Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԵՍԻՑ ԴԵՆԻՑ



Չստես, թե չէ…

 

Վերջերս Թեքսասի համալսարանի գիտնականներն իրենց հետազոտությունների արդյունքում եկել են այն եզրակացության, որ մոտ ապագայում ստախոսների բանը բուրդ է լինելու: Ընդ որում, նրանց ստախոսությունը կբացահայտի ոչ թե սրտի, ինչպես նախկինում էր, այլ աղիների ռեակցիան:

«Սիրտն այնքան էլ հուսալի չէ, որովհետեւ նրա վրա ներգործում է ոչ միայն ուղեղը, այլեւ շատ ուրիշ գործոններ, օրինակ՝ հորմոնները,- պարզաբանում է հետազոտողների խմբի ղեկավարը: – Իսկ աղիներն իրենց սեփական ուղեղն ունեն՝ այդ բառի ամենաբուն իմաստով: Նրանում առկա է լավ զարգացած նյարդային համակարգ»: Պարզվում է, որ այդ համակարգն արձագանքում է բացառապես սուտ խոսելուն, եւ դա արդեն փորձարկվել է տասնյակ մարդկանց վրա: Մինչդեռ սրտի բաբախը մեծանում է անկախ այն բանից՝ մարդը ստու՞մ է, թե՞ ճիշտ է ասում:

 

Թանկարժեք  մասունքներ

 

Անգլիայում՝ Dominic Winter աճուրդում,  վաճառքի է հանվել անսովոր մի իր՝  Նապոլեոն Բոնապարտի ատամը: Ենթադրվում է, որ կայսեր ատամը քաշվել է այն ժամանակ, երբ նա աքսորված էր Սուրբ Հեղինե կղզի:

Պատմաբանները հաստատում են, որ վերին ծնոտի աջ կողմի այդ ատամն սկսել է նվնվալ 1816 թ.: Մի ամբողջ տարի աքսորյալ կայսրը դիմացել է ցավին, բայց հետո, այնուամենայնիվ, համաձայնել է, որ այն հանեն: Զորավարի մահվանից հետո նրա բժիշկն այդ ատամը փոխանցել է Նեապոլի արքայի համհարզ, գեներալ Մացերոնիին: Հայտնի է նաեւ, որ Բոնապարտի մասունքի վերջին տերն այն գնել է գեներալի ընտանիքի անդամներից 1856 թ.: Մասնագետների կարծիքով՝ ատամն առնվազն 14 հազար դոլար արժե:

 

Երկաթե լեդին պատրաստ էր սանձազերծել Երրորդ համաշխարհային պատերազմը

 

ԴԵՍԻՑ ԴԵՆԻՑ

Ֆոլքլենդյան կղզիների համար Մեծ Բրիտանիայի եւ Արգենտինայի հակամարտությունը կարող էր ավարտվել Բուենոս Այրեսի միջուկային ռմբակոծությամբ:Հենց դրանով էր սպառնում Մարգարեթ Թեթչերը՝ պահանջելով, որ իրեն տրամադրեն ֆրանսիական արտադրության արգենտինյան հրթիռների գաղտնագրերը: Ի դեպ, նա ի վերջո հասավ իր նպատակին:

Մահուդին, իբր, այդ մասին անձամբ Ֆրանսիայի նախագահից տեղեկացել  է 1982 թ. մայիսի 7-ին, այսինքն՝ երեք օր անց այն բանից հետո, երբ արգենտինացիները խորտակել էին բրիտանական «Շեֆֆիլդ» ականակիրը: Միտերանը 45 րոպեով ուշացել էր հոգեվերլուծողի հետ հանդիպումից եւ որպես արդարացում հայտնել, որ այդ ընթացքում հեռախոսազրույց է ունեցել բրիտանական վարչապետի հետ:  «Իմ եւ «Երկաթե լեդիի» կարծիքների միջեւ որոշակի անհամատեղություն կար: Այդ Թեթչերը ինչ անտանելի կին է»,- Մահուդիի մոտ իր զայրույթն է արտահայտել Միտերանը:

 

Գուրգուրեք երեխաներին

ԴԵՍԻՑ ԴԵՆԻՑ

Գիտնականները պարզել են, որ փաղաքշանքի եւ ուշադրության բացակայությունը խաթարում է երեխաների ուղեղի զարգացումը, որի հետեւանքով կարող են ի հայտ գալ անհանգստություն եւ հարաբերություններ կառուցելու անկարողություն:

Մասնագետները պնդում են, որ ծնողական հոգածությունը եւ սերն անհրաժեշտ են ուղեղին՝ սթրեսը կառավարող եւ սոցիալական կապեր հաստատող ուղիները ձեւավորելու համար: Հետազոտություններն անցկացվել են Ամերիկայում, որտեղ մասնագետները համեմատել են իրենց  կենսաբանական ծնողների կողմից դաստիարակված եւ որդեգրված երեխաների զարգացման մակարդակները: Եզրակացությունն այսպիսին է. ծնվելուց հետո իրենց սիրող մեծահասակների հետ շփման բացակայության դեպքում որդեգրված երեխաների մոտ ուղեղի անհրաժեշտ կառույցները երբեք լիարժեքորեն չեն զարգանում:

