Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԵՎ-50



ԴԵՎ-50Փետրվարի 4-ին լրանում է Արցախյան պատերազմի ազատամարտիկ, ազատագրական շարժման գործիչ Դավիթ Սարապյանի՝ Դեւի 50-ամյակը: Թվում է՝ ամեն ինչ գիտենք սիրելի հերոսի մասին. ծնվել է 1966 թվականին Երեւանում: Հայրը՝ Էդուարդ Սարապյանը, Երեւանի գլխավոր ճարտարապետն էր, մայրը՝ Էմմա Սարապյանը, ականավոր կիբեռնետիկ: Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը: 1984 թվականի մայիսին մեկնել է խորհրդային բանակ, ծառայել Բայկոնուրի զորամասում: 1985 թվականի հոկտեմբերին նրան դատապարտել են 4 տարվա ազատազրկման ազգամիջյան բախումների համար: Բանտից դուրս գալուց հետո ինստիտուտ չի վերադարձել: Աշխատել է որպես ռեժիսոր:  1990 թվականին մեկնել է ռազմաճակատ, առաջապահ գիծ, կռվել հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի «Անկախության բանակի», ապա՝ «Տիգրան Մեծ» ջոկատի շարքերում: Ադրբեջանցիները նրան անվանել են «Ահեղ Դեւ»: 1991 թվականի հոկտեմբերի 30-ին մասնակցել է Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրմանը: Զոհվել է Շահումյանի շրջանի Թոդան գյուղի համար մղվող մարտում 1991 թվականի դեկտեմբերի 10-ին: Դեւի աճյունն ամփոփված է Երեւանի Եռաբլուր զինվորական պանթեոնում: Բայց թերեւս քչերը գիտեն՝ Դավիթը նաեւ գրող էր… Մեր ընթերցողին ենք ներկայացնում Էվելինա Մելքումյանի՝ «Դեւը. կյանքը, ստեղծագործությունը, պայքարը» (ռուսերեն) գրքում տեղ գտած պատմվածքներից մեկը:

 

 

ՀՈԲԲԻ

 

Աշխարհի բնակչության մեծամասնությունը հոբբի ունի. ոմանք նամականիշներ են  հավաքում, մյուսները՝ սպորտով զբաղվում: Ես էլ հոբբի ունեմ: Ճիշտ է՝ մի քիչ յուրօրինակ, բայց, այնուամենայնիվ…

Քնից ազատ ժամանակս սիրուն եմ տրվում: Ո՛չ, դուք ճիշտ չհասկացաք: Ես ասում եմ՝ սիրուն, սեր. ինչու ամեն ինչ հանգեցնել բացառապես սեռականի: Այդ հիվանդությամբ տառապում եմ վաղուց. երկրորդ դասարանից, երբ սիրահարվեցի  մեր դասարանի ամենագեղեցիկ աղջկան: Պարի ժամին էր: Դպրոցում բացվել էր պարի խմբակ, և քանի որ սպորտով առանձնապես տարված չէի, ինձ զոռով ուղարկեցին պարի: Պարուսույց Կոլյան, հայրանունը չեմ հիշում, ափսոսանքախառն աչքերով ոտքից գլուխ չափեց ինձ, ապա բռնեց ձեռքս ու տարավ… նրա մոտ: Այդ պահին էլ առաջին անգամ սիրահարվեցի:

Սիրունիկ էր, շեկլիկ, կապուտաչյա, ընդ որում՝ ճերմակ շրջազգեստով եւ ձյունաթույր կոշիկներով: Ընդհանուրի մեջ իմ ճերմակ փերին ճիշտ ճերմակ վարդ էր՝ շրջափակված մացառուտներով: Մեզ զույգերով շարք կանգնեցրին եւ պահանջեցին իրար ձեռք բռնել: Ես որսացի նրա թաց ափը, հավանաբար կտրուկ, քանի որ ինձ նայեց զարմացած աչքերով:

-Ի՞նչ ես անում…

Չհասցրի պատասխանել: Հնչեց երաժշտությունը: Կոլյան ծափ տվեց, մենք շրջանաձև պտտվեցինք: Ոտքերս բոլորովին չէի զգում: Հափշտակված նրան էի նայում: Աղջիկը նյարդայնանում էր իմ հայացքից, դեմքը շրջում: Ոչինչ չէի լսում: Ես երջանիկ էի, որ բռնել եմ նրա ափը, զգում եմ այն եզակի բույրը, որ հատուկ է միայն աղջիկներին: Հանկարծ.

-Դադար, դադար, դադար…

Իմ առջեւ կանգնած էր դժգոհ Կոլյան:

-Ինչո՞ւ ես քայլից գցում, չես լսո՞ւմ երաժշտությունը:

Կանգնել էի կարմրատակած և ամոթահար՝ չիմանալով ինչ պատասխանել:

Հանկարծ լսվեց աղջկա զիլ ձայնը.

-Եվ անընդհատ  ծամածռություն է անում:

Այս խոսքերը հոգիս բերանս բերեցին: Ես աչքերով դատարկ շքամուտք էի փնտրում, բայց՝ ապարդյուն, չգտա, քանի որ մենք դպրոցի նկուղում էինք, որը ծառայում էր որպես պարային փոքրիկ դահլիճ: Ես միշտ շքամուտք եմ փնտրում, երբ սրտնեղած եմ, հիասթափված եւ ուզում եմ հեծկլտալ: Լյոնյան (թարգմ.- Լեոնիդ Ազգալդյան) է սովորեցրել: Ընդհանրապես, նա ինձ շատ բան է սովորեցրել. լողալ, կրակել հրաձգարանում, նույնիսկ ձեռնամարտի բռնվել: Հիշում եմ՝ մի անգամ նա ինձ բռնացրեց լաց լինելիս: Շատ լուրջ զրուցեցինք: Լեոնիդն ասաց, որ տղամարդը չպիտի լաց լինի: Իսկ եթե կարիքը կա, պետք է մի ազատ շքամուտք գտնել եւ թաքնվելով՝ արագ լաց լինել, հետո մռութը մաքրել ու դուրս գալ մարդկանց մեջ այնպես, կարծես ոչինչ չի եղել: Այդ օրվանից դժվար պահերին ես միշտ մտաբերում եմ Լեոնիդի խորհուրդը եւ ազատ շքամուտք եմ փնտրում, բայց քանի որ միշտ չէ, որ ինձ հաջողվում է նման տեղ գտնել, ապա ես սովորեցի լաց լինել մտքում: Այդպես ավելի հարմար է…

Դատարկ շքամուտք չգտա, իսկ աղմուկն ահագնանում էր: Ինձ խեղճ կենդանի էի զգում, որի վրա չորս կողմից շներ են հարձակվել: Եվ յուրաքանչյուրը փորձում էր ավելի  ցավոտ կծել:

Բառացիորեն րոպեի ընթացքում ինձ հիշեցրին բոլոր թերություններս, եւ որ ամենացավոտն  էր՝ գիրությունս:

-Խոզ,- ինչ-որ մեկի խոզանման մռութն էր: Այդ խռնչյունը խաչ քաշեց պարողիս վրա: Աջ ձեռքս ինքնին բռունցքվեց եւ այնպես, ինչպես սովորեցրել էր Լյոնյան, ամբողջ ուժով մխրճվեց հարձակվողի ծնոտի մեջ: Նա թափահարեց ձեռքերն ու ընկավ մեջքի վրա: Կարծես կախարդական փայտիկի զորությամբ՝ դահլիճում քար լռություն տիրեց: Երեխաները վախեցած ինձ էին նայում, իսկ ես կանգնել էի՝ բռունցքներս սեղմած: Ընդարմացումից արթնացրեց  ականջիս սուր ցավը: Ինձ հասցրին դռան մոտ, այնտեղից էլ՝ հրեցին միջանցք: Եվ դուռը շրխկաց թիկունքումս:

Շքամուտք էի փնտրում, բայց նկուղն էլ հարմար էր: Սակայն, զռալ չէի ուզում: Մտամոլոր կանգնել էի՝ հիմա՞ լացեմ, նախապե՞ս, թե հետաձգեմ մեկ այլ հարմար պահի: Որոշելով չխաղալ ճակատագրիս հետ՝ պոկվեցի միջանցք և վազեցի դեպի դպրոցի ելքը:

Սերս երկար տևեց, մինչեւ երրորդ դասարանի ավարտը: «Ճերմակ վարդը» համառորեն անտեսում էր իմ հավակնությունները եւ, եթե ազնիվ լինեմ, ապա  բաժանումն ինձ համար փրկություն էր:

Այն ժամանակ յուրաքանչյուր դասարանում քառասուն կամ ավելի աշակերտ կար, եւ տնօրինությունը որոշեց ձեւավորել նոր հավաքական խումբ: Մեզ լքողներից էր նաեւ նա:  Հավաքական դասարանը դպրոցի մյուս թեւում էր: Հազվադեպ էի նրան տեսնում: Սկզբում գալիս էր ընկերուհիների հետ զրուցելու, բայց այցելություններն աստիճանաբար նվազեցին: Նվաղեց նաև իմ սերը:

ԴԵՎ-50Հինգ տարի անցավ: Փոխադրվեցի 9-րդ դասարան: Թվում էր՝ կյանքը շարունակվող տոն է: Հերթական հավաքույթի ժամանակ ինչ-որ մեկին պարտադիր սիրահարվում էի եւ այդպես հրապուրված քայլում մեկ շաբաթ: Մի օր դպրոցից տուն էի վերադառնում շրջանցիկ ճանապարհով: Աշուն էր, նոյեմբերի սկիզբը, բավականին պաղուկ: Ավարտվում էր ուսումնական տարվա առաջին քառորդը. եւս մեկ օր, եւ կսկսվեր մեկշաբաթյա արձակուրդը: Տրամադրությունս գերազանց էր, քայլում էի փոքրիկ ձեռնապայուսակը թեւիս տակ եւ խլշկոտած հետեւում էի  անցնող աղջիկներին: Հանկարծ ուշադրությունս գրավեցին բարեկազմ ոտքեր, որ փայլկտացին քսան մետր հեռավորության վրա: Աղջկա կազմվածքը, մեջքին ցրիվ եկած մազերը ծանոթ թվացին: Արագացրի քայլերս: Հավասարվեցի ու նայեցի դեմքին… Իմ «Ճերմակ վարդն» էր: Միայն թե նա հիմա պարզապես սիրունիկ աղջնակ չէր, այլ գեղեցկուհի:

-Բարեւ,- ժպտաց նա:

-Բարեւ,- սեփական ձայնս մորթվող ոչխարի խռռոց հիշեցրեց:

Խոսակցությունը անիմաստ հարցերի շուրջ էր: Այսպես զրուցելով հասանք ինստիտուտ, որտեղ աշխատում էր նրա հայրը:

-Դե, ցտեսություն,- նա անհետացավ թափանցիկ դռան ետեւում:

Մինչ կհասնեի տուն, հինգ տարի առաջ մարած սերս բռնկվեց նոր թափով: Սիրահարված էի եթե ոչ աշխարհի, ապա գոնե դպրոցի լավագույն աղջկան:

Դեպքերի հետագա ընթացքն աննկարագրելի է: Պարզապես սիրո հողի վրա դանդաղորեն խելքս թռցնում էի: Իմ սերը դրսեւորվում էր հիմարաբար: Ոչ մի անգամ սիրտ չարեցի նրան ինչ-որ տեղ հրավիրելու, զգացմունքներիս մասին պատմելու:

Վերջապես ավարտեցի դպրոցը: Մեր ուղիները ժամանակավորապես բաժանվեցին, որ նորից հատվեն համալսարանում: Աշուն էր: Ես դուրս եկա քաղաքում թափառելու: Անձրեւ էր մաղում: Արդեն մութ էր: Հասա բժշկական համալսարանի կանգառ: Ավտոբուս չկար: Ծխում էի եւ զմայլվում թաց ասֆալտին  արտացոլվող մեքենաների լույսով: Ահա եւ ավտոբուսը: Երթուղին անցնում էր նրանց տան մոտով: Ես ներս մտա եւ նստեցի: Ինչո՞ւ. մինչ օրս չեմ հասկանում: Պետք է ասեի նրան այն ամենը, ինչ կուտակվել էր ներսս: Սպասել հաջորդ օրվան չէի ուզում, պարզապես չէի կարող: Համապատասխան կանգառում իջա, հատեցի փողոցը եւ քայլեցի դեպի բարձրահարկը, որտեղ նա էր ապրում: Շքամուտքում մի տղայի հանդիպեցի, նրանից էլ տեղեկացա՝  որ հարկում է ինձ հետաքրքրող բնակարանը: Մտա վերելակ, ծխելու անհագ ցանկություն ունեի: Մինչ վերելակը բարձրանում էր ութերորդ հարկ, հասցրի մի քանի անգամ ծուխը ներս քաշել: Աստիճանավանդակին անծանոթ կին էր՝ ավելը ձեռքին: Կասկածանքով նայեց ինձ, իմացավ՝ ինչ է ուզածս: Ասացի բնակարանի համարը:

-Ահա այստեղ է,- նույնիսկ չհասցրի ուշքի գալ, սեղմեց զանգի կոճակը:

Մի քանի վայրկյան անց դուռը բացվեց: Նա էր:

-Ողջույն,- արտաբերեցի՝ ձայնիս կենսուրախություն հաղորդելով:

-Բարեւ,- չոր էր իմ տառապանքների ու երազանքների աղջկա ձայնը:

-Դուրս կգա՞ս: Քեզ ասելու բան ունեմ:

Նա, ըստ երեւույթին, հասկացավ, թե ինչ պետք է ասեմ: Խեթ նայեց չհեռացող հարեւանուհուն եւ  դիմեց ինձ:

-Դե, ներս արի:

Չընկալեցի ասածը եւ սկսեցի համառել:

-Ո՛չ, ինքդ դուրս արի:

Հայտնվեց հայրը:

-Ո՞վ է,- դիմեց աղջկան:

-Համադասարանցիս…

-Իսկ ի՞նչ է ուզածը: Ներս արի, ինչո՞ւ ես դրսում կանգնել:

Ստիպված էի տեղի տալ:

-Եվ այսպես, ինչո՞ւ ես եկել, երիտասա՛րդ: Դե, ներս արի, նստի՛ր:

Ես վհատված նայեցի աղջկան, բայց դեմ առա անտարբերության: Դա ինձ հունից հանեց: Այդպես, հա՞:

-Ես ձեզ մոտ եմ եկել,- շրջվեցի հոր կողմը:

Նա անկեղծորեն զարմացավ:

-Ինչո՞վ կարող եմ օգնել:

-Ես ազատ ժամանակ զբաղվում եմ այգեգործությամբ:

-Դե, դե, շատ հետաքրքիր է:

-Հա, այդպես: Ես անբնական գույներով ծաղիկներ եմ աճեցնում: Կապույտ մեխակներ արդեն ստացել եմ, իսկ ահա կապույտ վարդերից գլուխ չեմ հանում:  Այնպես որ, որոշեցի խորհրդակցել Ձեզ հետ՝ որպես բուսաբանի (մոռացել էի նշել՝ նրա հայրը ինստիտուտում բնագիտություն էր դասավանդում)…

-Ուշագրավ է: Ինչո՞ւ ինստիտուտ չեկար: Վաղը արի, կխոսենք:

Հասկացա, որ հիմարություն եմ դուրս տվել, եւ հիմա շտապում էի բարով-խերով հեռանալ:

-Այո՛, այո՛, իհարկե: Անպայման: Ներեցեք,- մռթմռթացի եւ փութացի դեպի դուռը:

Արդեն փողոցում ինձ պաշարեց հիվանդագին ծիծաղ: Ես ոչ թե ծիծաղում, այլ խրխնջում էի ինչպես հովատակը: Ինստիտուտ, իհարկե, չգնացի:

Ոչինչ չստացվեց:

…Հինգ տարի անցավ: Ձմեռ էր, հունվար: Ազատությանս ութերորդ օրն էր: Օրվա առաջին կեսը լավ եմ հիշում, քանի որ բացարձակ սթափ էի: Համատիրությունից ոստիկանության բաժին վազքս սկսվել էր առավոտից: Անհրաժեշտ էր անձնագիր ստանալ եւ շտապ աշխատանքի անցնել: Երեկոյան տուն վերադարձա: Ինչքան էլ տարօրինակ էր՝ հյուրեր չունեինք: Դե, փառք Աստծու: Կարելի էր խմելուն դադար տալ. թե չէ՝ իմ ազատության այս երեք օրում այնքան կոնյակ եւ այլ զիրթ ու զիբիլ խմեցին, որ արդեն կամաց-կամաց հոգնել էի դրանցից: Տանը թրեւ գալով, ես, այնուամենայնիվ, եզրակացրի՝ ինչ-որ բան, շատ կարևոր բան պակասում է: Տոնը չէր ստացվում: Ազատությունը կար, կոնյակը կար, նաեւ՝ ընկերներիս երջանիկ դեմքերը: Նա չկար:

Իմ բացակայության հազար օրերին ընդամենը չորս նամակ էի ստացել նրանից: Առաջինն անսպասելի էր: Ճիշտ է, դրանից առաջ ես մի քանի անգամ գրել էի նրան, բայց դատելով լռությունից՝ կարծել էի՝ ապարդյուն: Կես տարի էր անցել այն օրվանից, երբ նրան էի ուղարկել վերջին նամակս եւ հանկարծ երեկոյան հայտնաբերեցի անծանոթ ձեռագրով գրված մի ծրար: Նամակը սկզբունքորեն չէր պարտավորեցնում, պարզապես բարեկրթության դրսեւորում էր: Մեկ ամիս անց ստացա երկրորդը: Պատասխանեցի: Լռություն: Կես տարի անց եւս մեկ նամակ: Նորից պատասխանեցի: Կրկին լռություն: Էլ չգրեցի: Ազատությունից ինձ բաժանում էր ինչ-որ վեց ամիս: Հետո վերջին փորձը ձեռնարկեցի: Մեկ ու կես ամիս անց խորտակիչ հարվածին հավասարազոր պատասխան ստացա: Ես այլեւս ութ կամ տասնյոթ տարեկան չէի: Կյանքն ինձ սովորեցրել էր նոկաուտներին, հավատացեք, ավելի զզվելի իրավիճակներում էի հայտնվել: Ցավոտ էր, բայց ինչ կարող էի անել:  Եվ ահա ութերորդ օրը որոշեցի ամեն ինչ սկսել սկզբից: Վեր կացա, հագնվեցի:

-Ո՞ւր,- հարցրեց մայրս:

-Հեչ: Մի քիչ քայլեմ:

Հասա բժշկական ինստիտուտ: Իջա անցում: Գրեթե բոլոր ծաղկավաճառները գնացել էին: Մի փունջ մեխակ ձեռքիս դուրս եկա: Գտա ծանոթ շքամուտքը: Ահա եւ դուռը՝ երեք կոճակով: Սեղմեցի: Դուռը բացվեց: Նա էր կանգնած:

-Ողջույն:

-Բարեւ Ձեզ,- նա անթաքույց զարմանքով մեկ ինձ էր նայում, մեկ մեխակներին:

-Կարծես միմյանց «դու»-ով էինք դիմում:

-Հա՜,- երկարացրեց,- Ձեզ չեմ ճանաչում:

-Լո՞ւրջ ես ասում:

-Ամենայն լրջությամբ:

-Լսիր, գուցե փաստաթղթերս ցույց տամ: Ես կարող եմ:

-Դե ինչ, ցույց տվեք:

Պարետային ժամի պատճառով վկայականս հետս էր: Գրպանից հանեցի այդ կանաչ թուղթն ու մեկնեցի նրան:

-Վա՜յ: Ներս արի,- շփոթվեց նա:

Սրտի խորքում երազում էի, որ նետվի գիրկս, բայց, ավաղ… Մայրը դուրս եկավ սենյակից: Ես ներկայացա՝ հիշեցնելով, որ մի անգամ արդեն հյուրընկալվել եմ՝ կապույտ վարդեր… Բոլորս ժպտացինք իմ այդ մանկական պոռթկման  համար:

-Ներս արի, նստիր: Զգեստափոխվեմ և գամ:

Տեղավորվեցի հարմարավետ բազկաթոռում: Մեկ էլ վեց տարի առաջ էի այս սենյակում: Նա ներս մտավ եւ նստեց դիմացս: Լույսի տակ ավելի լավ տնտղեցի նրան: Անցած տարիները նրա օգտին էին: Դեմքը հղկվել էր, լրջահայաց էր դարձել: Բացված ճերմակ վարդ էր:

-Սո՞ւրճ: Խմիչք չեմ առաջարկում…

-Չէ, չէ թողել եմ,- ասածս տեղին չէր:

-Իսկ դու խմո՞ւմ էիր:

-Ո՛չ, միայն վերջին օրերին, այն էլ ուրախությունից:

-Հա՞…

Զրույցը չէր ստացվում:

-Երեկոները ազա՞տ ես:

-Պարապում եմ: Պետք է քննություններին նախապատրաստվեմ:

-Բայց մի երեկո կարող ես, չէ՞, առանձնացնել հանգստի համար: Շատ եմ ուզում քեզ տեղ հրավիրել:

-Ինչո՞ւ:

-Ինչպես թե՝ ինչո՞ւ: Վախենում ես, որ դա քեզ կպարտավորեցնի՞: Եթե այդպես է, ապա իմ մասին վատ կարծիքի ես:

-Ինչի՞ համար…

-Այսինքն՝ այն վերջին նամակը ամենայն լրջությա՞մբ էիր շարադրել:

-Իսկ մի՞թե նման հարցերում կարելի է անլուրջ լինել:

-Այո՛, դու ճիշտ ես, ներիր:

Մի տեսակ անհարմարություն զգացի: Գիտակցությանս սարդոստայնում երեւաց դատարկ շքամուտքը եւ նորից անհետացավ:

-Դե, ինչ… Ներիր… ուշադրության համար (չգիտես ինչու՝ հիշեցի Վլադիմիր Վիսոցկուն, կրկին ոչ այնքան տեղին):

-Ինչեր ես ասում: Չանհետանաս: Հեռախոսահամարս գրիր: Գուցե ինչ-որ խնդիրներ ունենաս: Դիմիր, երբ պետք լինի…

Այս խոսքերը ինձ վերջնականապես հունից հանեցին: Վեր կացա:

-Ո՛չ: Կարիք չկա: Չեմ կարծում, թե  պատկերս քեզ հաճելի կլինի…

Գնացի դեպի դուռը:

-Ցտեսություն: Շատ շնորհակալ եմ:

Վերելակում ծխեցի: Փողոցում չզգացի այն թեթեւությունը, որ ունենում ես սենյակից մաքուր օդի դուրս գալիս: Ինչ-որ բան ճնշում էր ինձ: Տոնը չկայացավ: Ինչեւէ, սա էլ պետք էր ակնկալել: Ուզում էի քայլել,  բայց ուշ էր: Մեկ ժամից պահակախմբերը բռնելու էին ուշացած հետիոտներին: Ինձ դա բնավ էլ պետք չէր: Եկա տուն, մտա սենյակս: Մի շիշ կոնյակ վերցրի եւ մի քանի մեծ կում արեցի…

 

Թարգմանեց ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ

Խորագիր՝ #03 (1123) 04.02.2016 - 10.02.2016, Հոգևոր-մշակութային


25/02/2016