Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՆՔ ԿՀԱՂԹԵՆՔ



Հրանտ Մկրտչյանը զոհվել է 1992թ. օգոստոսի 15-ին, Հացի գյուղի պաշտպանության ժամանակ, երբ ընդամենը 25 տարեկան էր։ Ազատամարտիկի օրագրի վերջին գրառումը կատարվել է զոհվելուց մեկ ամիս առաջ։ Հրանտ Մկրտչյանի հոր՝ Ռաֆիկ Միքայելյանի խոսքով, իր կյանքը կանգ է առել 1992-ի օգոստոսի 15-ին, իսկ դրա շարունակությունը պարտք է որդու հիշատակի առաջ, նրա անավարտ երազանքները իրականացնելու պարտավորություն։

22.06.92.
Տեսա Լաչինը, Շուշին, Ստեփանակերտը ու բազմաթիվ գյուղեր։ Բնությունը հոյակապ է։ Տրամադրությունս լավ չի, անորոշությունը ճնշում է, բայց մի ներքին հավատ ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Ծանոթացա Թալինի տղերքի հետ։ Լավ տղերք են։ Երեւի այսօր գնամ Նոր Շեն, Մուշեղի ջոկատը։

23.06.92.
Հասա մեր՝ Հոկտեմբերյանի խմբին։ Տղերքը հզոր են։ Հիմա նստածս տեղից Աղդամը երեւում է։ Տա Աստված, շուտով մերը կլինի։ Ապրում ենք Նոր Շենի եւ Հացիի արանքում գտնվող դպրոցում։ Մի քիչ հեռու եկեղեցի կա։ Ասում են՝ չորրորդ դարի է։ Այսօր գնալու եմ տեսնեմ։ Այսօր զենք ու զինամթերք ստացա։ Արդեն հանգիստ եմ։

25.06.92.
Այսօր իմ առաջին մարտը եղավ։ Օպերացիան սկսվեց ժամը 4-ին։ Ծանր մարտ էր։ Ես գնդացրորդի օգնական էի։ Սկզբում ամեն ինչ շատ հաջող էր, բայց հետո 6 զոհ տվեցինք եւ 15 վիրավոր։ Շան որդիք Աղդամից օգնություն ստացան։ Ես հրաշքով կենդանի մնացի (ընկանք գրադի տակ)։ Մեր զորանոցը ուժեղ ռմբակոծվել էր, տեղափոխվեցինք կողքի գյուղ։ Պիտի շորերս լվանամ, ցեխի մեջ կորած են։

26.06.92.
Քռի Եղցի վանքում ենք։ Տեղացիներն ասում են՝ Մեսրոպ Մաշտոցը եղել է այս վանքում։ Հիմա Հացի գյուղի դիմացի սարի վրա եմ։ Այսօր ջուր վերցրի «Անահիտ» աղբյուրից։ Սա այն Անահիտն է, որի մասին գրել է Ղազարոս Աղայանը (դիմացի սարից կրակեցին, երեւի ինձ վրա էր։ Հերները կանիծեմ, զինված եմ)։ Տեղացիներն ասում են, որ այս տարածքի բնակեցումը սկսվել է Հացի գյուղից։ Բնության մասին էլ չեմ խոսում, հրաշք է։ Երբ ես վերադառնամ (անպայման կվերադառնամ), իմ սիրտը այստեղ կմնա։ Իջնում եմ, ներքեւում ինչ-որ բան կատարվում է…

28.06.92.
Երեկ պոստի էի։ Գիշերը չեմ քնել։ Հիմա բլինդաժում եմ։ Տղերքը Նախիջեւանիկի ուղղությամբ հարձակվել են։ Մենք պիտի չթողնենք, որ թուրքերը օգնություն ուղարկեն։ Լավ հոգնած եմ։

10.07.92.
Սպասում ենք հարձակման։ Տղերքը շատ լավ են։ Աղդամը մերն է։

18.07.92.
Այսօր զանգեցի տուն։ Չգիտեմ՝ տղերքը երբ կգան։ Մինչեւ չգան, ես տուն չեմ գնալու։ Սամոն անպայման կգա։ Ես գիտեմ նրան։

