Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՅԱՆՔԻ ԴԱՍԵՐ



ԿՅԱՆՔԻ ԴԱՍԵՐԵրբ ուսումնասիրում էի Հայաստանում նյարդավիրաբուժության հիմնադիր, հրաշագործ բժիշկ Սուրեն Զոհրաբյանի կյանքի անցած ուղին, իսկ այնուհետեւ վայելում էի նրա դրական կենսադաշտում լինելու եւ մոտ մեկդարյա իմաստնությամբ լեցուն մարդուն լսելու հաճույքը, ինձ համակում էր  հեռավոր ժամանակներից եկող մի կարոտախտ: Մտածում էի, թե մեր այս սրընթաց ժամանակներում, երբ այսքան դժվարացել է սկզբունքային, անկախ, արդարամիտ լինելը, արժեզրկվել է մասնագիտական արժանապատվությունը, որքան ավելի կարեւոր է այն եզակիների վերաարժեւորումը, ովքեր անցել են ամենադաժան ժամանակների փորձությունով, հազարավոր անգամներ դեմառդեմ հանդիպել են մահվանը եւ այնուամենայնիվ մնացել են ՄԱՐԴ:

 

Քանի դեռ Նոր Նորքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի ճանապարհին էինք, մեծավաստակ պրոֆեսորի վարորդը` Լևոնը (որ Արցախյան պատերազմի մասնակից է), մեկը մյուսից հետաքրքիր պատմություններ էր պատմում նրա մասին. «95 տարեկան հասակում մեջը այնքան եռանդ կա, որ հիմա շատ երիտասարդների մեջ չեք գտնի: Ամեն օր ճիշտ ժամանակին հիվանդանոցում է: Դասավանդում է մանկավարժական ինստիտուտում: Հիմա էլ դեռեւս հրավերներ է ստանում արտասահմանից, շրջում աշխարհով մեկ:  Ժամանակին անգամ շահի դստերը բուժելու համար Իրան է հրավիրվել»:

Դեռ չեմ տեսել այս անսովոր մարդուն, բայց Լևոնի ձայնի մեջ զգացվող սերն ու ոգևորությունն արդեն ինձ գերել են: Նա շարունակում է.  «Վերջերս ոտքն էր կոտրել: Օր ու գիշեր մարզվեց, երկու ամսում ոտքի կանգնեց: Բա սա հրաշք չի՞ այս տարիքում: Երբեմն, որպեսզի ծանր հիվանդներին անձամբ զննի, մեքենան քշում ենք Հայաստանի տարբեր հեռավոր անկյուններ: Հենց վերջերս Արցախում ու Գյումրիում  էինք»:

Ալեզարդ բժշկի պարզությունը, համեստությունը, որ մարդու ազնվական տեսակի նշան է, միանգամից առինքնում են: Զուր չէ, որ նրա թե՛ նախնիները, թե՛ հետնորդները նշանավոր մարդիկ են, և Զոհրաբյան ազգանունն իր պատվավոր տեղն է զբաղեցնում նշանավոր բժշկական գերդաստանների շարքում:  Փորձում եմ լուսանկարել պրոֆեսոր Զոհրաբյանին: Պատուհանի շերտավարագույրները խառնվել են, հին են ու ծռմռված, արևի շողերը խանգարում են, որ պատկերը հաջող ստացվի: Իսկ բժշկի սեղանին իդեալական կարգուկանոն է: Նկատում եմ, որ առանց ակնոցի է գրում և կարդում… Ի՜նչ հոգատարությամբ է ընդունում, զննում, ճանապարհում հիվանդներին: Խոսում է իմաստունի խաղաղությամբ. «Ասեմ, որ, իսկապես, ծանր, բարդ, բայց շատ պատվավոր մասնագիտություն է իմը: Պատահական չէ, որ այս բառերն եմ օգտագործում: Նյարդավիրաբույժը միաժամանակ պետք է և՛ նյարդաֆիզիոլոգ լինի, պիտի իմանա մարդու մարմնակազմությունն իր բոլոր բջիջներով,  մի շարք այլ նյարդաբանական գիտությունների տիրապետի, նաև՝ հոգեբանության: Սա է պատճառը, որ քչերն են ընտրում այս մասնագիտությունը: Հատկապես ուղեղի հիվանդության դեպքում չի կարելի անգամ ամենաչնչին անճշտություն թույլ տալ: Այս անչափ բարդ և նուրբ օրգանի մասին մենք դեռ ամբողջական  գաղափար չունենք»:

Մեծացել է մտավորականների ընտանիքում: Սովորել է այժմ Նիկոլ Աղբալյանի անունը կրող դպրոցում, ժամանակի հայտնի մտավորականների ու արվեստագետների զավակների հետ: Կարելի է պատկերացնել այն ոգեշունչ մթնոլորտը, որի մեջ ձևավորվել է նրա մարդկային զարմանալի տեսակը: Երևանի բժշկական ինստիտուտում սովորելիս նրա դասախոսը՝  Իվան Ռոդիոնովիչ Բախրամեևը, նրան ընդգրկել էր գիտական աշխատանքի մեջ և  ասել. «Երբ գնամ Ռուսաստան, դո՛ւ ես այստեղ ինձ փոխարինելու»: 1940-1941 թվականներն էին: Երբ պատերազմն սկսվեց, նա չորրորդ կուրսում էր: Համակուրսեցիներով գրիչները դրեցին դիահերձարանի լսարանի սեղաններին և ուխտեցին, որ կգնան, կհաղթեն, կվերադառնան ու գրիչները նորից ձեռքները կառնեն: Ամբողջ խմբով կամավոր ներկայացան զինկոմիսարիատ. 1-ին, 2-րդ, 3-րդ կուրսեցիներին ընդունեցին, իսկ իրենց ասացին. «Պատերազմը դեռ կշարունակվի, մեզ լավ բժիշկներ հարկավոր կլինեն, շարունակե՛ք, ավարտե՛ք ուսումը»: Եվ, իսկապես էլ, շատ շուտով իրենց կարիքն արդեն զգացվեց… Ժամանակից շուտ բժշկական դիպլոմ ստացան:

Բանակային առաջին ամիսներին՝ մինչև բուժծառայության կապիտանի կոչում ստանալը, որպես գնդացրորդ էր ծառայում: Իսկ հետո արդեն տեղափոխվեց ռազմադաշտային շարժական հոսպիտալ: Մի օր մի տեղում էին, հաջորդ օրը վրանները հավաքում, տեղափոխվում էին այնտեղ, որտեղ վիրավորներն ավելի շատ էին: Երկու տարի անց նշանակվեց ավելի բարձր պաշտոնի. ստացիոնար հոսպիտալում՝ արդեն որպես նեյրովիրաբույժ: Հետագայում պարզվեց, որ ավելի քան 2700 վիրահատություն է կատարել:

-Որպես նյարդավիրաբույժ, Դուք ինքներդ ինչո՞վ եք բացատրում, որ այդքան ծանր ու դաժան պայմաններին մարդ կարող է դիմանալ և պահպանել աշխատունակությունը:  Գուցե դա՞ է Ձեզ օգնել, որ այսքան ամուր և  տոկուն լինեք: Հին ոսկո՞ր եք:

«Ինձ աշխատել է պետք. չեմ կարող երկար ժամանակ պառկած կամ նստած մնալ»:

Պատերազմը նրան և նրա գործընկերներին դարձրել էր առաջնակարգ գործնական մասնագետներ, բայց գիտեր, որ կարիք ունի զարգացնելու իր տեսական գիտելիքները: Մոսկվայում պաշտպանեց թեկնածուական թեզը, վերադարձավ Հայաստան: 1946թ.-ին Երևանում հիմնադրեց բժշկական նեյրովիրաբուժական բաժանմունքը: Պատերազմից հետո տիրող սարսափելի իրավիճակի մասին հիմա հուշեր է գրում պրոֆեսորը: Կազմավորվեց վերականգնողական վիրաբուժության ինստիտուտը, որի նյարդավիրաբուժական բաժինը վստահվեց արդեն մեծ փորձ ունեցող բժշկին, երբ պատերազմական տարիների 8 ընկերներին կորցնելուց, անմարդկային տանջանքներ կրելուց հետո ինքն էլ հոգեբանորեն վերականգնվելու կարիք ուներ:  Այնուհետև նորից Մոսկվա: Հանդիպում ակադեմիկոս Բուրդենկոյի հետ, որի անունով է կոչվում այժմ Մոսկվայի նեյրովիրաբուժության ինստիտուտը: Ներկայիս «Հետդիպլոմային պատրաստության ակադեմիայում» ֆակուլտետի դեկանն էր, որտեղ էլ պաշտպանեց դոկտորական թեզը և ստացավ պրոֆեսորի կոչում: 1950 թվին Մոսկվայում հրապարակվեց նրա «Կաուզալգիա» աշխատությունը:

-«Կաուզալգիան» շատ բարդ ուղեղային գործընթաց է,-ասում է պրոֆեսորը,- Վիրավորի վերջույթը կարծես թե նորմալ աշխատում է, բայց նա սարսափելի տանջող ցավեր է զգում, իրեն թվում է, թե վերջույթն այրվում է, անընդհատ սառը թրջոցներ է դնում, բայց սա թեթևություն չի բերում: Հայրենական պատերազմի ընթացքում շատ հանդիպող այս երևույթը մինչև այժմ ինձ հանգիստ չի տալիս:

Ես մանրամասն ուսումնասիրել եմ և եկել եմ այն եզրակացության, որ կաուզալգիայի ամենածանր դեպքերը առաջ էին գալիս, երբ մենք նահանջում էինք, պարտություն կրում, եւ երբ հաղթանակած էինք վերադառնում, այդ երեւույթը գրեթե չէր հանդիպում: Փառք Աստծու, Արցախյան պատերազմից հետո նման դեպքեր չեն գրանցվել, մի բան, որ հաստատում է իմ ենթադրությունը: Ենթադրում եմ, որ ադրբեջանական բանակում կաուզալգիայի դեպքերը շատ են:

Արցախյան պատերազմի տարիներին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի ստացիոնարում 50 մահճակալ նախատեսված էր վիրավորների համար: Հարկ եղած դեպքում պրոֆեսորը անհապաղ մեկնում էր Արցախ: Նրա օգնական Կարոյին ուղղաթիռով թռչելիս խփեցին:

Պրոֆեսորի կարիքը բազում անգամ զգացվել է աշխարհի տարբեր ծայրերում: Այսպես երկու տարով հայտնվեց Իրաքում, այնտեղ հիմնեց նյարդավիրաբուժական կլինիկա՝ միաժամանակ դասավանդում էր Բաղդադի բժշկական ինստիտուտում, վիրահատություններ անում: 1960-ականներին գործուղվեց Նյու Յորքի համալսարան, այնուհետև` Անգլիա: Հյուսիսային Ռոդեզիայի (Զամբիա) համալսարանում, որտեղ միայն երգի ու պարի բաժին կար, պրոֆեսորը ստեղծեց բժշկական ֆակուլտետ: Երեսուն տարի անց հրավիրվեց այդ ֆակուլտետի հիմնադրման հոբելյանական տոնակատարությանը: 

Իրանի շահի աղջկան  վիրահատելու մասին համեստորեն շատ քիչ բան ասաց. «Դե, հրավիրեցին, ես էլ գնացի: Իհարկե բոլոր գործողությունները անվարձահատույց եմ արել: Այն ժամանակ բժշկությունը ձրի էր: Ներկայումս ինձ համար ամենադաժանն ու անընդունելին վճարովի բժշկությունն է:

Պրոֆեսոր Զոհրաբյանից բաժանվում եմ ամրացած ոգով և բարությամբ լցված սրտով:  Ահա թե որն է նրա երկարակեցության գաղտնիքը: Նվիրյալի իմաստավորված և հագեցած կյանքը, սեփական գործի և կոչման հանդեպ պատվախնդրության մեծ զգացումը և ի վերջո սիրված և գնահատված լինելու երջանկությունը: Եվ վերջում նրա ուղերձը մեր այսօրվա զինվորին. «Սիրելի՛ տղաներ, իմ բալիկներ, ցանկանում եմ, որ թշնամու ոչ մի կրակոց ձեզ չվնասի, որ հպարտությամբ ծառայեք և առողջ, պնդացած տուն վերադառնաք»:

 

Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

մայոր

Խորագիր՝ #04 (1124) 10.02.2016 - 16.02.2016, Ճակատագրեր


26/02/2016