ԱՄԵՐԻԿԱՑԻ ԶԻՆՎՈՐԸ ՊԱՐԳևԱՏՐՎԵԼ Է ԽԻԶԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սերժանտ Լերոյ Արթուր Պետրիին կպարգևատրի Պատվո մեդալով: Վերջինս Աֆղանստանում մարտական գործողությունների ժամանակ փրկել է իր ծառայակից ընկերների կյանքը` կորցնելով ձեռքը: 31-ամյա Պետրին կդառնա Վիետնամի պատերազմից հետո կենդանության օրոք ԱՄՆ զինվորական բարձրագույն պարգևի արժանացած երկրորդ մարդը: Առաջինը սերժանտ Սալվատորե Ջյունտան էր 2010թ.:
2008թ. մայիսին պարեկություն կատարելիս Լերոյ Արթուր Պետրին և մեկ այլ զինծառայող թալիբների պատրաստած ծուղակն են ընկել, երկուսն էլ վիրավորվել են: Նրանց օգնության եկած մյուս զինվորականների ուղղությամբ թալիբները նռնակ են նետել, Պետրին բռնել է այն և փորձել է մի կողմ նետել, բայց չի հասցրել` նռնակը պայթել է նրա աջ ձեռքում: Այդ մարտում մեկ զինվոր սպանվել է, սակայն մյուսները Պետրիի գործողությունների շնորհիվ փրկվել են: Այժմ սերժանտը ռազմական բազաներից մեկում ծառայում է որպես վիրավորված ռեյնջերների տեղաբաշխման կենտրոնի օպերատոր: