Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆ ՊՆ-ՈՒՄ



ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆ ՊՆ-ՈՒՄԶրույց ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնական-պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, փոխգնդապետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ

 

-Պարոն Ավետիսյան, Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնը նորություն է պաշտպանության համակարգում, ինչո՞վ է պայմանավորված նման կառույցի ստեղծումը, և ինչ խնդիրներ է լուծում այն:

-Կենտրոնի ստեղծման հիմնական նպատակը պաշտպանության նախարարության համակարգում մարդու իրավունքների և բարեվարքության, այդ թվում նաև հակակոռուպցիոն գործունեության ամրապնդումն է: Կենտրոնն ունի մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ տարբեր ստորաբաժանումներում մարդու իրավունքների և բարեվարքության գործընթացի համակարգումն ու ամրապնդումը, մարդու իրավունքների ու բարեվարքության ամրապնդման ոլորտում պարտավորությունների կատարման նկատմամբ պատշաճ վերահսկողության սահմանումը, մարդու իրավունքների ու բարեվարքության արժեհամակարգի վրա խարսխվող նոր կառավարման մեթոդների ներդրումը, նշված գործընթացի արդյունավետության ապահովումը՝ հիմք ընդունելով «Զինվորական առաջնորդության» և «Կառավարում՝ առաջադրանքի միջոցով» հայեցակարգերը:

-Իսկ ի՞նչ լիազորություններով է օժտված Կենտրոնը:

-Կենտրոնն ունի պաշտպանության նախարարության կարիքների, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակում մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման առնչությամբ ծրագրեր նախաձեռնելու, կազմակերպելու և իրականացնելու, ինչպես նաև մշտադիտարկման և գնահատման լիազորություն: Կենտրոնը լիազորված է իրականացնելու մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման (այդ թվում՝ էթիկայի խախտումների) առնչությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված բողոքների կամ հարցումների վերաբերյալ ստորաբաժանումների կողմից նախապատրաստված պատասխան նամակների փորձաքննություն:

Կենտրոնը կարող է պաշտպանության նախարարի հանձնարարությամբ հանկարծակի այցեր կատարել ստորաբաժանումներ՝ ՀՀ պաշտպանության բնագավառում մարդու իրավունքների ու բարեվարքության ամրապնդման վիճակի օպերատիվ գնահատման և թիրախային խնդիրների ուսումնասիրության նպատակով:

Մեր գործառույթների շրջանակում է ՀՀ պաշտպանության ոլորտում մարդու իրավունքների ու բարեվարքության ամրապնդմանը միտված խորհրդատվության և գիտագործնական-մեթոդական ցուցումների տրամադրումը ստորաբաժանումներին, նաև, անհրաժեշտության դեպքում, համապատասխան գործողությունների ծրագրերի մշակումն ու դրանց իրականացման մշտադիտարկումը:

Մենք իրականացնում ենք պաշտպանության ոլորտին առնչվող նորմատիվ-իրավական ակտերի փորձաքննություն՝ մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման տեսանկյունից:

Միջազգային գործընկերների, գիտական-ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների հետ համատեղ համաժողովների, քննարկումների, դասընթացների և այլ միջոցառումների կազմակերպումը նույնպես մեր լիազորությունների շրջանակում է:

Աջակցություն ենք տրամադրում պաշտպանության ոլորտին առնչվող հայեցակարգային փաստաթղթերի, ուսումնական ծրագրերի, նորմատիվ-իրավական ակտերի համակարգային վերանայման և բարեփոխման հարցերում:

-Ովքե՞ր և ինչպե՞ս են իրականցնում Կենտրոնի գործունեությունը:

-Կենտրոնի ընթացիկ գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնական-ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման կենտրոնի պետը: Կենտրոնի հիմնական գործունեությունը իրականացվում է աշխատանքային հանդիպումների և փորձագիտական-խորհրդատվական աշխատանքների միջոցով: ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումների պետերը իրենց ենթակա ստորաբաժանումներից նշանակում են մեկ հիմնական և մեկ պահեստային ներկայացուցիչ և ապահովում նրանց մասնակցությունը Կենտրոնի աշխատանքային հանդիպումներին, որը իրականանում է ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ՝ Կենտրոնի պետի որոշմամբ:

 

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #03 (1123) 04.02.2016 - 10.02.2016, Ազգային բանակ


25/02/2016