Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՐԱՆՔ ԼԵԳԵՆԴ ԵՆ ԱՐԺԱՆԻՈՐԵՆ ԳՆԱՀԱՏԵՆՔ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ



ՆՐԱՆՔ ԼԵԳԵՆԴ ԵՆ ԱՐԺԱՆԻՈՐԵՆ ԳՆԱՀԱՏԵՆՔ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆՖաշիզմի դեմ մղված մարտերում հերոսի մահով ընկան ու իրենց անունը փառքով պսակեցին մեր ժողովրդի բազմաթիվ խիզախ զավակներ: Նախկին ռազմաճակատայիններից նրանք, ովքեր բախտ ունեցան տեսնելու մեծ հաղթանակը, պատերազմից հետո սկսեցին իրենց խաղաղ աշխատանքով շենացնել հայրենի երկիրը:  «Այսօր նրանց թիվը սակայն ցավալիորեն արագ նվազում է,- նշում է  ՀՀ վետերանների միավորման խորհրդի նախագահ, պահեստազորի գնդապետ Սիմոն Եսայանը,- եթե Հաղթանակի  65-ամյակին 3500 վետերան կար, ապա այսօր արդեն 950-ն են, նրանք լեգենդ են, արժանիորեն գնահատենք ու մեծարենք նրանց»:

Հայրենական պատերազմի վետերան Ազատ Բադալյանի բնակարանում ենք: Վետերանը  բոլորովին վերջերս է նշել ծննդյան ոչ ավել, ոչ պակաս …100 տարին: Հոբելյարին շնորհավորելու են եկել Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, հայրենի Քարաշամբի գյուղապետ Զորիկ Խլղաթյանը, Նաիրիի տարածաշրջանի վետերանների խորհրդի նախագահ Հրաչ Սահակյանը:

Ու հենց իր դռան շեմին  հյուրերին դիմավորում է դարը  ուսած վետերանը:  Նա հուզվել է ուշադրությունից: Երբ սկսում է իր կյանքից, պատերազմական օրերից խոսել, խառնում է իրադարձությունների հաջորդականությունը, տարեթվերը, բայց որդին՝ Արմենը, որ երեւի հազար անգամ լսել է ու անգիր գիտի հոր պատմությունները, համբերատարորեն ուղղում է, ճշտում…

-Ֆիննական կռվին էի մասնակցում, երբ սկսվեց Մեծ հայրենականը: Պատերազմի ժամանակ թեեւ դասակի հրամանատար էի, բայց կոչում չունեի,- ասում է վետերանը,- զինվոր էի, սովորական մի զինվոր, հազարավորներից մեկը… Կռվել եմ Ուկրաինայում, Բելոռուսիայում: Կռիվներին մասնակցել եմ մինչեւ մեր բանակի Լեհաստան անցնելը:

Վարշավայի համար մղվող դաժան մարտերից մեկի ժամանակ Ազատ Բադալյանը վիրավորվում է: Վիրավոր զինվորին ուղարկում են Կրասնոյարսկի հոսպիտալ՝ բուժվելու, այստեղ էլ երիտասարդ զինվորը սիրահարվում է բուժքույր Վերային ու ապաքինվելուց հետո նրա հետ միասին վերադառնում է Հայաստան: Կյանքը կամաց-կամաց ընկնում է իր բնականոն հունի մեջ: Ազատ Բադալյանը  աշխատանքի է անցնում կոլտնտեսությունում: Բրիգադիր էր: Տուն ու տեղ է դնում, զավակներ ունենում, հետո էլ՝ թոռներ, ծոռներ…

-Ու էսպես աչքը թարթելու պես կյանքը մի ակնթարթում թռավ, եւ հասա ու անցա 100-ի շեմը,- թախծախառն կատակում է Ազատ պապը՝ ավարտված համարելով իր ասելիքը:

Այնինչ հավաքվածները համառորեն ուզում են իմանալ Ազատ պապի երկարակեցության գաղտնիքը:

-Առաջինը՝ միշտ ցանկացել եմ բարի եւ օգտակար գործ անել, պիտանի լինել, երկրորդ՝ ուրիշին երբեք չեմ նախանձել, եւ երրորդ՝ ազնիվ եմ ապրել, չեմ դավաճանել:

ՆՐԱՆՔ ԼԵԳԵՆԴ ԵՆ ԱՐԺԱՆԻՈՐԵՆ ԳՆԱՀԱՏԵՆՔ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆՄեծ հաղթանակի հարյուրամյա զինվորն իր երկարակեցության այս 3 ոսկե կանոնին գումարում է նաեւ առողջ ապրելակերպը. «30 տարի ծխել եմ: Համարյա 60 տարի է, ինչ թողել եմ, չեմ ծխում: Խմիչքի նկատմամբ վատ չեմ, խմում եմ, բայց, դե, չափավոր, իմ սարքած գինին»:

Պապը մոռանում է ասել, որ ամբողջ կյանքում պարապ չի մնացել, որ այս տարիքում էլ դեռ աշխատում է, որ հիմա էլ անհամբեր սպասում է գարնանը, որ բնությունը արթնանա, ու ինքն էլ գնա իր այգին՝ իր բան ու գործին, ինքն իր տնկածով ու աճեցրածով շնչավորվի, այգին էլ՝ իրենով:

…Մեր զրույցը դեռ երկար-երկար շարունակվում է. պատերազմական օրերից  հասնում ենք մինչեւ մեր օրերը: Ծերունազարդ վետերանը, պարզվում է, ամենեւին էլ անտարբեր չէ քաղաքական զարգացումների, աշխարհում տիրող իրավիճակի նկատմամբ:

-Չեն թողնում՝ աշխարհը խաղաղ մնա,- իր վրդովմունքը չի թաքցնում, զայրանում է աշխարհակործան պատերազմի թոհուբոհով անցած ու խաղաղության գինն իմացող նախկին զինվորը:- Մեզնից առաջ էլ են ապրել մարդիկ, հետո էլ են ապրելու, շնորհակալությամբ ապրենք Աստծուց մեզ շնորհված կյանքը, ոչինչ չավելացնենք աշխարհի չարին:

Հրաժեշտ ենք տալիս պապին՝ 101-ամյակին մասնակցելու խոստումով: Համաձայն է՝ «աչքիս վրա», ինքն էլ մեզ է իր բարեմաղթանքն անում՝  ինձնից շատ ապրեք: Աստծուց էլ երկու   խնդրանք ունի, մեկը՝ թող աշխարհը խաղաղ լինի, եւ մեկ էլ՝ «Աստված ջան, առողջություն տուր հարսիս, ինձ շատ լավ է նայում … »:

Հանդիպման վերջում  վետերանների միավորման խորհրդի նախագահ Սիմոն Եսայանը  ՀՀ վետերանների միավորման եւ ՀՀ  պատերազմի ու զինված ուժերի  վետերանների կոմիտեի անունից  պատվոգիր է հանձնում Ազատ Բադալյանին:

 

Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #03 (1123) 04.02.2016 - 10.02.2016, Ճակատագրեր, Պատմության էջերից


25/02/2016