ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱ
Տխմարը երջանկություն է փնտրում հեռուներում, իմաստունն այն աճեցնում է քթի տակ:
Դ. Օպենհեյմ
Ամանորի հազարումի մաղթանքների մեջ ամենահաճախակին «Երջանկություն եմ ցանկանում» բարեմաղթանքն է:
Իսկ ի՞նչ է, ի վերջո, երջանկությունը: Գիտական մեկնաբանությամբ՝ երջանկությունը մտավոր զգացմունքային վիճակ է, որը ուղեկցվում է դրական կամ հաճելի ապրումներով ու զգացումներով, որոնք էլ իրենց հերթին առաջացնում են բավարարվածության ուրախ վիճակ:
Փիլիսոփաներն ու հոգեւորականներն այն հաճախ սահմանել են որպես բարեկեցիկ ապրելաձեւ եւ ոչ թե պարզապես զգացում:
Երջանկության ընկալումը տարբեր է, ամեն մարդ յուրովի է պատկերացնում եւ յուրովի էլ սահմանում է իր իսկ երջանկության բանաձեւը: Մեկի համար այն ցոփ ու շվայտ կյանքն է, շքեղությունը, մեկի համար էլ իրերից, նյութականից ոչ կախյալ լինելը, մեկը երջանկություն է փնտրում սիրելու, մյուսը՝ սիրված լինելու մեջ: Մեկի համար լիակատար երջանկություն է հարազատ մարդկանցով շրջապատված լինելը, մյուսի համար՝ սեփական եսի հետ հաշտ ապրելը…
Էյնշտեյնը, օրինակ, բացատրում էր այսպես՝ եթե ուզում եք ձեր կյանքը լինի երջանիկ, ապա կապեք այն նպատակների, այլ ոչ թե մարդկանց ու առարկաների հետ: Ժան Ժակ Ռուսոն էլ կարծում էր, որ դրա համար անհրաժեշտ է ընդամենը երեք բան՝ լավ բանկային հաշիվ, լավ խոհարար եւ լավ ստամոքս: Կարնեգին նշում էր, որ երջանկությունը բնավ էլ կախված չէ այն բանից, թե ով ես դու եւ ինչ ունես: Այն կախված է միայն նրանից, թե դու ինչ ես մտածում:
Իսկ ահա ամերիկյան հոգեբանները տալիս են երջանիկ դառնալու յոթ խորհուրդ.
♦♦♦
- Սիրեք ձեր մերձավորներին, ավելի շատ ժամանակ տրամադրեք նրանց, ում սիրում եք:
♦♦♦
- Ավելի շատ նվիրվեք ձեր սիրած աշխատանքին, եթե չեք սիրում ձեր գործը, աշխատեք փոխել այն. չէ որ աշխատավայրում ենք անցկացնում մեր կյանքի գերակշռող մասը, եւ դա չի կարելի վերածել տառապանքի:
♦♦♦
- Օգնեք մարդկանց: Բոլորիս մեջ նստած է շրջապատին անշահախնդրորեն օգնելու պահանջը: Օգնելով ուրիշներին՝ դուք ավելի շատ կհարգեք ձեզ եւ կազատվեք հոգեկան եւ ֆիզիկական սթրեսներից: Արդյունքում՝ ավելի գոհ կլինեք կյանքից:
♦♦♦
- Ֆիզիկական ակտիվություն: Ցանկացած ֆիզիկական ակտիվություն առողջ մարդուն հաճույք է պատճառում: Ակադեմիկոս Պավլովը դա անվանում է «մկանային հրճվանք»: Ոմանք կարծում են, որ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ ուղեղում արտադրվում են հատուկ բնական նյութեր, որոնք բավականության զգացում են առաջացնում: Վազեք, դահուկ քշեք, պարեք եւ այլն:
♦♦♦
- Աշխատեք երջանիկ լինել: Հետեւեք ինքներդ ձեզ, պարզեք՝ ինչն է ձեզ լավ տրամադրություն հաղորդում, ի՞նչն է ձեզ ուրախացնում, եւ ձգտեք հենց դրան:
♦♦♦
- Ձեր կյանքում նորույթի տարր ներմուծեք: Մեզ մանկուց համոզում են, որ չափավոր եւ կայուն կյանքն է լավ: Օրվա ռեժիմը, կայուն սովորույթները, նվիրվածությունը աշխատանքին եւ որոշակի մարդկանց, կապվածությունը նույն սրճարանին ու կինոթատրոնին, յուրաքանչյուր տարի արձակուրդը նույն վայրում անցկացնելը վատ չէ, բայց մարդուն հարկավոր են նորություններ, փոփոխություններ: Փորձեք երբեմն շեղվել ձեր կյանքի բնականոն ընթացքից: Ասենք, աշխատանքի մեկնեք այլ երթուղով, նոր հոբբի գտեք, արձակուրդ վերցրեք այլ սեզոնի եւ այլն:
♦♦♦
- Մի հուսահատվեք, եթե երբեմն ձեզ շատ դժբախտ եք զգում: Սա հոգեբանական ճոճանակի օրենքն է` այսօր դուք երջանիկ եք, բայց կգա նաեւ հակառակ զգացումը: Ընդ որում՝ նրանք, որոնց ճոճանակը շատ է թեքվում «դրականի» կողմը, պետք է հաշտվեն այն բանի հետ, որ մեծ կլինեն նաեւ «բացասական» տատանումները:
♦♦♦
Ասում են՝ երջանկությունը առողջության նման է, երբ այն չես նկատում, նշանակում է կա:
Առողջություն եւ երջանկություն բոլորիս:
Պատ.՝ Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ
Խորագիր՝ #03 (1123) 04.02.2016 - 10.02.2016, Սոցիալ-իրավական