Հաճախ ինքս ինձ հարց եմ տալիս՝ հնարավո՞ր էր պահպանել որդուս։ Այնպես անել, որ նա ապրեր։ Ախր այդքան գեղեցիկ կյանքը չպետք է ընդհատվեր, այդքան գեղեցիկ երազանքները չպետք է մնային անկատար… Ինքս ինձ հարց եմ տալիս ու… որքան մտածում, այնքան ավելի եմ համոզվում, որ ամեն ինչ կանխորոշված էր։ Այնքան հիմնավոր, այնքան օրինաչափ էր, որ անհնար էր փոխել նրան մարտադաշտ տանող ճանապարհի հունը։ Հրանտս խիզախությունը արյամբ էր ժառանգել։ Մորական պապը՝ Սարգիս Սարգսյանը, Անդրանիկի զինվորն էր եղել, մասնակցել էր Սարդարապատի ճակատամարտին։ Նրա հուշերը Անդրանիկի մասին ժամանակին տպագրվել են հանրապետական մամուլում։ Հրանտը հաճախ վերընթերցում էր պապի պատմությունները։ Հորական պապը՝ Մկրտիչ Միքայելյանը, Հայրենական պատերազմի մասնակից էր, զոհվել էր 1943-ին Հյուսիսային Կովկասի պաշտպանության ժամանակ։ Արխիվներում հորս սխրանքների մասին զանազան վավերագրություններ են պահպանվում։ Նա թաղված է Դերբենդում։ Ես ամեն տարի Հրանտիս տանում էի Դաղստան՝ այցելելու պապի գերեզմանին։ Մենք ամեն ինչ արել ենք, որ Հրանտս հայրենասեր մեծանա… Հրանտս արտասովոր երեխա էր։ Դեռ մանկուց այնքան խելացի էր, հանդարտ, մտածող։ Զարմանում եմ՝ երեխան էլ չարություն չանի՞… Ժամերով մեն-մենակ խաղում էր, երբեք հոգս չէր պատճառում մեզ։ Բոլոր առարկաները հավասարապես լավ էր սովորում։ Ե՛վ Հրանտս, ե՛ւ մեծ որդիս՝ Միքայելը, դպրոցը հինգերով ավարտեցին։ Ուսուցիչները շատ էին սիրում Հրանտիս, ընկերները, ընկերուհիները, բոլորը… Մինչ օրս նրանք գալիս են մեր տուն, հիշում են Հրանտիս, պատմում են, կարոտում…
Մի օր ձմեռվա կեսին տուն եկավ բարակ շապիկով։ Ասացի՝ տղա ջան, շորերդ ո՞ւր են։ Ասաց՝ պա՛պ, ավտոբուսից փախստականներ իջան, վատ էին հագնված, վերարկուս, սվիտրս հագցրի նրանց։ Իմ տղան բազմակողմանի զարգացած էր, այնքան հետաքրքրություններ ուներ։ Ցանկանում էր աստղաֆիզիկոս դառնալ։ Տարբեր գիտական ամսագրեր էր կարդում, ինչ-որ հոդվածներ էր ուղարկում Մոսկվա։ Ազգային դասական երաժշտություն էր սիրում՝ Կոմիտաս, Եկմալյան, նրա ձայնասկավառակները մինչ օրս պահպանում եմ։ Որոշել եմ Հրանտիս գրքերը հանձնել այն դպրոցին, որտեղ սովորել է։
Տղաս հավատացյալ էր։ Պատերազմի դաշտում «Փրկության աղոթքը» ծոցագրպանում է եղել։ Տղաները ասում են՝ շատ անգամ ուղղակի հրաշքով փրկվել ենք, Հրանտը աղոթել է, ու մենք փրկվել ենք։ Ասում են՝ Հրանտի աղոթքը Աստված լսում էր, ու հրաշք էր կատարվում։ Բայց այդ հրաշքը որդուս չփրկեց։
Սկզբից մեզ չէր ասում, որ գնում է Արցախ։ Ասում էր՝ Ծաղկաձորում եմ։ Հետո իմացանք, որ պատերազմ է գնացել։ Երբ իմացանք, ասաց. «Իմ տեղը Արցախում է։ Այս պահին յուրաքանչյուր հայ տղամարդու տեղը Արցախում է։ Մենք պիտի ադրբեջանցու հետ իր տարածքում կռվենք։ Ահագին բան ձեռից բաց ենք թողել, էլ նահանջելու տեղ չկա»։ Ես իմ տղային գիտեի, նույնիսկ չփորձեցի հակառակը համոզել։
Իմ տղան չհասցրեց ամուսնանալ, երեխա ունենալ։ Ընկերոջ երեխային այնքան էր սիրում, որ նկարը հետը տարել էր ճակատ։ Երբ տղաս զոհվեց, թղթերի միջից ընկերոջ երեխայի՝ Ավիկի նկարը գտանք։ Այդ նկարը հիմա մեր տանն է։ Ավիկը մեծացել է, համալսարանում է սովորում։ Արդեն պատկերացնում եք, թե ինչ է նշանակում Ավիկը մեզ համար։
