Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՊԱԳԱ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԴԱՐԲՆՈՑԸ



Հարցազրույց  Ջերմուկի կրթահամալիրի տնօրեն  Արմինե Արսենյանի հետ

 

ԱՊԱԳԱ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԴԱՐԲՆՈՑԸ-Ի՞նչ է խորհրդանշում Ձեզ համար Հայոց բանակը:

-Հայոց բանակն ինձ համար ամենից առաջ կայուն պետության երաշխավորն է, խաղաղության և անվտանգության գրավականը: Որքան ուժեղ և կազմակերպված լինի մեր բանակը, այնքան անվտանգ կլինեն մեր սահմանները:

-Ինչպիսի՞ն է նախնական զինպատրաստության դրվածքը Ձեր դպրոցում:

-Մեր կրթահամալիրում ՆԶՊ առարկայի դասավանդումն ամուր հիմքերի վրա է: Ունենք մարզական և շարային հրապարակ, «Մենամարտ» էլեկտրոնային հրաձգային վարժասարք, որը, անշուշտ, շատ կարևոր է ապագա զինվորների համար, քանի որ նրանք հենց դպրոցում են սովորում տիրապետել զենքին: Ի դեպ, աղջիկները ևս ետ չեն մնում տղաներից, և, ինչպես պարապող ուսուցիչն է կատակով ասում, նրանցից շատերը պատրաստի դիպուկահարներ են: ՆԶՊ-ի դասերն անցնում են կահավորված դասասենյակներում, իսկ գործնական պարապմունքները՝ հրաձգարանում: ՆԶՊ-ի ուսուցիչը՝ Ռ. Մարգարյանը, կոչումով փոխգնդապետ է, զինվորական կրթություն ստացած և 24 տարվա զինվորական ծառայության փորձ ունեցող մասնագետ: Նա ամեն ինչ անում է իր դասավանդած առարկան աշակերտներին պատշաճ մակարդակով մատուցելու համար: Ի դեպ, հունվարի 22-ին պաշտպանության նախարարի կողմից ռազմահայրենասիրական դաստիարակության համար արժանացել է «Գարեգին Նժդեհ» մեդալի:

-Ի՞նչ մասնակցություն են ունեցել Ձեր դպրոցի սաները Արցախյան ազատամարտին:

-Արցախյան գոյամարտին մեր փոքրիկ քաղաքը ևս իր մասնակցությունն ունեցավ: 25 զոհ տվեցինք, որոնցից կեսը մեր դպրոցի շրջանավարտներն էին: Այսօր էլ մենք հպարտությամբ ենք հիշում իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհած Ռոբերտ Հարությունյանին, Արտաշես Արտաշեսյանին, Ռուբիկ Հարությունյանին, Արթուր Թադևոսյանին և մյուսներին:

Ամեն տարի Հայոց բանակի օրվա առթիվ բոլորս այցելում ենք զոհված ազատամարտիկների հուշահամալիր՝ մեր հարգանքի տուրքը մատուցելու նրանց անմար հիշատակին, ինչպես նաև անցկացնում ենք հայրենասիրական բովանդակությամբ տարբեր միջոցառումներ:

-Ձեր երկարամյա մանկավարժական գործունեությունը, Ձեր վաստակը աճող սերնդի կրթության և դաստիարակության գործում անուրանալի է…

ԱՊԱԳԱ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԴԱՐԲՆՈՑԸ-Շուրջ 30 տարի աշխատում եմ այս կրթօջախում, որից 13-ը՝ որպես տնօրեն: Երկար ճանապարհ եմ անցել մեր կոլեկտիվի հետ: Հպարտությամբ պետք է ասեմ, որ այս տարի մեր դպրոցի կարգավիճակը փոխվել է, մենք դարձել ենք հանրապետության 6 կրթահամալիրներից մեկը: Ունենք 370 աշակերտ, որոնց դասավանդում են 36 մանկավարժներ, որոնցից 7-ը ունեն տարակարգի I աստիճան: 2010թ.-ից մեզ մոտ  իրականացվում է նաեւ ներառական կրթություն: Պետք է նշեմ, որ մեր կրթօջախը դպրոց-կենտրոն է, որտեղ վերապատրաստվում են մարզի տարբեր դպրոցների ուսուցիչները: Կրթահամալիրը ամբողջովին ապահովված է նոր գույքով, ունենք էլեկտրոնային 3 գրատախտակ, համակարգչային դասարան և այլն:

Ինչ  վերաբերում է իմ վաստակին… Թող անհամեստություն չթվա, բայց պետք է ասեմ, որ երկու անգամ՝ որպես տնօրեն, արժանացել եմ ՀՀ նախագահի շնորհակալագրին, 2009թ.-ին պարգևատրվել եմ կրթության նախարարի ոսկե հուշամեդալով, 2010թ.-ին արժանացել եմ Ամենայն Հայոց կաթողիկոսի «Գիր գնահատանք» պատվոգրին:                                                                                                         Երկու անգամ ընտրվել եմ Ջերմուկ քաղաքի ավագանու անդամ:

-Պատմեք, խնդրեմ, Հայոց բանակում այժմ ծառայող Ձեր շրջանավարտների մասին:

-Այսօր հայոց բանակում ծառայում են մեր կրթահամալիրի 23 նախկին շրջանավարտներ: Նրանցից մի քանիսը արժանացել են պատվոգրերի և շնորհակալագրերի, որոնցից  են Էդգար և Արշավիր Սարգսյանները, Արման Գալուստյանը, Արամ Բարսեղյանը և այլք: Իրենց ծառայությունը պատվով են կատարում Գրիշա Թադևոսյանը, Ռուբեն Եսայանը, Միհրան Ասատրյանը և ուրիշներ: Անշուշտ, մենք հպարտանում ենք նրանցով, կարծում եմ, լավ զինվորներ ենք դաստիարակում՝ հայրենասեր, ազնիվ, պատվախնդիր:

-Ձեր մաղթանքները հայ զինվորին:

-Իբրև նախկին զինվորի մայր, իբրև հայ կին, նաև իբրև մանկավարժ՝ մաղթում եմ մեր զինվորներին կորով, գիտակցական բարձր աստիճան և իհարկե անվտանգ ծառայություն և բարի վերադարձ: Թող հայ մայրերը միայն ու միայն ուրախության արցունքներով ճանապարհեն և դիմավորեն իրենց զավակներին:

 

Հարցազրույցը վարեց Վարդգես  ԽԱՆՈՅԱՆԸ

Խորագիր՝ #04 (1124) 10.02.2016 - 16.02.2016, Բանակ և հասարակություն


26/02/2016