 

Ծխելը հարաբերականորեն վնասակար է  առողջությանը

ԴԵՍԻՑ ԴԵՆԻՑ

2005 թ. նոյեմբերի 8-ին աշխարհը տեղեկացավ Ալբերտ Էյնշտեյնի՝ մինչ օրս անհայտ մոլության մասին. պարզվում է՝ հարաբերականության տեսության աշխարհահռչակ հեղինակը մոլի ծխող է եղել: Երբ հարազատները թաքցնում էին նրա ծխախոտները, որ չծխի,  Էյնշտեյնը փողոցի մայթերից ծխախոտի կոթուկներ էր հավաքում, դրանց պարունակությունը լցնում  ծխամորճի մեջ ու հաճույքով  ծխում էր:

Մեծ գիտնականի այս մոլուցքը բացահայտել է նրա թոռը՝ Բեռնհարդ Ցեզարը: Նա պատմել է, որ իր պապն ստիպված էր նիկոտինային  աղբը մայթերից հավաքել այն բանից հետո, երբ բժիշկները նրան պարտադրել էին թողնել ծխելը: Սակայն նշանավոր գիտնականը չէր կարող իրեն զրկել  սիրելի զբաղմունքից եւ հանուն դրա պատրաստ էր ամեն ինչի: Իր գաղտնիքը նա վստահել էր միմիայն թոռանը, որն էլ երկար տարիներ հավատարմորեն թաքցրել էր այն:

 

Փնտրտուքը շարունակվում է

ԴԵՍԻՑ ԴԵՆԻՑ

Ռուսաստանյան իրավապահ մարմինները որոնում են արվեստի 55 հազար գողացված ստեղծագործություններ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտավորապես 900 միլիոն դոլար: Այդ ստեղծագործությունները մաքսանենգ ճանապարհով դուրս են բերվել երկրից եւ Խորհրդային Միության փլուզումից հետո 15 տարիների ընթացքում վաճառվել արտասահմանյան սեւ շուկաներում: Ռուսաստանի ներքին գործերի նախարարության հետաքննիչները  կազմել են արվեստի կորած նմուշների առաջին ընդարձակ ցանկը: Նրանք նաեւ Ինտերպոլին են փոխանցել առավել արժեքավոր 700 գործերի նկարագրությունը՝ հուսալով, որ արվեստի համաշխարհային շուկայում  վաճառվելու դեպքում դրանք կհայտնաբերվեն:

Այսպիսով՝ որոնվում են 3,4 հազար կտավ, 37 հազար սրբապատկեր եւ 1,5 հազար հազվագյուտ գրքեր, ինչպես նաեւ՝ ոսկերչական զարդեր, դրամներ եւ երաժշտական գործիքներ, որոնք գողացվել են թանգարաններից, եկեղեցիներից եւ մասնավոր հավաքածուներից: Կորած աշխատանքների թվում է, օրինակ, Ժան Լեոն Ժերոմի «Ջրավազան հարեմում» կտավը, որը Էրմիտաժից գողացվել է 2001 թ.: Այն մոտավորապես 900 հազար դոլար արժե:  Տասը տարի առաջ մասնավոր  հավաքածուից գողացվել է ռուսական աբստրակցիոնիստ Կազիմիր Մալեւիչի գլուխգործոցը: Իսկ Հովհաննես Այվազովսկու ՝ ավելի քան 900 հազար դոլարանոց կտավն Աստրախանի թանգարանից գողացել են 1998 թ.: Ընդ որում, հսկիչը միայն մի քանի շաբաթ անց է նկատել, որ բնօրինակը փոխարինել են կրկնօրինակով:

 

Երեք շաբաթ՝ փլատակների տակ

 

Պակիստանում հրաշք է կատարվել. երկրաշարժից քանդված շենքի փլատակների տակ ողջ մնացած մարդ է հայտնաբերվել: Նա ավերակների տակ է մնացել 22 օր:

26-ամյա գյուղացի Մոհամեդին գտել են հարազատները, որոնք հանկարծ լսել են նրա ձայնը: Ի զարմանս բժիշկների՝ ուժեղ նյարդային ցնցում տարած եւ ծայրաստիճան հյուծված Մոհամեդը աննշան վնասվածքներ է ունեցել: Առայժմ անհայտ է՝ ինչպես է նրան հաջողվել երեք շաբաթ ապրել առանց ջրի եւ սննդի, այնուհանդերձ, բժիշկների հավաստմամբ, նրա կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում: Ի դեպ, հոկտեմբերի 8-ին Պակիստանի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժը խլել էր ավելի քան 73 հազար մարդու կյանք, գրեթե նույնքան պակիստանցիներ էլ տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել:

Խորագիր՝ #04 (1124) 10.02.2016 - 16.02.2016, Հոգևոր-մշակութային


26/02/2016