Տղաս Հացի գյուղում է զոհվել։ Երբ գնացի Հացի, մեծ ընդունելության արժանացա, բոլորը պատվում էին ինձ, պատմում էին որդուս մասին։ Ասում էին՝ Հրանտը խոստացավ, որ թուրքը մեր գյուղ չի մտնի, ու կատարեց իր խոստումը։ Ասում էին՝ Հրանտս մտերիմ է եղել Մոնթեի հետ, ժամերով առանձնացել են, զրուցել։ Տղայիս զոհվելուց հետո Մոնթեն խռովել է տղաներից, ասել է՝ Հրանտին պիտի պահպանեիք։
Գյուղում աղբյուր կար՝ «Անահիտի աղբյուր» է կոչվել։ Հրանտս նորոգել է աղբյուրը։ Սիրել է ջուր վերցնել աղբյուրից։ Գյուղացիներն այժմ այդ աղբյուրը «Հրանտի աղբյուր» են կոչում։ Նրանք ինձ տարան անտառ, որտեղ նշել էին տղայիս 25-ամյակը (1992-ի հուլիսի 21-ին, իսկ օգոստոսի 15-ին տղաս զոհվեց)։ Մենք՝ ես, տղայիս ընկերները, գյուղացիները նույն անտառում նշեցինք Հրանտիս ծննդյան օրը՝ առանց նրա։
Ամեն ինչ պատմում եմ ու… չեմ պատմում ամենակարեւորը։ Այն, ինչը ամենից լավ է բնութագրում Հրանտիս։ Լուր են բերում, որ ադրբեջանցիները գրավել են գյուղի դիրքերը ու շարժվում են առաջ։ Տղաները որոշում են սպասել լրացուցիչ ուժերի, սպասել օգնության։ Հրանտս չի համաձայնում, ասում է՝ սպասել չենք կարող, թուրքերը իջնում են գյուղ։ Ու զենքը վերցրած՝ գնում է դեպի դիրքերը։ Փոխհրաձգության ձայն լսելով՝ տղաները շտապում են օգնության։ Տանկիստ Արայիկը առաջինն է հասնում։ Բայց… ուշանում է։ Գիշերվա ժամը 12-ին սկսված մարտը ավարտվում է առավոտյան ժամը 6-ին։ Ադրբեջանցիները նահանջում են՝ չհասցնելով գյուղ մտնել։ Հաջորդ օրը ադրբեջանական թերթերը գրում են, որ իրենց լավագույն ջոկատներից մեկը ջախջախվել է Հացի գյուղի մատույցներում՝ տալով 31 զոհ։ Այդ հաղթանակով փակվում է դեպի Ստեփանակերտ տանող Հացի-Նոր Շեն-Ավդուռ ճանապարհը։ Այդպես ապրեց տղաս իր կյանքի վերջին օրը՝ արժանի իր ապրած մյուս օրերին։ Այդպիսին էր նրա գեղեցիկ կյանքի ավարտը։
…1992 թվականի օգոստոսի 15-ից հետո ես ապրում եմ տղայիս ընդհատված կյանքը, նրա փոխարեն, այնպես՝ ինչպես որդիս կցանկանար ապրել, անում եմ այն, ինչ որդիս կցանկանար անել։ Օրերս Արմավիրի դպրոցում, որտեղ սովորել է տղաս (որը նրա ընկերոջ՝ Վարդան Բախշյանի անունն է կրում) խաչքար տեղադրեցինք։ Խաչքարը մեծ տղաս էր նախագծել։ Այն նվիրեցինք Հայկ նահապետից մինչեւ Արցախյան պատերազմ՝ բոլոր քաջարի հերոսներին։ Սկզբից որոշել էի տղայիս հիշատակին նվիրել, հետո զգացի, որ Հրանտս ուրիշ բան է ուզում, ու նրա ցանկությունը կատարեցի։ Հա, ես զգում եմ տղայիս, զգում եմ նրա ցանկությունները, նա հուշում է ինձ։ Միշտ իմ կողքին է, այստեղ՝ հոգուս մեջ։ Նա ցանկանում է, որ խաչքարը սրբատեղի դառնա։
Հրանտս ցանկանում է, որ մենք օրնիբուն կառուցենք մեր երկիրը։ Նա ասում է, որ մենք պիտի շտապենք, առանց այդ էլ ուշացել ենք։ Մենք պիտի բոլորից առաջ լինեինք, բայց հետ ենք մնացել։ Ուրեմն՝ պիտի ամեն օր մտածենք մեր երկրի բարօրության մասին, զարգանալու մասին, հզորանալու մասին, մեր սահմանները անառիկ պահելու մասին։ Հրանտս ցանկանում է, որ հայրենակից բառը մեծ խորհուրդ ու բովանդակություն ունենա մեզ համար։ Մենք պիտի հարազատի պես ընդունենք հայրենակցին, պատասխանատվություն կրենք նրա ճակատագրի համար։ Մենք միասին ենք ուժեղ, առանձին-առանձին կկորչենք։ Մենք որպես ազգ ենք ուժեղ, որպես անհատ՝ որքան էլ հզոր լինենք, ոչինչ ենք, եթե մեր հայրենիքն ու ժողովուրդը հզոր չեն, ամուր չեն, պաշտպանված չեն։
