ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է
Հայկական բանակը դարձավ 24 տարեկան: Դատելով սոցիալական կայքերում հրապարակված շնորհավորանքների եւ բարեմաղթանքների առատությունից՝ կարող ենք վստահաբար ասել՝ հունվարի 28-ը ոչ միայն զինվորական, այլեւ հիրավի համաժողովրդական տոն է: Եվ այդպես էլ պետք է լիներ. չէ՞ որ հայոց բանակը մեր համընդհանուր ձգտումների, նվիրվածության, հաղթանակի արգասիքն է: Այն յուրաքանչյուր հայի ազգային սեփականությունն է, լինելիության գրավականը, սիրելի զավակը: Հայ զինվորին ու զինվորականին ենք փոխանցում այն սերը, զորակցությունը, հավատարմությունը, ջերմությունը, որ տածում է ժողովուրդը բանակի նկատմամբ:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ
Սիրտս փառավորվում է, երբ զգում եմ՝ մեր բանակի տոնը հասարակական գիտակցության մեջ արդեն որպես տոն է ձևավորվել, որովհետև սիրել կամ հարգել բանակը, նշանակում է սիրել հայրենի հողը, սիրել ծնողներին ու զավակներին: Մենք՝ չծառայողներս, գոնե պարտավոր ենք սատարել ոգով, հավատով, ունեցած գիտելիքներով ու խաղաղության աղոթքներով… Մեր լեռների ամրությունը թող մեր զինվորին լինի…
ՆԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ
Հայոց բանակ, նայի՛ր, ծնվում են նորօրյա Նժդեհներ, Մոնթեներ, Անդրանիկներ, նրանք, ովքեր պաշտպանելու են Երկիր հայրենին: Շնորհավոր տոնդ, ազգի զավակ, մեր հայ Բանակ:
ՎՐԵԺ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Է, Հայոց բանակ, դու մեր ամեն ինչ, դու մեր կորսված ու գտնված երազ… Դու մեր զավակն ես, թոռը և ծոռը, դեռ նոր ծնվելիք հեռավոր կոռը…
ԱՐԱ ՆԱԶԱՐԵԹՅԱՆ
Աղջիկս ասում է. «Հա, դու գնացել էիր կռիվ, բայց ինչ բանակի տոն, աշխարհում բանակ չպիտի լինի…»: Ասում եմ՝ «Հա, բայց երբ աշխարհքը քո «միամիտ» խելքին լինի»:
ՎԼԱԴԻՄԻՐ ԶԱԴԱՅԱՆ
Հայկական բանակը ժողովրդական ստեղծագործություն է:
ՆԱԻՐԱ ԿՌՈՅԱՆ
Մեր բանակի օրն է, տարեդարձը:
Սրտիս ուզածն էի փորձում գրել, պաթետիկ ստացվեց, արհեստական, թեեւ էնտեղ` սրտիս թաքուն ներսում, պաթոս չկար՝ միայն սեր:
Ինչ եմ ուզում ասել:
Չմրսես, խրամատում իմ տան ջերմությունը պահող զինվոր:
Քո լինելու մեր տոնը շնորհավոր:
ԱՐՄԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մենք խաղաղ ենք մեր լեռների պես,
Ու կանգուն ենք հավերժ մեր լեռների պես…
Սահմանապահ լեռները, սահմանապահ տղերքը, սահմանապահ շունը:
ՀԱՍՄԻԿ ԳՅՈԶԱԼՅԱՆ
Մեր բանակը պատվով է կատարում իր խնդիրը, ուրեմն մենք էլ նույն արժանապատվությամբ մեր պարտքը կատարենք. ամրացնենք ու տաքացնենք հաղթած ու ամեն օր հաղթող տղերքի թիկունքը… ու մեզ ոչինչ չի կոտրի:
Ի սրտե շնորհավորում եմ ազգային բանակի բոլոր սպաներին, զինվորներին, պայմանագրայիններին, բանակի կազմավորման ակունքներում կանգնած մեր ազատամարտիկներին, բոլոր-բոլորին… Փա՜ռք Հայոց բանակին, փա՜ռք զոհված տղերքին:
ԶԻՆՎՈՐՆ ԻՐ ԱՐՅՈՒՆՈՎ ՍՐԲԱՑՆՈՒՄ Է ՀՈՂԸ…
ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋԻՑ
ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆԻ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋԻՑ
Պատրաստեց Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆԸ
Խորագիր՝ #03 (1123) 04.02.2016 - 10.02.2016, Բանակ և հասարակություն