Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ
Բելառուսը հաստատել է նոր ռազմական դոկտրինը
Հունվարի վերջին Մինսկում տեղի է ունեցել երկրի Անվտանգության խորհրդի նիստ, որը նվիրված էր Բելառուսի ռազմական դոկտրինի քննարկմանը: Նախագահին` հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Լուկաշենկոյին, ներկայացվել են դոկտրինի դրույթները: Ընդհանուր առմամբ, ռազմական դոկտրինը հաստատվել է, եւ շուտով օրենքի նախագիծը կներկայացվի խորհրդարանի քննարկմանը:
Ներկայիս ռազմական դոկտրինի ընդունումից անցել է 15 տարի, աշխարհում իրավիճակը կտրուկ փոխվել է: Հաշվի առնելով նոր իրողությունները` անցած տարի պաշտպանության նախարարին հանձնարարվել է կատարել ներկայիս սպառնալիքներին հակազդելու երկարաժամկետ կանխատեսումներ եւ արտացոլել դրանք ռազմական դոկտրինի նոր տարբերակում, ինչը եւ ի կատար է ածվել:
Նոր ռազմական դոկտրինը սահմանում է բելառուսական պետության տեսակետները ռազմական անվտանգության եւ զինված պաշտպանության ապահովման առումով: Ի տարբերություն ընթացիկ դոկտրինի` այս մեկում ընդգրկված է նոր գլուխ, որը պարզաբանում է հիմնական տերմինները եւ սահմանումները, որոնց թվում են այնպիսի «տեղային (լոկալ) պատերազմ», «անօրինական զինված խմբավորում», «լայնամասշտաբ պատերազմ», «պաշտպանական ենթակառուցվածք», «ռազմական սպառնալիքի բարձրացման ժամանակահատված», «տարածաշրջանային պատերազմ», «ռազմավարական զսպում» հասկացությունները: Դոկտրինը դասակարգում է զինված հակամարտությունները: Նկարագրված են նաեւ պայմանները, որոնց դեպքում կարող է ծագել ներքին զինված հակամարտություն: Միեւնույն ժամանակ, շեշտվում է, թե ինչ նպատակով կկիրառվեն երկրի զինված ուժերը յուրաքանչյուր տեսակի հակամարտության (այդ թվում ներքին) դեպքում:
Նոր ռազմական դոկտրինը սահմանում է բելառուսական պետության ռազմական անվտանգության եւ զինված պաշտպանության ըմբռնումները
Ըստ Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի` «Սա այն փաստաթուղթն է, որը մեզ թույլ է տալիս ճշգրտորեն հետեւելու արտաքին եւ ներքին մարտահրավերներին ու սպառնալիքներին, ճշգրիտ արձագանքելու իրավիճակի փոփոխություններին»:
Ռազմական դոկտրինի հեղինակները նշում են, որ նրա հիմնական առանձնահատկությունը շարունակականությունն է: Հայեցակարգային փոփոխություններ չկան: Օրինակ` պահպանվել է պաշտպանողական մոտեցումը: Հստակ ձեւակերպված է նաեւ այն, որ ռազմական ուժի կիրառումը արտակարգ միջոց է:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում բացասական միտումներին, երկրների շահադիտական փորձերով պայմանավորված` ապահովելու իրենց գերիշխանությունը: Դիտարկվում են նաեւ «գունավոր հեղափոխությունների» հայեցակարգը եւ անցանկալի քաղաքական վարչակարգերը ներքին զինված հակամարտությունների միջոցով բռնի տապալելու մեխանիզմները: Նոր ռազմական դոկտրինում մանրամասն բացահայտված է երկրի ռազմական քաղաքականության ուղղությունը, այդ թվում` հիմնական առաջնահերթությունները կոալիցիոն քաղաքականության մեջ: Այսպիսով, Բելառուսը մտադիր է հետագայում եւս զարգացնելու տարածաշրջանային անվտանգության համակարգը բոլոր երկրների հետ վստահության եւ փոխըմբռնման հիմքի վրա՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երկրի ազգային շահերը:
Ձգտել են պատասխանել նաեւ հիբրիդային պատերազմին` XX դարի նոր ռազմական ռազմավարությանը, որը սովորական, տեղային եւ տեղեկատվական պատերազմների յուրահատուկ խտացումն է: Շեշտը դրված է տեղեկատվական առճակատման վրա: «Սա ռազմական գործողությունների ամենալուրջ բաղադրիչներից է»,-ասել է Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Ստանիսլավ Զասը:
Պատրաստեց Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Խորագիր՝ #04 (1124) 10.02.2016 - 16.02.2016, Ռազմաքաղաքական