Հրանտս ցանկանում է, որ մեր երկրում, մեր շուրջը չլինեն շփոթված մարդիկ, մենակ, լքված, անպաշտպան մարդիկ։ Որ մարդը օգնի մարդուն, որ Հայաստանում ազգային սերունդ մեծանա, ազգային արժեքներին նվիրված, ազգային հպարտությամբ տոգորված, ազգը պաշտպանելու պատրաստ, հայրենիքի արժեքը գնահատող, հողին կապված…
Բաղրամյանի շրջանի Մյասնիկյան գյուղին կից նոր շեն է հիմնվում։ Լոնդոնահայ բարերար Ռուբեն Գալչյանը մեծ աջակցություն է ցույց տալիս գյուղին, արվեստի դպրոց է կառուցել։ Ես հիմա այդ գյուղի հեռանկարով եմ ապրում։ Արդեն ե՛ւ հոսանք ունենք, ե՛ւ ջուր, ե՛ւ գազ։ Ավագ որդիս՝ Միքայելը, որը հմուտ ճարտարապետ է, որոշել է այդ շենը վարպետաց քաղաք դարձնել, վերածնունդ տալ հին հայկական արվեստներին ու արհեստներին՝ գորգագործությանը, բրուտագործությանը, փայտամշակմանը, ոսկերչությանը եւ այլն։
Այդպես՝ ես ու որդիս միշտ մտածում ենք, թե ինչ կաներ Հրանտը, եթե ողջ լիներ, կամ ինչ կցանկանար, որ մենք անեինք։
Ես քիմիկոս-թունաբան եմ, երկար տարիներ լաբորատորիայի վարիչ եմ եղել։ Ամբողջ կյանքում աշխատել եմ։ Ու, անհամեստ չլինի, լավ եմ աշխատել, տքնաջան, նվիրումով։ Բայց, իմ կարծիքով, քանի մարդը ողջ է, քանի շնչում է, ապա պարտք ունի հայրենիքի առաջ, աշխատելու, երկիրը շենացնելու, հայրենակիցներին օգնելու, յուրայինների հոգսը թեթեւացնելու պարտք։ Հրանտս է այդպես ասում։ Նա ասում է, որ հայրենիքում ապրելը կամ հայ լինելը շատ քիչ է հայրենիք ունենալու իրավունքը նվաճելու համար։ Հայրենիք ունենալու իրավունքը պիտի վաստակես։ Հայաստանը Հրանտիս հայրենիքն է։ Ու բազմապատիկ թանկ է ինձ համար, անսահման թանկ է ինձ համար, Միքայել որդուս համար, կնոջս համար, աղջկաս համար, Հրանտ անունով թոռանս համար…
Արցախյան պատերազմի ժամանակ ես ճակատ չեմ գնացել։ Բայց հիմա, եթե պատերազմ լինի, ես կգնամ ու կկանգնեմ այնտեղ, որտեղ որդիս կլիներ։ Ես, Միքայել որդիս, Հրանտ թոռս… Վստահ եմ, որ յուրաքանչյուր զոհված ազատամարտիկի փոխարեն, երկիրը պաշտպանող քաջերի շարքում կկանգնեն մի քանի հայորդի՝ զոհված հերոսների կանչով, զոհված հերոսների հիշատակի համար։ Կգան նրանց մարտական ընկերները՝ վրեժով լցված։ Կգան նրանց սխրանքով արիացած սերունդները, ու մեր շարքերը ավելի խիտ կլինեն։ Մեր ոգին ավելի ամուր կլինի։ Մենք ավելի վստահ, քաջ ու հզոր կլինենք։ Մենք կհաղթենք։
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ. -Ռաֆիկ Միքայելյանը երկար տարիներ փնտրել է 1992-ի օգոստոսի 15-ին Հացի գյուղի պաշտպանության ժամանակ իր որդուն՝ Հրանտին առաջինն օգնության հասած տանկիստ Արայիկին։ «Տանկիստ Արայիկն ամեն ինչ արել է, որ փրկի որդուս։ Նա իմ հարազատն է»,- ասում է Ռաֆիկ Միքայելյանն ու խնդրում օգնել գտնելու զոհված որդու մարտական ընկերոջը։

Խորագիր՝ #47 (862) 1.12.2010 - 8.12.2010, Ճակատագրեր


08/12/2010