփորձանք ու խաղաղ հերթապահություն:

Մեծագույն հարգանքով ու բարեմաղթանքներով՝

Հայոց Ազգային բանակի զորացրված, բայց հավերժ զինվոր՝

Սերժանտ ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ

Խորագիր՝ #03 (1123) 04.02.2016 - 10.02.2016, Ազգային բանակ


25/02/2016