Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՆԿԻՍՏԸ



ՏԱՆԿԻՍՏԸՍմբատ Քոչարյանը ուսումնական կենտրոնում սովորելուց հետո ծառայության անցավ զինված ուժերի զորամասերից մեկում: Ծնողները հպարտությամբ են պատմում իրենց զինվոր որդու մասին: Ու երբ ծանոթանում  ես ծնողների կենսագրությանը, հասկանում ես, որ հպարտություն բառը այստեղ կարելի է հասկանալ այսպես՝ վաստակած, ձեռք բերված հպարտություն: Սմբատի հայրը՝ Աշոտ Քոչարյանը,  պատերազմի  հաշմանդամ է, ազատամարտիկ, կազմավորել է «Հաղարծին»  ջոկատը եւ որպես հրամանատար մասնակցել ազատագրական մարտերին: Զինված ուժերի կազմավորման հետ ծառայության է անցել հայոց բանակում, եղել է  առաջին գումարտակի հրամանատարներից, եւ ինչպես Վ. Սարգսյանն էր ասում՝ հայոց նորաստեղծ բանակի սյուներից մեկը:  Մայրը՝ Նաիրա Քոչարյանը, նույնպես իր մասնակցությունն է բերել ազատագրական պայքարին: Հայրենի Կիրանց գյուղի ազատամարտիկների,  «Հաղարծին» ջոկատի տղաների համար հաց էր թխում, սնունդ հասցնում, ինչպես նաեւ գուլպա գործում ու փամփշտակալ կարում:   Մինչ օրս էլ նա ծառայում է ՀՕՊ զորքերում, միեւնույն  ժամանակ «Ղարաբաղի պատերազմի վետերանների միության» Իջեւանի կառույցի ղեկավարն է: Փորձում է օգնել իր եւ ամուսնու մարտական ընկերներին ինչով հնարավոր է.

-Կարեւորը վերաբերմունքն է, հոգով, սրտով ասված խոսքն էլ ոգեւորող է, ուժ տվող: Ամանորին  Տավուշի սահմանի մեր մարտական հենակետերում կանգնած զինվորներին փոքրիկ ծանրոցներ էի ուղարկել: Խիղճս հանգիստ է, վստահ եմ, որ իմ Սմբատ որդուն  նույնպես մեկնումեկը, մեկ ուրիշ զինվորի մայր ծանրոց կուղարկի: Սմբատս դեռ փոքր հասակից միշտ ասում էր՝ երբ մեծանամ, պիտի տանկիստ դառնամ:  Եվ որդիս այսօր տանկիստ է՝ տանկի մեխանիկ-վարորդ:  Տեսնել է պետք այն ոգեւորությունը, այն ջերմությունը, որը որդիս տածում է իր «երկաթյա նժույգի»  հանդեպ: Որդիս  սիրում է իր մասնագիտությունը, սիրում է զինվորականի գործը: Հայոց բանակի օրը զանգահարեց եւ ուրախ լուր հաղորդեց. իրենց տանկի անձնակազմը մրցույթին հաղթող է ճանաչվել, եւ իրեն որպես խրախուսանք արձակուրդ է տրվել: Կարծում եմ՝ զորացրվելուց հետո տղաս կշարունակի ծառայությունը բանակում, քանի որ՝ որպես մայր, զգում եմ՝ որդուս երակներով մեր մեծ պապի՝ Գեորգիեւյան երեք խաչերի ասպետ  Թորոս Դավթյանի արյունն է հոսում, որի կիսանդրին շուտով պիտի  դրվի հայրենի Կիրանց գյուղում:

Խոսում են ծնողները, պատմում իրենց զինվոր որդուց, վերհիշում են Հայոց 24-ամյա բանակի անցած ուղին ու ձեռքբերումները, եւ խոսքը, օրհնանքը աստիճանաբար տարածվում, լսելի է դառնում հայոց սահմաններին կանգնած բոլոր հայ զինվորների, որոնց շարքերում նաեւ իրենց տանկիստ որդին է՝ Սմբատ Աշոտի Քոչարյանը…

 

Գնել ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

 

Խորագիր՝ #03 (1123) 04.02.2016 - 10.02.2016, Ազգային բանակ


25/02/2016