ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը համարվում են Մերձավոր ու Միջին Արևելքում ամենահզորներից մեկը: Դրանք ձևավորված են ցամաքային, ռազմածովային, ռազմաօդային զորքերից, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից: Իրանի կանոնավոր զինված ուժերի և իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թվաքանակը գերազանցում է 900.000-ը, որից մոտ 670.000-ը` ցամաքային զորքերն են, 100.000-ը` ռազմաօդային ուժերը, 45.000-ը` ռազմածովայինը, 135.000-ը` «Բասիջ» զորամասերում են ընդգրկված, 15.000-ը` հատուկ նշանակության ուժերում: Ժամկետային զինծառայողները կազմում են անձնակազմի շուրջ 1/3-ը: Պարտադիր ժամկետային ծառայությունը 2 տարի է: Իրանի զորահավաքային հնարավորությունը շատ մեծ է. ըստ կառավարության հայտարարության՝ այն կարող է հասնել 20 միլիոնի:
ԻԻՀ բանակը կազմում են 4 շրջաններ, յուրաքանչյուր շրջանում՝ մոտորացված 4, հետևակային 6 եւ հրետանային 6 դիվիզիա է տեղակայված, ինչպես նաեւ՝ հատուկ նշանակության 2 ստորաբաժանում, դեսանտային 1 դիվիզիա, ավիացիոն ստորաբաժանում, թիկունքային և սպասարկման այլ ստորաբաժանումներ: Իրանի հետևակային (մոտոհետևակային) դասակը կազմված է 3 ջոկից և զենքի ջոկից: Ջոկն իր կազմում ունի հրամանատար, 2 նռնականետորդ և 6 հրաձիգ, զենքի ջոկը` հրամանատար, 2 գնդացրորդ, զնդացրորդի 2 օգնական, ձեռքի հակատանկային հրթիռի 2 նշանառու և 2 զինամթերք տեղափոխող:
Իրանական զինված ուժերի զինանոցում կա շուրջ 1600 տանկ (T-54/55, T-72, M47, M60, Chieftain, «Զուլֆիկարով» և T-62 տեսակները), հետևակի մարտական 550-670 մեքենա, հրետանային ոչ ինքնագնաց 2085 կայանք, ինքնագնաց 310 կայանք, ՀՕՊ 1700 մարտկոց, համազարկային 870 ռեակտիվ համակարգ, 220 ուղղաթիռ:
Իրանի ռազմածովային բազաները տեղակայված են Պարսից ծոցում (Բենդեր Աբաս, Բուշեր, Չաբահար, Բենդեր Խոմեյնի) և Կասպից ծովում (Բենդեր Էնզելի, Մեհշեդ): Նավատորմի կազմում են 3 սուզանավ, 5 կորվետ, հրթիռային 10 մոտորանավակ, դեսանտային 10 փոքր նավ, պարեկային 52 նավակ, ինչպես նաև խորհրդային արտադրության «Պալտուս» 877 մոդելի 3 սուզանավ, որոնք ունեն «ցամաք-օդ» հրթիռային կրիչներ, շուրջ 20 գերփոքր Al-Ghadir և Al-Sabehat սուզանավեր: Պարսից ծովի նավատորմն ունի 5 ինքնաթիռ և 19 ուղղաթիռ: Ռազմածովային տեխնիկայի հիմնական մատակարարներն են Ռուսաստանը և Չինաստանը: Ներկայումս աշխատանքներ են տարվում սեփական արտադրության սուզանավի արտադրության ուղղությամբ:
Իրանի զինված ուժերը սպառազինված են` մարտավարական նշանակության 80 «Շահաբ-1», 100 «Շահաբ-2» և օպերատիվ նշանակության 40 «Շահաբ – 3» հրթիռներով: «Շահաբ 3» հրթիռների թռիչքի հեռավորությունը հասնում է 2000 կմ-ի, որը կարող է տանել 1 տոննա մարտագլխիկ:
Իրանի ռազմաօդային ուժերը տարածաշրջանում ամենահզորներից են: Բաղկացած են շուրջ 40-հազարանոց անձնակազմից, 300 մարտական ինքնաթիռներից: ՀՕՊ զորքերի թիվը հասնում է 15 հազարի: Իրանական ՌՕՈՒ տեխնիկայի մեծ մասը ամերիկյան և ֆրանսիական արտադրության է, մեծ թիվ է կազմում նաև ռուսական և չինական արտադրության տեխնիկան: Իրանական ՌՕՈւ հարձակողական ներուժն են կազմում Միգ-29, F-4, F-5, F-14, ՍՈւ-24 ինքնաթիռները: Իրանի դեմ պատժամիջոցների պայմաններում ինքնաթիռների մեծ մասը շուրջ 20 տարի չի նորոգվել, և մարտունակության մակարդակը ցածր է: Աշխատանքներ են տարվում սեփական «Ազարախշ» ինքնաթիռի արտադրության ուղղությամբ:
Իրանական ՌՕ ուժերը կազմված են կործանիչ-հարձակողական 9, հարձակողական 7, հետախուզական 1 էսկադրիլիաներից:
Հանրապետության տարածքը բաժանված է 3 ռազմական շրջանների՝ Հյուսիսային (Բաբոլսար), Կենտրոնական (Համադան) և Հարավային (Բուշեր): Հրամանատարությունը գտնվում է Թեհրանում:
Իրանի գերագույն ղեկավարի անմիջական հրամանատարության տակ է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որի վրա են դրված արտաքին սպառնալիքի (նախահարձակման) ժամանակ իսլամական հեղափոխության ձեռքբերումների ու արժեքների պաշտպանության խնդիրները: Կորպուսի անձնակազմը հասնում է 125 հազարի: Այն կազմված է ցամաքային, ռազմաօդային, ռազմածովային և հրթիռային ստորաբաժանումներից: Արտերկրում հատուկ հանձնարարություններ է իրականացնում «Ղոդս» («Երուսաղեմ») հատուկ դիվիզիան: Կորպուսի ներսում, բացի կանոնավոր զորամիավորումներից, գործում են նաև «Բասիջ» (ժողովրդական աշխարհազորայիններ) ուժերը, որոնք հատուկ ուսուցում անցած պահեստայիններ են:
Զինված ուժերի մեջ է մտնում նաև ժանդարմերիան, որը, բացի ոստիկանական գործառույթներից, կատարում է նաև պետական սահմանի և հույժ կարևոր օբյեկտների պահպանությունը, իրականացնում է զինապարտների զորակոչի կազմակերպումը, ինչպես նաև սահմանամերձ շրջանների հետախուզությունը:
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը երկրի գերագույն հոգևոր առաջնորդն է՝ ռահբարը (ներկայումս այաթոլա Ալի Խամենեին): Ռազմական հարցերով նրան աջակցում է ռազմական խորհրդականը:
Պատրաստեց Բ. ՄՈՎՍԵՍՅԱՆԸ
Ավ. լեյտենանտ
Խորագիր՝ #04 (1124) 10.02.2016 - 16.02.2016, Տարածաշրջան